ԿարևորՀասարակություն

2022-ին ջուրը կթանկանա, իսկ գազի թանկացումը կախված է հայ–ռուսական բանակցություններից

Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշելու է ջրի սակագնի փոփոխության հարցը: Թանկացման հայտի հիման վրա նախնական հաշվարկներն արդեն արված են, և մոտավորապես հայտնի է, թե ինչ փոփոխություն է տեղի ունենալու: «Վեոլիա» ընկերությունը շուրջ 43 դրամով թանկացման հայտ է ներկայացրել՝ գործող սակագինը 180 դրամ է։

Հաշվարկվել է նաև, թե որ պարագայում չի թանկանա գազի սակագինը։ Դա, սակայն, մեծապես կախված է հայ-ռուսական բանակցություններից:  

Հաջորդ տարվա հունվարի 1-ից ջրի սակագինը ամենայն հավանականությամբ կբարձրանա, բայց գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագների հայտ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ չի ստացել: Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հստակեցնում է. հունվարին և փետրվարին են սովորաբար վերանայվում այս ոլորտների սակագները:

«Էլեկտրաէներգիայի սակագները փետրվարի 1-ով են, գազը վերջին անգամ փոխվել է հուլիսին և կախված է նրանից, թե սահմանին ինչ գազի գին կձևավորվի։ Եթե, օրինակ,  բանակցությունների արդյունքում ունենանք նույն գինը, ինչ այսօր, կարծում եմ, որ գազի սակագնի փոփոխություն առնվազն չենք ունենա»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայացմամբ՝ բանակցություններում գազի գինը չի բարձրանա, եթե 5-րդ էներգաբլոկի խնդիրը լուծվի: 2019-ից ծանր և բազմաբաղադրիչ բանակցություններում կոնսենսուս կա, մնում է էներգաբլոկի հետ կապված լուծումները գտնեն:

«Մենք ի՞նչ խնդիր ունենք գլոբալ իմաստով «Գազպրոմ»–ի խմբի հետ կապված: Ժամանակին՝ 2013 թվականի համաձայնագրի հիման վրա, կառուցվել է 5-րդ էնեգաբլոկը, որը էլեկտրաէներգիա արտադրող ջերմակայան է: Կայանը, ցավոք սրտի, հիմա չի աշխատում: Միևնույն ժամանակ, բոլոր ներդրումները, որոնք իրականացնում է «Գազպրոմ»–ը, նույն համաձայնագրի ուժով պետք է ունենան շուրջ 9% տարեկան եկամտաբերություն»: 

Ռուսական ներդրումները կատարվել են, բայց այդ ներդրումն այսօր չի գեներացնում այն եկամուտը, որը նախատեսված է 2013-ի պայմանագրով: Հենց այս հարցն է մնացել օրակարգում և շարունակվում է քննարկվել, –պարզաբանում է փոխվարչապետը:

«Եթե հաջողվի այդ հարցին լուծում գտնել, ապա գազի գնի հետ կապված, թե՛ սահմանին, թե՛ սակագնով, կունենանք շատ կայուն իրավիճակ: Չնայած, գիտեք, որ աշխարհում գինը այսօր առնվազն 940 դոլարի է հասել՝ մեր 165-ի պարագայում: Բայց նույնիսկ այդ դեպքում այդ մասով առանձին խնդիրներ, ըստ էության, չեն առաջանալու»:

Հայաստանյան էներգահամակարգը որոշակի խնդիրներ ունեցավ ամռանը, երբ հաճախակիացել էին էլեկտրաէներգիայի վթարային անջատումները: Որոշ դեպքերում դա կապվում էր հետպատերազմական վիճակի հետ, բայց Գարեգին Բաղրամյանը պարզաբանում է. 

«Հետպատերազմյան վիճակը բերել է նրան, որ Արցախից ներկրվող էժան էլեկտրաէներգիայի պակաս ունենք՝ մոտ 300 միլիոն: Բայց դա որևէ ձևով ռեժիմների վրա չի ազդել, այսինքն՝ անջատումների հետ կապ չունի: Ատոմակայանի երկարատև կանգառը և Հրազդան-5 կայանը համակարգում չունենալն է ավելի շատ ազդել: Ամառվա ամիսներին, այդ շոգ ժամանակ, երբ օդորակիչները միացնում են, բավականին մեծ բեռ է լինում, և այդ բեռը փակվում էր այս կամ հաջորդ տարի՝ փակման ենթակա Հրազդանի հին ՋԷԿ-ի միջոցով: Ընդ որում, ջերմակայանները ամառվա ամիսներին շատ ավելի դժվար են հզորություն վերցնում՝ կախված շոգից, և ընդամենը դրա հետ են կապված եղել խնդիրները, պահանջվող հզորությունները պարբերաբար ամբողջությամբ չեն ապահովվել»:

Սա եղանակով պայմանավորված բացատրությունն է: Այն, ինչին ձգտում է գործադիրը, որպեսզի խուսափի էլեկտրաէներգիայի պարբերական անջատումներից և տատանումներից, հետևյալն է.

«Երբ կոմպլեքս քննարկումը՝ գազի գնի և Հրազդանի քննարկումը, դրական ավարտ ունենա և Հրազդան-5-ն էլ ունենանք էներգահամակարգում, միանշանակ այդ խնդիրները լուծվելու են։ Ընդ որում՝ նոյեմբերի վերջին, դեկտեմբերին արդեն կունենանք Երևանում ամբողջությամբ նոր կառուցված ջերմակայան։ Դա իտալական մի ընկերություն է կառուցում, և այլևս նման խնդիրներ չենք ունենա»:

Սակագների փոփոխության առումով գրեթե հստակ է, որ հունվարի 1-ից կփոխվի ջրի սակագինը: Հանձնաժողովը ստացել է այն  43 դրամով բարձրացնելու հայտ՝ գործող 180-ի համեմատ: Հանձնաժողովի մասնագետների նախնական հաշվարկներով՝ փոփոխության արդյունքում բոլոր սպառողների համար, բացի սոցիալապես անապահովներից, ջրի սակագինը կարող է լինել 200 դրամ։ Բաղրամյանը հիշեցնում է, որ 2016 թվականի մրցույթով հաղթած բազիսային գինը 2022 թվականի համար 214 դրամ էր։ Որպեսզի ամեն տարի նոր թանկացումներ չլինեն, Ջրային պետական կոմիտեն և «Վեոլիա» ընկերությունը քննարկում են երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու հնարավորությունը․

«Այսինքն, վարձակալության պայմանագրում այնպիսի փոփոխություններ անենք, որ, 10 տարի է մնացել վարձակալությանը, հենց ամբողջ այդ ժամանակահատվածի համար ունենանք կայուն գնային քաղաքականություն: Դա ենթադրում է սակագնի որոշակի բարձրացում, որը, սակայն, կմնա կայուն 10 տարվա ընթացքում»:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը նորմալ է համարում ջրի սակագնի թանկացումը այն պարագայում, երբ նույն համակարգում ջրի կորուստները հասնում են 80 տոկոսի: Հիմնավորում է, որ սպառողը վճարում է ոչ թե կորուստների, այլ մատուցված ծառայության համար: Նշում է, որ կորուստներն 80 տոկոսից մի քիչ նվազել են, բայց զգալի թիվ չէ: Կորուստները պայմանավորում է 2 հիմնական գործոնով՝ Հայաստանում շարունակում են ջուր գողանալ և հին հաշվիչներով սխալ հաշվարկ անել։

Back to top button