ԿարևորՀասարակություն

«Հույս ունեմ, որ իմ անձի ընկալումը դրական է»․ հակասական գրողն ու քաղաքական գործիչը

Էդուարդ Հովհաննիսյան
«Ռադիոլուր»

«Հույս ունեմ, որ իմ գործի, իմ անձի հիմնական ընկալումը, այնուամենայնիվ, դրական է, հույսս չեմ կորցնում», ասել է Վանո Սիրադեղյանը, որի մասին խոսելիս առաջին բառը, որ ասվում է՝ հակասականն է։ Քրեական գործեր, հանցագործություններ, մեղադրանքներ, մյուս կողմից՝ պետական–քաղաքական ոլորտի կայացում ու գրականություն։

«Ես շատերի պես չեմ աշխատում, որպեսզի իմ մասին վատ բան մտածող չլինի։ Աշխատող մարդը չի կարող չսխալվել։ Իհարկե, ես էլ սխալներ անում եմ, բայց ես հանգիստ եմ վերաբերվում իմ սխալներին, որովհետև ես գիտեմ, որ աշխատելու եմ ու նորից եմ սխալվելու։ Բայց ես հույս ունեմ, որ իմ գործի, իմ անձի հիմնական ընկալումը, այնուամենայնիվ, դրական է, հույսս չեմ կորցնում»։

Այս խոսքերից հետո Վանո Սիրադեղյանը երկար չաշխատեց, և ինչպես ինքն է ասում՝ այդքան տարիներ լռելու ու Երևանի հետ կապը նվազագույնի հասցնելու նպատակը հայաստանյան քաղաքական դաշտին չվնասելն էր։ Նրա չբացահայտված, առեղծվածային կերպարը նույնիսկ ժամանակի ու տարածության հեռվից կարող էր բացասաբար անդրադառնալ գործընթացների վրա։ Նա չսխալվեց։

Վանոյին առաջադրվեցին ծանր մեղադրանքներ պետական դիրքի և միջոցների չարաշահման, քաղաքական հետապնդումների և սպանությունների վերաբերյալ, բայց նրանք, ովքեր սիրում ու գնահատում են նրան՝ համոզված պնդում են, որ նա Հայաստանի նորանկախ պատմության ամենաառանցքային դեմքերից մեկն է․  

«Հայաստանի նման փոքր երկրում, մեծ տերությունների շահերի թատերաբեմում, մեծ տերությունների գաղտնի ծառայությունների ձեռքը քրքրված Հայաստանում մի քաղաքական դեմքը միշտ կարող է պարտվել, միշտ կարող են խեղդել մի դեմքին։ Դրա համար կոլեկտիվ ջանք է պետք, ինչպես «Ղարաբաղ կոմիտե»–ի դեպքում էր»։

Սովետական բանակում ծառայելուց հետո Վանո Սիրադեղյանը 1974–ին ավարտում է Երևանի պետական համալսարանը։ Մինչև 1988թ․ զբաղվում է գրական գործունեությամբ, դառնում Գրողների միության անդամ։ 1988–ին անդամագրվում է «Ղարաբաղ կոմիտե»–ին՝  համալրելով Հայոց համազգային շարժման շարքերը։ Հետո անտառտնտեսության վարչության պետ, Գերագույն խորհրդի պատգամավոր, Հանրապետության նախագահի խորհրդական, Ներքին գործերի նախարար, Երևանի քաղաքապետ, Ազգային ժողովի պատգամավոր ու այսքանի հետ՝ նաև գրող։ Անծայրածիր այս ընդգրկունությունը, որտեղ հակասություններ ուղղակի չէին կարող չլինել, ծանոթ էր Վանոյին։ Նա նույնիսկ լավ էր զգում դրանից․

«Բոլոր ժամանակներում, իմ պատանեկության տարիներից էլ, երիտասարդության տարիներից էլ, ավելի ուշ էլ, երբ աշխատում էի մամուլում, գրականության մեջ, Ներքին գործերի նախարարությունում, հակասական վերաբերմունք է եղել իմ անձի հանդեպ, և ես դա համարում եմ բնական, չեմ դրամատիկացնում վիճակը։ Ես համարում եմ, որ մարդու ընկալումը չի կարող միանշանակ լինել, մարդ չի կարող միայն հերոսական լինել կամ ոչ հերոսական, կամ մաքուր։ Իմ անձի այդպիսի ընկալումը ինձ նույնիսկ ապրելու ուժ է հաղորդում»։

