ԿարևորՀասարակություն

Միջանցքի տրամադրման հարց չի քննարկվում, ուղղակի չի քննարկվում․ փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ  Մհեր Գրիգորյանը վաղը Մոսկվայում կմասնակցի  ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստին։ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի վերջին հանդիպումը կայացել է օգոստոսին։ Դրանից առաջ՝  մայիսի 12-ին Սյունիք և Գեղարքունիք ադրբեջանական ներխուժումից հետո աշխատանքային խմբի հանդիպումները կասեցվել էին։

Անդրադառնալով հարցին, թե ինչ հարցեր են քննարկվելու եռակողմ հանդիպմանը, Մհեր Գրիգորյանն ասել  է, որ որոշակի պատկերացումներ ձևավորել են երկաթուղու մասով՝ դարձյալ վստահեցնելով, որ   միջանցքի հարց օրակարգում չկա։ Սահմանազատմանն անդրադառնալով՝ փոխվարչապետն ասել է, որ լիարժեք ուսումնասիրության կարիք ունի   սահմաններին վերաբերող իրավական ամբողջ բազան։

Ի՞նչ են  քննարկելու Մոսկվայում առաջիկա երկու օրերին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը։ Փակագծերն ամբողջությամբ չեն բացվում, բայց  Մհեր Գրիգորյանը  որոշ մանրամասներ ներկայացնում է.

«Օրակարգն, ըստ էության, չի փոխվել։ Որոշակի պատկերացումներ ձևավորել ենք երկաթուղու մասով, որոշակի պատկերացումներ ու նախնական պայմանավորվածություն ունենք առ այն, որ ապաշրջափակման հետ կապված կարգավորումներն իրականացվելու է ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում, ունենք քննարկելու ավտոմոբիլային կապի միջոցների և ուղիների հետ կապված հարցեր»։

Ապաշրջափակման հարցերը քննարկող՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մասնակցությամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստերն անորոշ ժամկետով ընդհատվել էին, քանի որ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը բարդացել էր շփման գծում լարվածության աճի  ֆոնին։  Վերջին հանդիպումը կայացել էր երկու  ամիս առաջ, սակայն հստակ պայմանավորվածություններ ձեռք չէին բերվել։ Ապաշրջափակման նախագծերն  ուղղակիորեն կապվում են սահմանազատման ու սահմանագծման հետ։ Սահմանների մասին խոսելու համար նախ և առաջ պետք է լիարժեք հետազոտել իրավական ամբողջ բազան՝ ընդգծում է  Մհեր Գրիգորյանը.

«Ընդ որում՝ իրավական այն բազան, որտեղ կա երկու երկրների համաձայնությունը, ստորագրությունը կամ ինչ–որ փաստաթղթի միացումը։ Դրանից հետո նոր քարտեզների մասին հնարավոր կլինի խոսել։ Քարտեզը ընդամենը սխեմա է։ Քարտեզի տակ պետք է իրավական հիմք լինի, որի ուղղությամբ մենք հիմա աշխատում ենք, հետազոտում ենք; Վերլուծելուց հետո միայն հնարավոր կլինի խոսել քարտեզների մասին՝ ինչ–որ գործընթացներ իրականցնելու նպատակով»։

Երկաթուղու հարցում որոշակի  հստակեցում կա՝ ասում է Մհեր Գրիգորյանն ու պարզաբանում՝  օրակարգում խորհրդային տարիներին գործող երկաթգծերի աշխատանքի վերականգնումն է։ Քննարկվում են հնարավոր բոլոր տարբերակները։ Տարածաշրջանի երկրները հետաքրքրված են գործընթացով, բայց  բանակցություններին չեն մասնակցում։ Դրանք եռակողմ են, ներգրավված այլ կողմեր չկան ՝ վստահեցնում է փոխվարչապետը.

«Իրականության մեջ, եթե խոսում ենք ապաշրջափակման մասին ու հավատում ենք դրան, դա մեր երկրի համար շատ կարևոր է։ Տարածաշրջանային դերակատարությունը խաղաղության հիմնական երաշխիքն է կամ երաշխիքներից մեկը։  Եռակողմ հարթակում քննարկումներին ներգրավել որևէ այլ կողմ, ո՛չ, չկա նման բան։ Ես ասել եմ ու կրկնում եմ՝ միջանցքի տրամադրման   հարց չի քննարկվում, ուղղակի չի քննարկվում» ։

Տարածաշրջանի ապաշրջափակման հարցով բանակցողները երեքն են, բայց կա նաև մեկ այլ կողմ, որն ուշադիր հետևում է զարգացումներին և հստակ դիրքորոշում ունի հատկապես, այսպես կոչված  «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման  հանդեպ։ Տարածաշրջանային զարգացումների հարցում  Իրանի դիրքորոշումը հստակ է՝ ասում է իրանագետ Գոհար Իսկանդարյանը։ Ընդգծում է՝ Իրանը չի հանդուրժի Հայաստանի տարածքային  ու  հայ–իրանական սահմանի որևէ փոփոխություն։ Իրանը կողմ է ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն դեմ է «միջանցք»–ի գաղափարին.

«Իրանի իշխող կառավարության ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ հայ–իրանական սահմանը պետք է պահպանվի այնպես, ինչպես կա։ Որևէ փոփոխություն չեն հանդուրժի»։

Ապրաշրջափակման  հիմնական ակնկալիքը շրջափակումից դուրս գալն ու տնտեսական զարգացման համար նոր պայմաններ  ապահովելն է։  ՀՊՏՀ տնտեսության կարգավորման ու միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանն ընդգծում է՝ Հայաստանը աշխարհի այն եզակի երկրներից է, որի երկաթուղային հաղորդակցություններն անցնում են ուղղակի սահմանով, ոչ թե երկրի միջով։ Սա մնացած հատվածներին փոխկապակցելու հնարավորություն է։ Շրջափակումն իր գինն ունի՝ ասում  է  տնտեսագետը.

«Փոխադրումների արժեքը 15–20 տոկոս ավելի բարձր է, դա շրջափակման գինն է։ Սակայն, երբ խոսում ենք ապաշրջափակման մասին, պետք է նաև այլընտրանքային ճանապարհներ ունենանք»։

Հայաստանն այս պահին որպես այլընտրանք դիտարկում է Տաթև–Աղվանի ճանապարհը, որի կառուցումը վերջին օրերին նոր թափ է ստացել։

Ցուցադրել ավելի
Back to top button