ԿարևորՀասարակություն

Ուսուցիչների համար դասընթաց՝ համացանցից անվտանգ օգտվելու վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչության հետ համատեղ արդեն երկրորդ անգամ կազմակերպում է «Մեծահասակները և երեխաները թվային աշխարհում» խորագրով դասընթաց հանրակրթական դպրոցների ինֆորմատիկա առարկայի ուսուցիչների համար:

Միջոցառման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոսել է ուսուցչի կարևոր և անփոխարինելի դերի մասին երեխաների կյանքում, նշել է, որ դպրոցը պետք է լինի երեխայի համար այն ապահով վայրը, որտեղ նա կսովորի նաև, թե ինչպես ճիշտ օգտվել համացանցից և ում դիմել խնդիրների բախվելու դեպքում: Խոսվել է նաև երեխաներին թվային միջավայրում սպառնացող վտանգներից պաշտպանելու ծնողների կարևոր դերի և իրազեկման անհրաժեշտության մասին:

«Դուք եք արժեքներ սերմանում Հայրենի երկրի, ընտանիքի և միմյանց հանդեպ, սովորեցնում եք ապրել ու հաղթանակել: Երկիրը շեն պահող, պետականությունն ամուր պահող քաղաքացին ձևավորվում է հենց դպրոցից։ Հետևաբար, Ձեր դերը շատ մեծ է երեխաների դաստիարակության գործում, այդ թվում՝ համացանցից անվտանգ օգտվելու»,- ասել է Արման Թաթոյանը։

Երեխաների իրավունքների պաշտպանությունը թվային միջավայրում արդիական խնդիր է, որի մասին են վկայում նաև այդ կապակցությամբ պարբերաբար Պաշտպանի աշխատակազմ ստացվող ահազանգերը ծնողների և ուսուցիչների կողմից: Վերջին շրջանում համացանցում լայն տարածվում են երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր խաղեր, որոնք մեծ սպառնալիք են հատկապես դեռահասության տարիքում գտնվող երեխաների, նրանց կյանքի և առողջ զարգացման համար:

Նշվածը պահանջում է ինչպես երեխաների ծնողների, այնպես էլ ուսուցիչների կողմից առավել մեծ ուշադրության և զգոնության ցուցաբերում, այնպես էլ հստակ կանխարգելիչ միջոցների ձեռնարկում պետական իրավասու մարմինների կողմից, այդ թվում՝ ուղղված երեխաների համար թվային միջավայրում անվտանգության ապահովման մեխանիզմների կատարելագործմանը:

Ռուսաստանի Դաշնությունից ժամանած «Կասպերսկի» ընկերության մասնագետ Անդրեյ Սիդենկոն պրակտիկ դասընթացի միջոցով ուսուցիչներին ներկայացրել է, թե ինչ վտանգներ կան համացանցում երեխաների համար և ինչպես կարելի է դրանք կանխարգելել:

Նման սեմինարները կրելու են շարունակական բնույթ, քանի որ նորարարական տեխնոլոգիաներն ունեն մեծ ազդեցություն երեխաների կյանքի վրա, և մենք պետք է ձեռնարկենք հնարավոր բոլոր քայլերը համացանցում առկա վտանգներից նրանց պաշտպանելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button