ԿարևորՄշակույթ

«Վարպետության դաս» նախագիծ՝ ՀՀ առաջատար մասնագետների հետ

«Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը «Մեկնարկ» տաղանդի զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի հետ համատեղ իրականացնում է «Վարպետության դաս» նախագիծը, որին մասնակցում են հրավիրյալ մասնագետները:

Վարպետության դասերին տեղի են ունենում հանդիպումներ 7-20 տարեկան պատանի երաժիշտ-կատարողների և ՀՀ առաջատար վեց մասնագետների հետ (դաշնամուր, ջութակ և թավջութակ):

Նախագծի շրջանակում արդեն իսկ կայացել են հանդիպումներ միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար Լևոն Առաքելյանի և միջազգային մրցույթների դափնեկիր, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, ԵՊԿ դասախոս, ջութակահար Արամ Ասատրյանի հետ։ Հանդիպումները կայացել են Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մեծ դահլիճում։

Վարպետության դասերին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել պատանի երաժիշտներ Երևանի և ՀՀ տարբեր մարզերի երաժշտական ուսումնական հաստատություններից: Այս փուլն ավարտվել է ամփոփիչ համերգով, որին մասնակցել են վարպետության դասերի մասնագետները և լավագույն մասնակիցները:

Հոկտեմբերի 18-22-ը «Վարպետության դաս» նախագիծը շարունակում է «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի պրոդյուսեր, դաշնակահար Արմեն Մանասյանը՝ Ալ․ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, իսկ հոկտեմբերի 22-26-ին՝ միջազգային մրցույթների դափնեկիր, Triomphe de L’Art և ՀԲԸՄ մրցույթների ժյուրիի անդամ, «Avanesyan Trio»-ի համահիմնադիր, թավջութակահար Սևակ Ավանեսյանը՝ Ռ․ Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում: Ամսվա վերջում ևս կկայանան ամփոփիչ համերգներ լավագույն կատարողների մասնակցությամբ:  

Վարպետության դասերի շարքը կշարունակվի նաև նոյեմբերին: Դեկտեմբերին նախատեսվում է գալա համերգ, որին մասնակցելու են սեպտեմբերից նոյեմբեր ամիսների վարպետության դասերից լավագույնները: 

Ցուցադրել ավելի
Back to top button