ԿարևորՀասարակություն

2 տարի ժամկետով կտրամադրվեն միայն հին նմուշի անձնագրերը

Մի քանի օր է անձնագրերի տրամադրման կարգում նախատեսվող փոփոխությունները հանրային թեժ քննարկումների առանցքում են։ Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում անձնագրի վավերականության ժամկետի, ծննդավայրը նշելու, արական սեռի քաղաքացիների անձնագիր տրամադրելու ժամկետների հարցում։ Փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել  Կառավարության հոկտեմբերի 14-ի նիստի ընթացքում։ Դրանից 5 օր անց Ոստիկանությունը որոշել է պարզաբանել  բազմաթիվ հարցեր ու հակասական մեկնաբանություններ առաջացրած փոփոխությունները։

Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Հովհաննես Քոչարյանն ասում է՝ այս փոփոխությունները նախատեսվել են վաղուց․ վստահ է՝ քննադատության հիմնական պատճառը մեկնաբանությունների պակասն ու պարզաբանումների ուշացումն է։

«Պարզաբանում չի տրվել, մարդիկ էլ ստիպված զանգում են, օրինակ, իրավաբանների, անձնագրային վարչություններում աշխատող ծանոթներին, շուտով կդիմեն նաև գուշակներին։ Պարզաբանումը պետք է այնպես տրվի, որ վերջ դրվի այս հարցի շուրջ քննարկումներին»,- ասում է Հովհաննես Քոչարյանը։

Գործող կարգավորումների համաձայն՝ ՀՀ քաղաքացիներին տրամադրվող անձնագրերի վավերականության ժամկետը 10 տարի է։ Նախատեսված փոփոխությամբ ժամկետը 5 անգամ կրճատվում է՝ սահմանվելով 2 տարի։ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետ Իրինա Մկրտչյանը շեշտում է՝ խոսքը միայն հին նմուշի անձնագրերի մասին է։ Կենսաչափական անձնագրերին նոր պահանջը չի վերաբերելու, դրանք, ինչպես նախկինում, շարունակելու են տրամադրվել10 տարի ժամկետով։

Ոստիականությունը հիշեցնում է՝ նոր տիպի կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համակարգը  ներդրվել է 2012–ին։ Նախատեսվում էր որոշակի ժամանակահատվածում ամբողջությամբ անցում կատարել նոր տիպի փաստաթղթերին։ Սակայն գործընթացը դանդաղեց ու կասեցվեց՝ կենսաչափական անձնագրերի մատակարար լեհական «Պիվի–պիվի» ընկերության հետ պայմանագրի ժամկետի ավարտով պայմանավորված։ Արդյունքնում 2017թ վերսկսվեց քաղաքացիներին հին նմուշի անձնագրեր տրամադրելու գործընթացը։ Ոստիկանությունում շեշտում են՝ հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետի կրճատումը միայն գործընթացն արագացնելու և ամբողջությամբ նոր նմուշի անձնագրերի անցնելուն է ուղղված։

«Ներկայումս ՀՀ կառավարության համակարգմամբ ընթանում են ակտիվ աշխատանքներ նոր կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի նոր համակարգի ներդրման ուղղությամբ։ Այդպիսով կապահովվի ՀՀ կողմից տրամադրվող անձը հաստատող փաստաթղթերի միջազգային ստանդարտներին համապատասխանեցումը։ Ավելին արդեն իսկ նշված ուղղությամբ իրականացվում են աշխատըանքներ և ՀՀ ոստիկանության պետի 2021թ հոկտեմբերի 25-ի հրամանով հայտարարվել է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտեր դիզայնի մրցույթ և ստեղծվել է համապատասխան հանձնաժողով»,– ասում է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետը։

Ոստիկանության այս պարզաբանումն անձնագրային և վիզաների վարչության նախկին պետն անբավարար է համարում։  Հովհաննես Քոչարյանը կարծում է, որ  այս փոփոխությունը  լրացուցիչ խոչընդոտներ, քաշքշուկ ու դժվարություններ առաջացնող, բայց որևէ հարց չլուծող փոփոխոթյուն է։

«Մտահոգող է այն իմաստով, որ օրինակ օտարերկրյա պետություններում ապրող բայց երկքաղաքացիություն ունեցող քաղաքացիները ավելի հաճախ են դիմելու անձնագրի ժամկետը երկարացնելու համար, հետևաբար մարդկանց նաև ֆինանսական բեռն է շատանալու, տարբեր երկրների ոչ բոլոր քաղաքներում կան հյուպատոսարաններ՝ քաշքշուքն է շատանում։ Կամ հին նմուշի անձնագրերը պետք է ընդհանրապես շրջանառությունից հանվեն և այդ 10 տարվա մեջ մարդը մի անգամ բիոմետրիկ անձնագիր ստանա։ Այդ դեպքում կարելի է 25000 դրամը ողջամիտ ծախս համարել, բայց երբ առանց շրջանառությունից հանելու պարզապես սահմանափակվում է ժամկետը դա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է»,– ասում է անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Հովհաննես Քոչարյանը։

Ոստիկանության մյուս փոփոխության համաձայն՝ հին նմուշի անձնագրերը շրջանառությունից կհանվեն միայն 2022թ դեկտեմբերի 31-ին այժմ գործող 2021–ի դեկտեմբերի 31-ի փոխարեն։ Ոստիկանությունից պարզաբանում են՝ եթե քաղաքացին ունի հին նմուշի անձնագիր որը դեռ, օրինակ 8-10 տարի վավեր է, փոփոխություններից հետո կարող է հանգիստ շարունակել օգտագործել իր անձնագիրը մինչև վավերականության սահմանված ժամկետի ավարտը։

«Սակայն եթե այդ ժամկետում քաղաքացին կորցնի իր անձնագիրը կամ դիմի փոխանակման համար, տվյալ դեպքում արդեն կտրամադրվի 2 տարի ժամկետով»,– հայտնում են Ոստիկանությունից։

Փոփոխություններն դրական են, խնդիրը դրանց իրականացումն է , նաև հասարակության հետ կապի և պարզաբանումների բացակայությունը՝ ասում է անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Հովհաննես Քոչարյանը, շեշտում է՝ նույնը եղավ նաև անձնագրում ծննդավայր երկրի փոխարեն քաղաքացու ցանկությամբ քաղաքը կամ գյուղը նշելու փոփոխության դեպքում։ Քոչարյանն այս փոփոխությունը ամենահիմնավորվածն է համարում, դեմ է շահարկումներին, թե դրանց հիմքում քողարկված նպատկներ կան։

Back to top button