ԿարևորՀասարակություն

Ռեստորան-գարեջրատուն՝ Կինոյի տան ձմեռային այգում՝ քաղաքապետարանի թույլտվությամբ

2013թ-ին Հրաչյա Ատոմյանը սեփականաշնորհել է Կինոյի տան ներքին բակի գրեթե կեսը, իսկ այսօր շինթույտվություն ունի քաղաքապետարանից՝ տեղում ռեստորան-գարեջրատուն կառուցելու համար։ Կինոմատոգրաֆիստների միության անդամների դիտարկմամբ՝ մշակութային միջավայրին հարիր չէ, որ այդ տեղանքում գարեջրատուն լինի։ Ավելին՝ հոկտեմբերի 30-ին Կինոյի տանը պատրաստվում են «Սինեմատիկ» թանգարանի բացումն անել, որտեղ ներկայացված կլինի հայկական կինոյի պատմությունը։ Կինոմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյան․

«Հիմա «Շարմն» էլ է միանալու և դատի է տալու իրենց, որովհետև շատ անօրինական պատմություն է։ Իրավաբան լինելով հանդերձ ուզում են իրավաբանների, հայտնի ծանոթների, պաշտոնյաների միջոցով հաղթել մեր ամբողջ  կոլետիվին և մի բնակելի շենքի ամբողջ մարդկանց»։

Բացի միջավարային անհամապատասխանությունից, միության անդամները նաև անօրինական սեփականաշնորման մասին են ահազանգում։ Օրինականացման հիմքում դրվել է շենքի սեփականատերերի գրավոր համաձայնությունը, որտեղ նշված է՝ համաձայնություն են տալիս, որ սեփականաշնորհի Կինոյի տան տարածքի տակ գնտվող նկուղը և հարթակը։  Փաստաբանի դիտարկմամբ՝ այդպիսով մոլորեցրել են բնակիչներին՝ համաձայնություն ստանալու նպատակով։ Հիմա հակադարձում են՝ հարթակ ասելով հենց այգու հատվածը նկատի ունեին։  Ըստ փաստաբանների՝ 2013թ-ին քաղաքապետարանը օրինականացրել է  շինություն, որը գոյություն չունի։  Այդ մասին են փաստում կադաստրից ստացված տվյալները, որոնց համաձայն՝ նշված տարածքում շինություն չկա։ Փաստաբան Կարեն Մեջլումյան․

«Մինչ օրս Կադաստրին 10 հարցում եմ արել, ներկայացրել եմ իրենց սեփականության վկայականը, տարբեր փաստաթղթեր։ Ասում են՝ այդ տարածքը շինություններից ազատ, բակային տարածք է և հանդիսանում է Վարդանանց 18 շենքի սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության տարածք։ Ազատ տարածք է, շինություն չկա․ սա կադաստրն է ասում։ Բայց քաղաքապետարանը փաստորեն համարում է , որ այդտեղ կա շինություն, որի վերակառուցման հնարավորություն է տվել»։ 

Միության անդամները երկու հայտ են ներկայացրել դատարան՝ սեփականաշնորման 2013թ-ի որոշումը և  քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանի ստորագրած շինթույտվությունը՝ կասեցնելու նպատակով։  Դատարանը մերժել է կասեցման հայտը։ Երկու ամիս առաջ քրեական գործ են հարուցել, սակայն  դեռ տուժող չեն ճանաչվել։ Քննիչը չի եկել և տեղագրություն չի կատարել, իսկ տեղանքում կանաչ ծառեր են։ Ըստ փաստաբանի՝ դա կարող էր որպես ապացույց օգտագործվել և  հենց այդ պատճառով է քննիչը բացակայել։ Միության անդամները մտահոգ են՝ գործընթացն այնքան կձգձգեն, մինչև շինարարությունը կավարտվի, իսկ քաղաքապետարանը կհայտարարի՝ ակտը կատարվել է, և կկարճի գործը։ Վարդանանց 18–ի բնակիչների շահերը ներկայացնող փաստաբան Մուշեղ Առաքելյանի խոսքով՝  շինթույտվության հիմնական գործառությունը տարածքի վերկառուցումն է և մուտքերի իրականցումը, որը ևս ապօրինի է իրականացվել։ Այդ մասին են վկայում Երևանի քաղաքապետարանի՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշումները։   

«Կան Երևանի նույն քաղաքապետարանի կողմից կազմված վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ, որով փաստագրվել է, որ այս մուքտերն ապօրինի են, ինքնակամ են բացված։ Բայց վարչական տույժ նշանակելու որոշումներից զատ գործընթացն այն կողմ չի գնացել։ Նաև մատնանշեմ, որ այս հատվածը, որտեղ տվել են մուքտի վերակառուցման աշխատաքներ իրականացնելու թույտվություն, տվյալ հողակտորը ևս հանդիսանում է այլ անձանց բաժնային սեփականություն, այսինքն՝ անձանց կողմից միանձնյա չի տնօրինվում»։

Վարդանանց փողոցի 18 շենքի 4-րդ տարածքը 140ք/մ է եղել։ 2013թ-ին Երևանի քաղաքապետի դեկտեմբերի 13-ի որոշմամբ 572ք/մ որպես ինքնակամ կառույց օրինականացվել է, և այդ 140ք/մ դարձել է 700ք/մ-ից ավելի։ Այդ 572ք/մ-ի մեջ, որպես ինքնակամ կառույց, ներառել և օրինականացրել են  նաև Կինոմատոգրաֆիստների միության այգու ծառատունկ հատվածը։ «Լաբիրինթ» գարեջրատների ցանցը, որը պատկանում է իրավաբան Հրաչյա Ատոմյանին, այժմ պատրաստվում է այդ տարածքում  ռեստորան-գարեջրատուն կառուցել, քաղաքապետարանը շինթույտվություն է տվել։ Մինչև վերջերս տարածքին ձեռք չեն տվել, բնակիչներն անգամ չեն ենթադրել, որ դա սեփականաշնորված է։  Երբ սկսել են շինարարությունը, Կինոմատոգրաֆիստների միության անդամները և տեղի բնակիչները դիմել են քաղաքապետարան՝ շինթույլտվությունը կասեցնելու համար։ Քաղաքապետարանը վարչական վարույթ է սկսել, սակայն շինարարությունը չի կասեցվել։ Քաղաքապետարանից «Ռադիոլուր»-ին խոստացել են պատասխանել խնդրին վերաբերող մեր հարցմանը։

Back to top button