ԿարևորՄշակույթ

Հայկական ժառանգությունը կեղծելու նոր վարկած ադրբեջանցիներից․ Թալիշի «Ամենափրկիչը»՝ «ուղղափառ» հոգևոր կոթող

Ադրբեջանը հերթական փորձն է անում ջնջելու հայկական մշակութային հետքը․ Թալիշի «Ամենափրկիչ» եկեղեցին Ալիևը ներկայացրել է որպես ռուս ուղղափառ։ Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը» առնվազն տգիտություն է որակել այդ հայտարարությունը՝ արձանագրելով, որ Թալիշում երբևէ ռուսական եկեղեցի չի եղել: «Ամենափրկիչ» եկեղեցին հայկական է, այն թվագրվում է 19-րդ դարին։ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանի այս մանիպուլյացիաները  անվտանգության զգացողությունը թուլացնելու, խուճապ առաջացնելու նպատակ ունեն, իսկ աշխարհին Ադրբեջանը փորձում է համոզել, թե հայերն այստեղ բնիկ չեն։

«Մոսկվայում  Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպմանը  Վեհափառը  շատ բարձր մակարդակով է բարձրացրել այս խնդիրը, որ հայկականը վերագրում են ուդիականի և այլնի, որ առհասարակ անհարմար է հայկականը վերագրել այլ երկրի։ Որևէ ապացույց չկա, ուղղակի այն տարածքները, որոնք նրանց վերահսկողության տակ են, օրինակ` հենց Թալիշը, ինչպես կարողանում են այդպես էլ ներկայացնում  են, էլ չենք ասում այն բնաջնջումների մասին, որ իրականացնում են»,-նշում է Արցախի թեմի առաջնորդը։

ԻԿՕՄՈՍ-ի  Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանը նույնպես Ադրբեջանի այս քայլերը  մանիպուլյացիոն է որակում։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանը հատուկ է հայկական եկեղեցիները փորձում հենց ռուս ուղղափառ ներկայացնել և դա անում է հոգևոր դաշտում «կեղծ բանավեճեր» հրահրելու համար․

«Ուղղափառ եկեղեցիները բոլորովին տարբեր են, նրանց բեմի հատվածը բոլորովին տարբեր է հայկականից։ Ռուսական եկեղեցիները բեմի վրա իկոնոստասներ են ունենում, իսկ այդ եկեղեցին երբեք չի ունեցել իկոնոստաս»,-ասում է Գագիկ Գյուրջյանը։

Գյուրջյանի խոսքով՝  որքան էլ Ադրբեջանի նպատակը լինի ներկայացնել միջազգային հանրությանը, թե այստեղ բնիկ հայեր չեն ապրել և չունեն իրենց մշակութային ժառանգությունը, այնուամենայնիվ ծիծաղելի իրավիճակում են հայտնվելու, որովհետև ակնհայտ տարբերությունների պարագայում այդքան էլ հեշտ չէ համոզել, որ հայկական եկեղեցին ռուսական է, աղվանական կամ ուդիական։ Հայ տեսաբաններն ու պատմաբաններն էլ այս պահին լուրջ անելիք ունեն՝ ասում է  ԻԿՕՄՈՍ-ի  Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանը․

«Ի վերջո, կա մեր մշակութային հուշարձանների պատմությունը, և այդ հիմքերը մեր մասնագետները կարող են բարձրացնել․ Ադրբեջանն ինչ ասես հայտարարում  է՝ առանց հիմքերի։ Մեր տեսաբանները, առհասարակ, մասնագիտական շրջանակները պետք է շատ խոսեն, շատ հակադարձեն ամեն մի անհեթեթությանը»,-ասում է Գագիկ Գյուրջյանը։

Գրավյալ տարածքներում իրականացվող վանդալիզմին արձագանքում են նաև ռուս մասնագետները։ Երեկ Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի ճեմասրահում բացված «Մենք կվերադառնանք» վերտառությամբ ցուցահանդեսում ներկայացվել են բացառիկ ցուցանմուշներ, որոնք պատմում են 44-օրյա պատերազմի ընթացքում հակառակորդի կողմից գրավված տարածքներում զանգվածաբար ոչնչացվող հոգեւոր եւ պատմամշակութային հուշարձանների մասին։ Ցուցահանդեսին ներկա է եղել նաև ռուս հայտնի ճարտարապետ Նիկիտա Շանգինը, որն Արցախում է ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով։ Այն, ինչ կատարվում է,  մշակութային ցեղասպանություն է՝ նշել է Շանգինը  և նկատել, որ  ձեռագիրը անցյալ դարասկզբին օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի դեմ իրագործված ոճրագործություններն է հիշեցնում ։ Ճարտարապետն արձանագրել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մշակութային կոթողները վտանգված են ու գազանաբար ոչնչացվում են:

Որպես օրինակ՝ նշել է բերդաքաղաք Շուշիում եկեղեցիների եւ պատմամշակութային մյուս հուշարձանների ավերման ու պղծման փաստերը, իսկ Հադրութի կենտրոնում Ադրբեջանի նախագահի գլխավորությամբ մզկիթ հիմնելու արարողությունը ռուս ճարտարապետը «ցինիզմի կատարյալ դրսեւորում է»  համարել:

Back to top button