ԿարևորՀասարակություն

Արմավիրի մարզի համայնքները խոշորացվելու են շրջանային եղանակով՝ Մյասնիկյանը դուրս է մնում Բաղրամյանի շրջանից

Արմավիրի մարզում մինչև հիմա համայնքների խոշորացում չի եղել: Այս տարի նախատեսվում է մարզի 96 համայնք  միավորել 7-ում: Չի խոշորացվելու միայն ազգային փոքրամասնությամբ եզդիական Ֆերիկ գյուղը: Նախատեսվել է միավորել շրջանային եղանակով: Բաղրամյանի շրջանի Մյասնիկյան համայնքը միանալու է Արմավիր քաղաքին, գյուղացիները դեմ են կառավարության առաջարկած փաթեթին:

Մյասնիկյան համայնքը  Բաղրամյանի տարածքի գյուղ է, բայց խոշորացման  առաջարկված փաթեթով միանալու է Արմավիր քաղաքին: Բնակիչները դեմ են այս տարբերակին: 1983թ-ին Բաղրամյանի շրջանի կազմավորման ժամանակ գյուղը ժամանակավորապես դարձել էր շրջկենտրոն,  որտեղ էլ կենտրոնացվեցին ենթակառուցվածքները:  Դրանց մեծ մասը մինչև  էլ Մյասնիկյանում է:  Համայնքների միավորման նոր տարբերակը դժգոհությունների տեղիք է տվել.

«Հիվանդանոց ունենք, մշակույթի տուն ունենք, մանկապարտեզ ունենք, շատ սիրուն դպրոց ունենք, հարկադիրը կատարումն ապահովող ծառայությունն ունենք, էս գյուղն ափսոս է, թող մանրերը միացնեին: Բոլորովին լավ չեղավ: Արդեն առաջարկությունը կա, բայց  ժողովրդի խոսքը՝ չկա, իսկ եթե մեր ժողովրդին հարցնեին, ժողովուրդը կասեր՝ ոչ»:

Մյասնիկյանում են գտնվում նաև Էլեկտրոցանցը, Գազի գրասենյակը, Փրկարար ծառայությունը, ԱԱԾ-ի Բաղրամյանի բաժինը, որոնք սպասարկում են   Բաղրամյանի տարածքի գյուղերին:  Կառավարության առաջարկած փաթեթով Բաղրամյան համայնքում  միավորվելու են  նախկին շրջանի 14 գյուղերը, բացի Մյասնիկյանից:  Մյասնիկյան համայնքի ղեկավար Տիգրան Բաղդասարյանն ասում է, որ համայնքների խոշորացման նախագծերը կազմելիս հաշվի չեն նստել բնակչության կարծիքի հետ: Ինքը նույնպես համագյուղացիների  դիրքորոշումն է հայտնել մարզում համայնքների խոշորացման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ,  բայց առաջարկված վարչատարածքային բաժանման քարտեզը մնացել է անփոփոխ.

«Միշտ եղել է Բաղրամյան, Բաղրամյանի շրջանի մեջ ենք, թեկուզ առանձին համայնք ենք, բայց մենք ոնց որ մի խումբ լինեինք՝ և տարածքով, և ամեն ինչով հարմար էր: Իմ կարծիքով  ավելի ճիշտ կլիներ Մյասնիկյանը  լինի Բաղրամյանի խմբի մեջ»:

Գյուղացիները վերլուծում են  կառավարության ներկայացրած փաթեթն ու եզրակացնում՝ Հուշակերտ համայքն ավելի մոտ է  Արմավիր քաղաքին,  քան Բաղրամյանին, իսկ Մյասնիկյանից Բաղրամյան՝  ընդամենը 8 կմ է: Մյասնիկյանցիներին դեռ անհասկանալի է, թե ինչպես է կարգավորվելու իրենց համայնքում գտնվող ենթակառուցվածքների խնդիրը, որը սպասարկում է նախկին Բաղրամյանի շրջանի գյուղերին:  Հրաչ Կարապետյանին էլ է մտահոգում  այս խնդիրը.  

