ԿարևորՀասարակություն

Հայտարարվել է մրցույթ՝ անձնագրի և նույնականացման քարտի նոր դիզայնի ընտրության նպատակով

2021 թվականի հոկտեմբերի 15-ից, մեկամսյա ժամկետով, ոստիկանությունը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտի նոր դիզայնի ընտրության նպատակով: Մրցույթին մասնակցել կարող են և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձինք։

Մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (ք.Երևան, Դավիթաշենի 4-րդ թաղամաս, 17/10 շենք): Աշխատանքները պետք է ներկայացվեն փակ ծրարով` էսքիզի տեսքով։ Էսքիզները ներկայացվում են գունավոր՝ էլեկտրոնային կրիչի (վեկտորային ֆորմատով), ինչպես նաև՝ թղթի վրա (չափսը ընտրվում է մասնակցի կողմից)։ Մասնակիցն իր համար ստեղծում է նաև 5 նիշից բաղկացած ծածկանուն (թվերի և/կամ տառերի համակցությամբ), որն ամրագրում է բոլոր էսքիզների վրա: Աշխատանքին կցվում է նաև հակիրճ բացատրություն՝ էսքիզում օգտագործվող պատկերների և զարդանախշերի, դրանց օգտագործման նշանակության, խորհրդի և նպատակի մասին:

Ծրարի մեջ պետք է տեղադրվեն նաև հեղինակի անձնական տվյալների` անվան, ազգանվան, հայրանունի, հասցեի, հեռախոսահամարի վերաբերյալ թերթիկ և անձը հաստատող փաստաթղթի պատճենը։ Մրցույթն անցկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով ստեղծված հանձնաժողովը: Մրցութային ֆոնդը կազմում է երեք միլիոն ութսուն հազար դրամ: Մրցութային ֆոնդը համամասնորեն, կախված աշխատանքի ամբողջական կամ մասնակի ընտրությունից, բաշխվելու է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված աշխատանքների հեղինակների միջև:

Անձը հաստատող փաստաթղթերի դիզայնին ներկայացվող հիմնական պահանջների և մրցույթի անցկացման կարգի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ այցելելով կայք։ «Հայտարարություններ» բաժնում տեղադրված է մրցույթի հայտարարությունը, որում կան հղումներ՝ ներբեռնելու հնարավորությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button