ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ են աճում մեկ անձից կատարվող գնումները․ ընդդիմությունը կոռուպցիոն ռիսկեր է տեսնում

Հայաստանում մեկ անձից կատարվող գնումների 90 տոկոսը բաժին է ընկնում առողջապահության ոլորտին , 5-7 տոկոսը՝ հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին, 3 տոկոսը՝ մյուս ոլորտներին։ Մեկ անձից կատարվող գնումները  ընդհանուրի շուրջ 40 տոկոսն են։  Ընդդիմությունն այս ցուցանիշերում կոռուպցիոն ռիսկեր է տեսնում , կառավարությունը վստահեցնում է ՝ գործադրի մոտեցումը մեկ անձից կատարվող գնումների ծավալը  նվազեցնելն է։  Բայց կան  հրատապ իրավիճակներ, երբ անհրաժեշտությունը  գերակայում է մրցակցությանը։

Ընդդիմությունը գնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկեր է տեսնում և դրանք հիմնականում պայմանավորում մեկ անձից կատարվող գնումներով։ 2020 թվականին  պետական մարմինների կատարած գնումների  շուրջ 40 տոկոսն իրականացվել է մեկ անձից գնման միջոցով։  Սա 2019–ի  ցուցանիշը գերազանցում է 4,4 տոկոսով։ Հարցը տնտեսական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նիստում իշխանության ներկայացուցիչը՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն է ուղղում  ֆինանսների փոխնախարար Ավագ  Ավանեսյանին։  

«Վերջին շրջանում իշխանության հասցեին հնչում են մեղադրանքներ՝ մեկ անձից կատարվող գնումների ծավալի մեծացման վերաբերյալ։ Այդ ծավալը վկայակոչելով՝ իշխանությանը մեղադրում են կոռուպցիայի մեջ։ Եթե  ունեք վիճակագրություն, ներկայացրեք մեկ անձից կատարվող գնումների ծավալը, կշիռը, դինամիկան ու բացատրությունը»։

Կառավարությունը վստահեցնում է, որ գործադրի մոտեցումը մեկ անձից կատարվող գնումների ծավալը  նվազեցնելն է։ Բայց լինում են հրատապ իրավիճակներ, երբ տվյալ ենթակառուցվածքի ստեղծումը գերակայում է մրցակցության նկատմամբ, որի համար անհրաժեշտ է որոշակ ընթացակարգ իրականացնել։

Խոսքն , օրինակ, հանրային ծառայությունների՝  հոսանքի, գազի, ջրի ենթակառուցվածքների մասին է։ Մեկ անձից գնումներ իրականացնելու առումով առաջատարը  առողջապահության նախարարությունն է՝ պարզաբանում է ֆինանսների փոխնախարար Ավագ  Ավանեսյանն ու անմիջապես հստակեցնում ՝ այս միտումը պայմանավորված չէ քովիդով։ Ավելին ՝ եթե նախկինում մեկ անձից կատարվող  գնումների 90 տոկոսն էր բաժին ընկնում  առողջապահության նախարարությանը, ապա 2020–ին այդ ցուցանիշը փոքր-ինչ նվազել է ՝ դառնալով  88 տոկոս։ Փորձում է արվում այնպիսի կարգավորումներ ունենալ , որ անգամ հրատապ գնման դեպքում հնարավոր լինի մրցակցություն ապահովել՝ ասում է Ավանեսյանը

«Այժմ առողջապահական ծառայությունները հետևյալ կերպ են մատուցվում․ եթե մարզում կա հիվանդանոց, ապա պատվերը իջեցվում է ուղղակի տվյալ հիվանդանոցին՝ ծառայությունների մատուցման համար։ Այժմ 4 ծառայություն կարողացել ենք փոփոխել, այսինքն՝ գումարը «տալիս ենք » քաղաքացուն, ինքն է ընտրում, թե որ հիվանդանոցից օգտվի»։

Մեկ անձից կատարվող գնումների 90 տոկոսը առողջապահության ոլորտում է, 5- 7–ը՝ հանրային ծառայություններում, 3 տոկոսը՝ այլ ոլորտներում՝ վիճակագրությունն է ներկայացնում ֆինանսների փոխնախարարը։ Մեկ անձից կատարվող գնումները, ըստ Ավանեսյանի,  ընդհանուրի շուրջ 40– 45 տոկոսն են։  

 «Իրականում մեկ անձից գնումների ծավալները այդքան մեծ չեն։ Պաշտպանության ոլորտը մենք չենք քննարկում, քանի որ կան ապրանքներ, որոնք բացի մեկ անձից ուրիշից  հնարավոր չէ ձեռք բերել»։

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» դաշինքը ներկայացնող Վահե Հակոբյանը կոնկրետ դեպք  է հիշեցնում է․ այդպես էլ պարզ չդարձավ, թե օրինակ Սյունիքում մի քանի ամիս առաջ  6․2 մլրդ դրամ գումարը  ի՞նչ սկզբունքով  բաշխվեց  3 շինարարական ընկերությունների միջև։ 

«Հարցին պատասխան կա՝ լինում են հրատապ իրավիճակներ, երբ ենթակառուցվածքի արագ վերականգնումը գերակայում է մրցակցությանը», –արձագանքեց փոխնախարարը։

Մեկ անձից կատարվող գնումները նվազեցնելուն զուգահեռ՝  Հայաստանում կփոխվի նաև գնումների գործընթացի բողոքարկման կարգը։ Կառավարությունն առաջարկում է այդ գործը  վերապահել մասնագիտացված դատարանին:  Սա նաև Առեւտրի համաշխարհային կազմակերպության  եւ Եվրամիության հետ կնքված համաձայնագրով ստանձնած պարտավորություն է։  Նման գործերի քննությամբ, ըստ  նախագծի,  կզբաղվեն  վերապատրաստված դատավորները:

Ցուցադրել ավելի
Back to top button