ԿարևորՔաղաքական

Անհայտ օրակարգի հայտնի կետերը․ ի՞նչ են Մոսկվայում քննարկելու փոխվարչապետերը

Ապաշրջափակում՝ ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակում, սահմանազատում՝ երկու երկրների կողմից ստորագրված և փոխընդունելի փաստաթղթերի հիման վրա։  Առանցքային հարցադրումն այն է, թե արդյոք գոյություն ունեն փաստաթղթեր, որոնց տակ Հայաստանի և Ադրբեջանի ստորագրություններն են։

Քարտեզագիր Շահեն Շահինյան․ «Սահմանների վերաբերյալ նման փաստաթղթեր առկա չեն, առկա է 1994թ-ի զինադադարի պայմանագիրը, դրանից հետո՝ մինչև 2020թ-ի նոյեմբեր, նման փաստաթղթեր չեն եղել։ Այսինքն՝ սահմանների վերաբերյալ երկկողմ, եռակողմ  կամ այլ երկրի միջնորդությամբ կնքված պայմանագրեր առկա չեն։ Դա պայմանավորված է դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ»։

Ինչ վերաբերում է խորհրդային քարտեզներին, ապա դրանցում էլ , ըստ զրուցակցիս,  ժամանակագրական տարբեր խնդիրներ կան․ կան խորհրդային տարբեր քարտեզներ՝ տարբեր տարիների և տարբեր սահմաններով։

Սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին վերաբերյալ Հայաստանի փոխվարչապետը հայտարարել էր, որ ուսումնասիրվում է սահմաններին վերաբերող իրավական ամբողջ բազան, որտեղ, ըստ Մհեր Գրիգորյանի,   կա երկու երկրների համաձայնությունը, ստորագրությունը կամ ինչ-որ փաստաթղթի միանալու իրողությունը։

«Մենք հիմա աշխատում ենք, հետազոտում ենք, հավաքագրում և վերլուծելուց հետո միայն հնարավոր կլինի խոսել քարտեզների մասին, որոնց հիման վրա ինչ-որ գործընթացներ կարող ենք իրականացնել»։

Շահինյանի խոսքով՝ այս պահին քննարկվում է ոչ միայն այն , թե որ թվականի քարտեզներով են աշխատանքներն իրականացվելու, այլև այն, թե ընդհանրապես որ քարտեզներն են իրավազոր։ Զրուցակիցս նկատում  է՝ Խորհրդային Հայաստանն ու Խորհրդային Ադրբեջանը անկախ կարգավիճակ չեն ունեցել։

Աշխատանքային գործընթացի մանրամասներն, ըստ քաղաքագետ Հակոբ Բադալյանի, հասկանալիորեն հանրայանացված չեն, ուստի դժվար է գնահատել գործընթացի արդյունավետությունը։

Միևնույն ժամանակ հրապարակային հայտարարություններն, ըստ քաղաքագետի, ընդհանուր հայտարարի գալու բարդության մասին են վկայում։ Ադրբեջանը պնդում է  հաղորդակցության բոլոր ուղիները  բացելու անհրաժեշտությունը ՝ նկատի ունենալով միջանցքային մոտեցումը, իսկ Հայաստանը հայտարարում է՝ միջանցքի հարց չի քննարկվելու։

«Հանձնաժողովի մակարդակում փոխվարչապետները, ոլորտային մասնագետները, մասնագիտական հարցեր առումով կարող են որևէ հայտարարի գալ, բայց քաղաքական օրակարգերի և քաղաքական խնդիրների տարբերությւնը թույլ չտա, որ այդ ամենը անցնի քաղաքական իրացվելիության փուլ»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝  ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումները հիշատակելով՝ Երևանը ակնարկում է, որ Ադրբեջանի միջանցքային տրամաբանությունը չի կարող գործել։ Ադրբեջանը ակնկալում է Հայաստանի տարածքով Նախիջևան-Ադրբեջան կապ, որի հանդեպ որոշակի իրավունքներ կունենա։ Այսինքն՝ այդ ուղին Հայաստանի տարածքով կանցնի  աշխարհագրորեն ,  մինչդեռ  դե յուրե կգտնվի Ադրբեջանի իրավասության ներքո։ ԱՊՀ երկների իրավական կարգավորումների հիշատակումն այս  տողատակն ունի՝ ասում է վերլուծաբանը։

«Ադրբեջանցիները միջանցք ասելով առնվազն հասկանում են սա, և բնական է՝ Երևանը մերժում է այդ տարբերակը, և հենց դրա համար էլ նշում՝ կլինի ԱՊՀ կանոնադրության, կանոնների համաձայն։ Այսինքն՝ ադրբեջանցիները կհատեն Հայաստանի սահմանը, բեռները կենթարկվեն սահմանային հսկողության կամ ընթացակարգերի՝ ինչպես բոլոր երկրների դեպքում։ Ըստ այդմ՝ Հայաստանի տարածքով անցնելուց հետո դարձյալ կհատեն այս անգամ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը և այդպես տեղի կունենա հաղորդակցություն, բայց ոչ երբեք Ադրբեջանի իրավասության ներքո գտնվող ճանապարհով կամ հատվածով»։

Գրիգորյանը նաև նշել էր, որերկաթգծի խնդիրը պարզ է․ կա համաձայնություն, որ  վերականգնելու են Խորհրդային միության ժամանակ գործող տարբերակները։ Սակայն ուղղությունների վերջնական հստակեցում չկա, քննարկում են բոլոր հնարավոր տարբերակները։

Back to top button