1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից և Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո Վանո Սիրադեղյանին առաջադրվեցին մի շարք մեղադրանքներ։ 1999թ․փետրվարի 19–ին նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց։ Նա ձերբակալվեց մայիսի 3-ին։ Նրան առաջադրվեցին մեղադրանքներ նախկին Քրեական օրենսգրքի 10 հոդվածներով։ Այդ մեղադրանքները դատավճիռ չդարձան․Վանո Սիրադեղյանը լքեց երկիրը, նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։

Վանո Սիրադեղյանը Հայաստանի երեսնամյա քաղաքական պատմության հիմնաքարային դերակատարներից է, որն ուներ վերլուծելու կարողություն՝ ճշգրիտ քաղաքական կանխատեսումներով։ Արամ Մանուկյան․

«Վանոյի քաղաքական կերպարը ինձ համար եղել է ուսուցչի կերպար․դասագիրք, երևույթ, մտավորական, քաղաքական հզոր, պրագմատիկ, իրատես, հաշվարկների հիման վրա գործող կերպար։ Նրա գործողությունները, ասելիքը, գրածը խիստ պատմական էր, խիստ ժամանակակից։ Քսան, երեսուն տարի առաջվա Վանոյի գրածները հիմա կարող եք կարդալ, չնայել, թե երբ է գրել, և կասեք, որ էսօրվա համար են»։

–Ոչ թե գուշակում էր, այլ՝ հաշվարկում։ Գիտեր, թե ինչ պետք է լինի վաղը, մեկ տարի հետո, քսան տարի հետո։ Սա իր առանցքային յուրահատկություններից մեկն էր։ Իհարկե, այդ հաշվարկը շատ դաժան էր, բայց ճշգրիտ ու, բանից պարզվում է՝ իրականացող,- ասում է Մանուկյանը։

«Գլխավոր խնդիրն այն է, թե իշխանությունով, կուսակցություններով, անհատներով, , կգտնե՞նք արդյոք այսօր մի բանաձև, որը մեր ժողովրդին խաղաղություն կբերիարժանապատիվ խաղաղություն, բնականաբար»։

Քաղաքական հեռատեսությունը ստիպեց Վանո Սիրադեղյանին լքել Հայաստանը։ Դուրս գալ խաղից՝ խնդիրները չխորացնելու համար։ Հրապարակախոս Տիգրան Պասկևինչյան․

«Փորձենք պատկերացնել դատախազների, քննիչների, դատավորների վիճակը։ Ի՞նչ պետք է անեին, երբ որ այստեղ Քոչարյանն է, այնտեղ Վանո Սիրադեղյանը։ Դրա համար, կարծում եմ, Վանո Սիրադեղյանը այս ժամանակի համար ամենատրամաբանական որոշումն ընդունեց՝ հեռանալ Հայաստանից»։

Սիրադեղյանի ընկերներից Վասակ Դարբինյանը, որի 600 էջանոց գիրքը՝ «Վանոյի հետ և առանց Վանոյի», նրա անցած ճանապարհի մասին է, ասում է․

«Վանոն և մնացած էն մարդիկ, ովքեր խանգարում էին, որոնք այս արժեհամակարգի կրողը չէին պիտի հեռացվեին ասպարեզից։ Ինչպես Հրանտ Մաթևոսյանն էր ասում՝ Վանոյին առաջինն էր պետք հեռացնել։ Շարունակելը մնալ Հայաստանում՝ կավարտվեր մի նոր ողբերգությամբ, ես կասկած չունեմ»։

Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան։ Որտեղ կհուղարկավորվի՝ դեռ  որոշված չէ։ Ընկերներից Մերուժան Հովհաննիսյանը մամուլին ասել է, թե իր տեղեկություններով՝ Վանոն ուզել է թաղվել ծննդավայր Կոթի գյուղում։ Հայ ազգային կոնգրեսն էլ դիմել է կառավարությանը՝ Վանոյին Կոմիտասի անվան պանթեոնում հուղարկավորելու պահանջով։ Արձագանք դեռ չկա։   

Back to top button