«Եթե քարակերտցիներն ու դալարիկցիները պետք է օգտվեն Բաղրամյանի  «Մոր ու մանկան » բժշկական կենտրոնից, որը Մյասնիկյան գյուղում է, իսկ մենք էլ դառնանք Արմավիրին կցված բնակավայր, ապա իրենք ինչպե՞ս են օգտվելու  մեր  տարածքից, եթե իրենք առանձին համայնք են լինելու: Ես դա չեմ հասկանում, թե ո՞նց են քարտեզագրումն արել՝ անհասկանալի է: Շրջանը ոնց կար, թող մնար, միայն մեր գյուղն են հանում, տանում Արմավիր,  մնացածը միանում է Բաղրամյան համայնքին»:

Գյուղացիները բարձրացնում են  նաև  շտապօգնության  ու փրկարար ծառայության արագ սպասարկման խնդիրը, որի կանչերը չեն ուշանում.

«Հիմա հանել են փրկարա ծառայության համար պետք է զանգենք Հոկտեմբերյան, շտապօգնությունը՝ պիտի զանգենք Հոկտեմբերյան: Ավելի լավ չէր այստեղ մնար, մեր գյուղերը մոտիկ լինեին ու սպասարկվեին»:

«Եթե ես  շտապօգնություն կանչեմ, ոչ թե մեր գյուղինն է գալու, այլ Արմավիրից, դա նորմա՞լ է, հիվանդը սպասի մինչև շտապօգնությունը գա»:

Ըստ «Համայնքների խոշորացման  և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգի» Կառավարությունը հիմնավորում է վարչատարածքային բարեփոխումների արդյունավետությունը, որի արդյունքում ապահովվելու է համայնքների շարունակական զարգացումը, համայնքի կողմից առավել որակյալ և մատչելի  ծառայությունների մատուցումն ու  խոշարացված համայնքների միավորված ռեսուրսների օգտագործումը:  Մյասնիկյանը ենթակառուցվածքների տեսակետից ավելի զարգացած, բնակչության թվով ավելի մեծ  համայնք է: Վերջին տարիներին լայնածավալ աշխատանքներ են իրականացվել գյուղում՝ ասֆալտապատվել են փողոցները, վերանորոգվել է մանկապարտեզը, նորացվել են ջրագծերը, վերանորոգվում է մշակույթի տունը: Գյուղացիները մտավախություն ունեն՝ միավորումից հետո իրենց համայնքում բարեփոխումներ չեն լինի.

«Մեր գյուղը տեսան  բյուջեով մի քիչ մեծ է՝ միացրին Արմավիրին, որ Արմավիրի բյուջեն էլ ավելի մեծանա: Համոզված եմ, որ դա այդպես է: Մեր գյուղում  այսպիսի աշխատանքներ  էլ չեն արվի, բայց  Արմավիրում՝ կարվի:  Իսկ եթե մնայինք Բաղրամյանում՝ հաստատ  մեզ մոտ էլ կարվի»:

 Համայնքի բնակիչներն առաջարկում են  Մյասնիկյանին միավորել ավելի փոքր գյուղերը, որտեղ որևէ առաջընթաց չկա: Այդ գյուղերը զրկված են նաև հանրային տրանսպորտից: Հասմիկ Հակոբյանն ավելի շատ է տեղեկացված Բաղրամյանի շրջանի գայուղերի տնտեսական վիճակից.

«Եթե պետք է խոշորացվի խոշոր համայնքը՝ Հոկտեմբերյանը, թող խոշորացվեն մեր շրջանի համայնքները: Այդ բոլոր համայնքներն ավելի լավ է միանան Մյասնիկյան համայնքին, որովհետև Մյասնիկյանն ունի շատ ձեռնարկություններ, բանկեր: Թող միացնեն Արտամետը, Տալվորիկը, Վանանդը, Կողբավանը, որն ընդհանրապես կտրված համայնք է: Թող մերն էլ միանա Բաղրամյանին, ինչի՞ Հոկտեմբերյանին»:

