ԿարևորՀասարակություն

Հակասահամանդրական ճանաչված օրենքը խանգարում է բարեփոխումներին․ ԵՊՀ ռեկտորի ժ/պ

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը ամփոփել է պաշտոնավարման առաջին եռամսյակը։ Նրա դիտարկմամբ՝ փոփոխությունների ու զարգացման ճանապարհի կարևոր գործիքը «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» նոր օրենքի նախագիծն էր, որը, սակայն, ամիսներ առաջ հակասահմանադրական ճանաչվեց։

Համալսարան պետք է հեշտ ընդունվել, բայց դժվար սովորել ու ավարտել․ այսպիսին պետք է լինեն լավ կրթությունն ու լավ համալսարանը՝ ըստ ԵՊՀ ռեկտորի ժ/պ Հովհաննես Հովհաննիսյանի։ Մայր բուհն այս պահին դրանից դեռ հեռու է։ Որպես պատճառ՝ Հովհաննես Հովհաննիսյանը նշում է՝ բուհերը կախված են ուսանողի վարձավճարից․

«Այս պարագայում շատ դժվար է համալսարանից վատ սովորող ուսանողներին դուրս թողնելը, չնայած ես բազմիցս ասել եմ, որ իմ մոտեցումն այս հարցում այլ է։ Պետք չէ այդ տրամաբանությամբ առաջ գնալ, որովհետև մեկ չսովորող ուսանողը կարող է ազդել 10 լավ սովորող ուսանողի վրա, և այդ դեպքում մենք ավելի շատ վնասներ ենք կրում, եթե այդ ուսանողին ամեն գնով պահում ենք»։

Բուհական բարեփոխումենրի ճանապարհին, ըստ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի, շատ կարևոր գործիք էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որի որոշ դրույթներ օգոստոսի 2-ին Սահմանադրական դատարանը հակասարհամադրական ճանաչեց։ Վիճարկելի դրույթները վերաբերում էին  բուհերի կառավարման խորհուրդների կազմավորման կարգին։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, անդրադառնալով օրենքի նախագծին, շեշտել էր, որ հակասահմանադրական ճանաչված դրույթը նախարարության համար սկզբունքային չէ, պատրաստ են դա վերախմբագրել և նոր տարբերակը ներկայացնել խորհրդարան։

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը հույս ունի, որ նոր օրենքն ի վերջո կընդունվի, ասում է՝ գործող օրենսդրությամբ բուհին վերապահվող լիազորությունները սահմանափակ են․

«Այսօր, երբ համալսարանում ցանկանում ենք նոր կրթական ծրագիր բացել, գործող օրենքն ասում է, որ այդ ծրագիրն անպայման նախարարությունը պետք է հաստատի։ Նոր օրենքն ասում է, որ դա կարող է անել բուհը։ Նախկինում նախարարության դաշտում գտնվող բազմաթիվ լիազորություններ նոր օրենքով տեղափոխվում են բուհերի դաշտ, բուհերը դառնում են ավելի ճկուն, ավելի արագ են արձագանքում շուկայի պահանջներին»։

ԵՊՀ առաջնային խնդիրներից մեկը այսօր, ըստ Հովհաննես Հովհաննիսյանի, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելն է։ Մեղադրանքներին, թե բուհը տալիս է միայն տեսական գիտելիքներ, այնինչ գործատուները պրակտիկ հմտություններ են պահանջում, ռեկտորի պաշտոնակատարն արձագանքում է․

«Այս բացը մենք հիմա փորձում ենք լրացնել բիզնեսի հետ համագործակցությամբ․ հիմա ունենք ծրագիր, որով բիզնեսին առաջարկում ենք հետևյալ մոդելը՝ համատեղ մշակել կրթական ծրագիր, բիզնեսից պրակտիկ և գործնական գիտելիքներ ունեցող մարդկանց ներգրավել դասավանդման պրոցեսում և այդ ծրագրի շրջանավարտներին ու սովորողներին որոշակի ժամկետով ուղարկել այդ ոլորտում կրթությունը շարունակելու ու ամփոփելու»։

Բուհի հետ ակտիվորեն համագործակցում են հատկապես IT ընկերությունները։ Այստեղ է մտահոգում է այն, որ պրակտիկ դաշտում հաջողությունները լավ մասնագետներին դուրս են մղում գիտությունից։ Ռեկտորի պաշտոնակատարը արձանագրում է՝ ԵՊՀ–ն կադրային խնդիրներ ունի։ Բուհը, գիտությունն ու մանկավարժությունը գրավիչ չեն, որովհետև աշխատավարձերը ցածր են․

«Մեր ռազմավարական ծրագրով նախատեսված է ամեն տարի աշխատավարձի 10% բարձրացում, 5 տարվա մեջ մինչև 50%–ի բարձրացում, սա կախված է նախորդ տարի վարձավճարների որոշակի փոփոխություններից»,- ասում է Հովհաննես Հովհաննիսյանը։

Մայր բուհը 44-օրյա պատերազմում 68 զոհ է ունեցել ու այսօր դեռ դիմավորում է պատերազմի մասնակից նախկին զինծառայողներին։ Ռեկտորի պաշտոնակատարն ասում է՝ յուրաքանչյուր ֆակուլտետում նախատեսված է մեկական աշխատակից, որը, անհրաժեշտության դեպքում, պետք է օգնի վիրավորում ստացած կամ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուսանողին։

Back to top button