ԿարևորՀասարակություն

Առանց մեքենաների ևս մեկ հրապարակ․ բարեկարգվում է որպես ավտոկայանատեղի և գյուղմթերքի շուկա ծառայող տարածքը

Մերգելյանի այգու դիմացի հրապարակը, որն կրում է Մհեր Մկրտչյանի անունը, մեկ տասնամյակից ավելի փաստացի ծառայում էր որպես ավտոկայանատեղի, իսկ հանգստյան օրերին՝ գյուղմթերքի շուկա: Արաբկիր վարչական շրջանի միակ հրապարակի նպատակային նշանակությունը վերականգնելու նպատակով այժմ իրականացվում են սահմանազատման աշխատանքներ, հետագայում տարածքի բարեկարգման համար կհայտարարվի նաև նախագծի ու բարեկարգման մրցույթ:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

«Մրցույթին ներկայացված լավագույն առաջարկները կօգտագործենք, որպեսզի տարածքում ունենանք ինչպես կանաչապատ, այնպես էլ ջրային հատված, կտեղադրենք նստարաններ, որպեսզի այն ծառայի բնակիչների հանգստին ու հանրային միջոցառումներ կազմակերպելուն: Այս տարածքով մենք մեկնարկում ենք նաև Մերգելյանի այգու բարեկարգումը, կա այգուն վերաբերող հանրային մեծ պահանջ»,- նշում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:

Մինչ Մերգելյանի այգու բարեկարգման ծրագրի մեկնարկը, վարչական շրջանի մյուս՝ «Նոր Արաբկիր» զբոսայգին շուտով նոր հարմարություններով կներկայանա բնակիչներին: Ժողովրդին առավել հայտնի «Մոլոկանի այգին» Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվում է:

«Ստացվել էր այնպես, որ այգին 50 տարով վարձակալությամբ էր տրված, կարողացանք վարձակալի հետ գալ համաձայնության, և ժամանակից շատ շուտ այն վերադարձվեց համայնքին, որից հետո որոշեցինք բարեկարգել: Հույս ունենք, որ այգին ինչպես եղել է սիրված ոչ միայն արաբկիրցիների կողմից, շատ ավելի մեծ թվով այցելուներ կունենա»,- նշում է Արամ Դանիելյանը:

Համալիր բարեկարգման շրջանակում շուրջ 3 հա տարածք զբաղեցնող հանգստի գոտին կապահովվի ոռոգման նոր համակարգով ու արտաքին լուսավորության նոր ցանցով, կտեղադրվեն էներգախնայող LED լուսատուներ, կկառուցվեն թեքահարթակներ, կվերագործարկվեն շատրվաններն ու ջրթափները, կվերանորոգվի «Նոր Արաբկիր» հուշարձանը, կբարեկարգվեն ճեմուղիները: Այգին ապահովված կլինի նստարաններով, զրուցարաններով, կկառուցվեն սանհանգույցներ:

Բնակիչների լիարժեք հանգիստն ապահովելուն զուգահեռ, առանձնակի է կարևորվում նաև հետիոտնի հարմարավետությունն ու անվտանգությունը: Արաբկիրում տարեկան ծրագրերով նորոգվում ու սալիկապատվում են մայթերը, որոշ հատվածներում նաև կառուցվում են նոր մայթեր: Վարչական շրջանում ծավալուն աշխատանքներ են տարվում նաև շենքերի հարթ և թեք տանիքների ու մուտքերի վերանորոգման ուղղությամբ: Ընթացիկ տարում բարեկարգ ու հարմարավետ կդառնա ևս 7 բակային տարածք:

«Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Արաբկիրի բոլոր բարեխիղճ բնակիչներին և տնտեսվարողներին, որոնց վճարած գույքահարկի և տուրքերի միջոցներով մենք տարվա կապիտալ ծրագրեր ենք իրականացնում, որոնք մեր բնակիչների համար տասնամյակներ շարունակ կդառնան հարմարավետության ու անվտանգության ևս մեկ երաշխիք»,- ընդգծում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը: 

Back to top button