ԿարևորՀասարակություն

Շրջակա միջավայրի նախարարությունն արձագանքել է ձկնորսների պահանջին

Շրջակա միջավայրի նախարարությունը Երևան-Սևան ճանապարհը փակած քաղաքացիների, որոնք դեմ են սիգ որսալու արգելքին, հորդորում է հարգել արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակների և ժամկետների վերաբերյալ Կառավարության որոշումը, որը հիմնված է Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածի հաշվառման տվյալների վրա։

«Համաձայն Գիտությունների ազգային ակադեմիայի 2020 թ. հաշվառման տվյալների՝ Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմել էր 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը՝ մոտ 586,2 տոննա, որից սիգի փորձարարական որսի 2-րդ փուլի շրջանակում 2021 թ. օգտագործման համար սահմանվել էր առավելագույնը 250 տոննա չափաքանակ։

Կառավարության ս․թ․ սեպտեմբերի 2-ի որոշմամբ 2021 թվականի համար սիգի արդյունագործական նպատակներով չափաքանակը ավելացվեց ևս 50 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգվեց մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը՝ հնարավորություն ըձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս: 

Հաշվի կառնվեն մեր հայրենակիցների մտահոգությունները։ Բայց պետք է գիտակցել նաև, որ այս կարգավորումներն ունեն կարևոր նպատակ՝ կանխել ապօրինի ձկնորսությունը և ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը»,- նշված է նախարարության տարածած հայտարարությունում:

Այսօր Գեղարքունիքի մարզի մի խումբ բնակիչներ փակել էին Երևան-Սևան մայրուղին: Ճանապարհը փակածները ձկնորսներ էին, որոնք դեմ են ձկնորսության արգելքին:

Ցուցադրել ավելի
Back to top button