ԿարևորՀասարակություն

Թուֆենկյան հիմնադրամի միջոցներով Մարտունիում հերթական տունն է վերանորոգվել

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի իրականացրած ծրագրով ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչ, Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորված 27-ամյա Հայկ Հայրիյանի՝ պատերազմի ընթացքում վնասված բնակարանը կապիտալ վերանորոգված շահագործման է հանձնվել:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի արտաքին կապերի տնօրեն Ռուբեն Ջանբազյանն ասել է, որ հիմնադրամը Արցախի ու նրա ժողովրդի կողքին է:

«Այս դժվար ժամանակներում, առավել քան երբևէ, մենք պետք է սատար կանգնենք արցախցիներին: Հայկը, ով պատերազմի ժամանակ պայքարել է հանուն հայրենիքի փրկության, մերօրյա հերոսներից մեկն է: «Թուֆենկյան»-ը չէր կարող անտարբեր մնալ այս ամենի նկատմամբ: Եվ որոշեցինք այս փոքր գործը կատարել նրա համար, որպեսզի հերոսը զգա, որ Սփյուռքի հայությունը նրա կողքին է»,- ընդգծել է Ռ. Ջանբազյանը:

Հայրիյանների ընտանիքի մայրը՝ Նորա Հայրիյանը, իր երախտիքի խոսքն է հայտնել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին՝ այս դժվարին պահին իրենց սատար լինելու համար:

«Մեր բնակարանը ստացել ենք 2006 թվականին՝ որպես բազմազավակ ընտանիք.այն ժամանակ 9 հոգի էինք, իսկ այսօր ապրում ենք 5 հոգով: Պատերազմական գործողությունների ժամանակ արկի պայթյունից վնասվել է տան տանիքը: Հիմնադրամի շնորհիվ այսօր ապրում ենք բարեկեցիկ պայմաններ ունեցող մեր տանը»,- ասել է Ն. Հայրիյանը:

Back to top button