«Էն կողմերում Հուշակերտն է, Տալվորիկը,  էնքան փոքր գյուղեր կան, դրանց միացումը նպատակահարմար է: Բայց դե Մյասնիկյան ավանը 5000 տնտեսություն ունի՝ ինչո՞ւ են միացնում, կամ միացնում են՝ ի՞նչ անեն»:

Վերջին զրուցակիցս՝ Զոհրապ Փահլեվանյանն  է,  կողմնակից է  համայնքների միավորման գաղափարին, հետաքրքրվել ու տեղեկացել է՝  համայնքների խոշորացմամբ  մեքենատրակտորային կայանի հարցն է լուծվելու: Մյասնիկյանում տեխնիկայի պատճառով  չմշակվող հողեր կան.

«1200 հա հող ունի Մյասնիկյանը, որից 700 հա է մշակվում: Արաքսը՝ Մյասնիկյան սովխոզը, այգեգործական սովխոզ է եղել, 70 հա տարածքի վրա միայն խաղող է եղել, իսկ հիմա  մնացել է 30-35 հա՝ տեխնիկա  չլինելու պատճառով»:

Համայնքների ֆինանսիստների միավորման փորձագիտական խմբի ղեկավար Վահրամ Շահբազյանն ասում է, որ  համայնքների միավորման ժամանակ միջազգային կազմակերպությունների ու տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով համալրվում է մեքենատրակտորային պարկը՝ թե   գյուղատնտեսական, և թե կենցաղային ծառայություն մատուցող մեքենաներով, լուծվում՝ մի շարք խնդիրներ: Խոշորացված համայնքներում տեխնիկայի ձեռք բերման նպատակով պահանջվում է նաև համայնքի ֆինանսական ներդրում՝ 5-30 տոկոսի չափով.

 «Տարածքային զարգացման հիմնադրամը  զբաղվում է այդ ծրագրերի իրականացմամբ, դրանցից մեկը տարբեր տիպի  տեխնիկաների տրամադրման հարցն է, դա վերաբերում է գյուղատնտեսական  տեխնիկային՝ տրակտորներ, կոմբայններ,  տարբեր սարքավորումներ: Կա նաև կոմունալ սպասարկման որոշակի տեխնիկա, մասնավորապես՝ արտաքին լուսավության, ջրամատակարարման հետ կապված, աղբահանության ծառայությ ան հետ կապված տեխնիկա,  աղբատար մեքենաներ և այլն»:

Կառավարւթյան առաջարկած համայնքների  խոշորացման փաթեթով  Արմավիր խոշորացվող համայնքում նախատեսվում է միավորել հարակից 9 գյուղական համայնք: Արմավիր քաղաքի բնակիչների մի մասը տեղյակ է խոշորացումից, մի մասը՝ ոչ:.

 «Արմավիր քաղաքը ո՞ր քաղաքին են միացնելու, խոշորացումից տեղյալ չեմ»:

«Եթե խոշորացում, ապա փոքր համայնքներում, իսկ Արարատյան  Դաշտում այդպիսի փոքր համայնքներ չկան: Լեռնային շրջաններում, սահմանային գոտիներում  համայնքների խոշորացումն ավելի  ճիշտ է: Բաղրանյանում էլ փոքր համայնքներ կան՝ դրանք թող միավորեն,  բայց որ միացնում են Մյասնիկյան սովխոզը, մյուս համայնքները՝ ծիծաղելի է, անհեթեթություն»:

Քաղաքացին կարծում է, որ համայնքների խոշորացմամբ փորձում են ազատվել անցանկալի համայնքների ղեկավարներից: Համայնքների ֆինանսիստների միավորման փորձագիտական խմբի ղեկավար Վահրամ Շահբազյանի տեղեկացմամբ՝ խոշորացման արդյունավետության վերաբերյալ խորը և համապարփակ վերլուծություններ չեն արել, բայց  դրական ցուցանիշներ  կան  Սյունիքի Տեղ, Գորիս, Գորայք, Սիսիան, Տավուշի Նոյեմբերյան, Դիլիջան, Կողբ համայքներում:

Ցուցադրել ավելի
Back to top button