ԿարևորՀասարակություն

Կենդանաբանական այգու հատուկ հյուրերը․ որ «Երազաքների երեկո»-ն ամեն օր լինի

Եղնիկներից՝ գետաձի, գետաձիուց սիրամարգի մոտ վազող 3-ամյա Մարկը կենդանաբանական այգու 100 հատուկ հյուրերից մեկն է։ Այգին այսօր բաց է միայն հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաների ու նրանց ընտանիքների համար:

«Երազաքների երեկո» միջոցառման ընթացքում 50 հաշմանդամություն ունեցող և 50 սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար այգու բոլոր ծառայություններն անվճար են, երեխաները իրենց ձեռքով են կերակրում կենդանիներին, մասնակցում համերգների, թատերական ներկայացումների, դիտում կրկեսային համարներ, խաղում ինտերակտիվ խաղեր։ Կենդանաբանական այգու զարգացման ծրագրերի պատասխանատու, միջոցառման կազմակերպիչ Եվա Մարտիրոսյանը նշում է՝ Երևանում հազվադեպ ծրագիրը աշխարհում տասնյակ տարիների պատմություն ունի, մեկնարկել է 1990-ականներին․ Ռոտերդամում․

«Ձնագնդի էֆֆեկտով այս գաղափարով վարակվել են սկզբից Հոլանդիայի, հետո Եվրոպայի, Կանադայի, Ամերիկայի, Ճապոնիայի ու արդեն աշխարհի 300–ից ավելի կենդանաբանական այգիներում։ Երևանի կենդանաբանական այգում առաջին անգամ միջոցառումն իրականացվել է 2014 թվականին, 2-րդ անգամ՝ 2015–ին, սա 3-րդ «Երազանքի երեկոն» է Երևանի կենդանաբանական այգում»։

«Ես ու Մարիան խոտ պատրաստեցինք, որի միջից աճեց մեր սիրուն ծաղիկը, ու նաև արև պատրաստեցինք, որ մեր ծաղիկին ջերմացնի»,- ասում է կամավորներից մեկը։

100 ընտանիքների հետ օրն անցկացնում են 100 կամավորներ։ Միջոցառման կազմակերպիչներից «Հավասար» ստարտափի հիմնադիր Ամալյա Հարությունյանը նշում է՝ կամավորների ներգրավումը և՛ օգնություն է, և՛ սոցիալականացումն ու ներառականությունը ավելացնող քայլ։ Նրանք, մինչև «Երազանքների երեկո»-ում ընդգրկվելը, հատուկ վերապատրաստում են անցել․

«Շատ կարևոր էր երիտասարդներին, ասպես ասած, պատվիրակել այդ գործողությունը։ Իրենք իմանային, թե ինչ է հաշմանդամությունը, ինչպես խոսել հաշմանադամության մասին և հաշմանդամություն ունեցող երեխանեի հետ, որոնք են էթիկական հիմնական կանոնները։ Դրա համար ընտրվեցին հենց մանկավարժական համալսարանի ներառական կրթության 50 կամավորներ, մոտ 15 կամավոր ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետից, նաև դպրոցականներ ու երիտասարդներ, որոնք ակտիվ հասարակական գործունեություն են ծավալում, ու իրենց հետաքրքիր կլիներ սովորելը»։

Տիկին Ռիտան այգի է բերել 13-ամյա թոռանը։ Որ երեխան հաշմանդամություն ունի, նկատել են մոտ տասը տարի առաջ․

«Իր հիմնական խնդիրը չգրելն է, քիչ–քիչ, արդեն երեք տառ ամրապնդվում է, բայց ինքն ունի երաժշտական լավ լսողություն, ունի բնատուր ձայն, երաժշտական դպրոց է այցելում, երրորդ դասարան է արդեն, վոկալ, ազգային երգ, դաշնամուր՝ այս տարի»։

Տիկին Ռիտան փայլող աչքերով պատմում է Էրիկի երաժշտական հաջողությունների մասին, աքի պոչով հետևում կամավորների հետ խաղացող երեխային ու վստահ ասում․

«Լավ կլինի ամեն բան, միայն պետք է երեխաների հետ, իրոք, աշխատել, ճիշտ, լավ, անդուլ աշխատել, գլուխ չպահել, ժամանակ չմեռցնել, ամեն ինչ շատ լավ կլինի։

Ժամանակ չվատնել ասելով՝ տատիկը նկատի ունի հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալականացումը՝ հնարավոր բոլոր միջոցներով։ Ասում է՝ դժվարություններ կարող են առաջանալ քաղաքի հարմարեցված չլինելու պատճառով։

Կենդանաբանական այգու ներկայացուցչից փորձում ենք պարզել՝ արդյո՞ք այգին հարմարեցված է հաշմանդամություն ունեցողների կարիքներին․

«Ես կարծում եմ, որ Երևանի կենդանաբանական այգին առավելագույնս հարմարեցված է, մեծ մասամբ, չեմ կարող ասել՝ամբողջությամբ։ Այս միջոցառումը նաև հիշեցնում է, որ պետք է աշխատենք, որպեսզի այն փոքրիկ հատվածները, որոնք դեռ հարմարեցված չեն, ուղղենք, և այգին կդառնա ամբողջությամբ ներառական»։

Տարիներ առաջ հենց Կենդանաբանական այգում է գործել Երևանի առաջին խաղահրապարակը՝ մատչելի հաշմանդամություն ունեցողների համար։ Հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար հարցը գրեթե կարգավորված է, ինչը չի կարելի ասել տեսողական ու լսողական խնդիրներ ունեցողների դեպքում։ Պատրաստվում են համագործակցել այգու տնօրինության հետ, ավելացնել գծանմուշները, ավելացնել այգու մատչելիությունը, որպեսզի երեխաների համար «Երազանքների երեկո»-ն տարվա մեկ օրվա փոխարեն՝ ամեն օր լինի։

Ցուցադրել ավելի
Back to top button