ԿարևորՀասարակություն

Հայաստանի արձագանքը «օդային» վտանգներին. փոփոխություն «Պետական սահմանի մասին» օրենքում

Ինչպե՞ս պետք է գործեն հակաօդային պաշտպանության զորքերը, եթե ՀՀ տարածքով թռչող օդանավը կամ թռչող որևէ այլ սարք սպառնում է պետության անվտանգությանը. այս հարցը  կանոնակարգելու համար Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է առաջարկում «Պետական սահմանի մասին» օրենքում:

Նշվում է, որ փոփոխությունները տեխնիկական են, քանի որ փաստաթղթով կանոնակարգվում է այն, ինչը մշտապես արվել է, բայց կանոնակարգված չի եղել:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է նաև սահմանային իրավիճակը։ Պատգամավորները պատասխանատուներից պարզաբանումներ են պահանջել Գեղարքունիքի և Փայլասարի վերաբերյալ։ Առաջինի մասին գրառում էր արել Մարդու իրավունքների պաշտպանը, երկրորդին անդրադարձել էր Կապան համայնքի ղեկավարը։   

Պաշտպանության նախարարությունը չի «խոսում», բայց վստահեցնում է՝ ոչինչ չի թաքցնում: Նպատակահարմար չի համարում այս փուլում մասնակցել ընդդիմության նախաձեռնած նիստերին՝ սահմանին տիրող իրավիճակի քննարկման համար: Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն անգամ անպատասխան է թողնում Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները:

«Մարդու իրավունքների պաշտպանին չեմ արձագանքում, մարդու իրավունքների պաշտպանը ինքն է հայտարարություն տարածում՝ իրենից ճշտեք: Ինչը վերաբերում է մեր սահմաններին, ես զերծ կմնամ պատասխանել, այդ թվում, թե մենք հիմա ձմեռվան պատրաստվելուն ուղղված ինչ աշխատանքներ ենք իրականացնում: ՊՆ-ն ոչինչ չի թաքցնում, ինչը հնարավոր է հանրայնացնել հանրայնացնում է, որևէ բան, որևէ պատկան մարմին չի թաքցնում, որովհետև մեր երկիրը իր չափով, մարդկանց ակտիվությամբ այնպիսին է, որ հնարավոր էլ չէ որևէ բան թաքցնել»:

Ավելի ուշ տարածած հայտարարությամբ ՊՆ–ն  պարզաբանեց՝ ՄԻՊ–ի գրառման մեջ առկա են մի շարք անճշտություններ, ինչպես նաև պնդումներ, որոնք կտրված են իրականությունից։

«Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացվում, մեծ ապաստարաններ, կամ նոր ճանապարհներ չեն կառուցվել, ավելին՝ նրանց կողմից այդպիսի աշխատանքների փորձերը հաջողությամբ կանխվում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից։ Ինչ վերաբերում է ադրբեջանական զինծառայողների թվաքանակի և սպառազինության ավելացման մասին պնդմանը, ապա հարկ ենք համարում նշել, որ ադրբեջանական զինծառայողների ամբողջ շարժը վերահսկվում է հայկական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից և, վերջին շրջանում, նման գործընթաց չի արձանագրվել»,– նշվում է ՊՆ պարզաբանման մեջ։

Փայլասարի վերաբերյալ  պաշտպանության փոխնախարարը պարզապես հաստատում է ԱԱԾ հաղորդագրությունը, որը տեղեկացնում է՝ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում։ Վերջին ձևակերպումներն արդեն խնդրահարույց են Սյունիքից ընտրված ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի համար: Հարցն ուղղեց պաշտպանության փոխնախարարին.

«Որքանով ինձ է հայտնի, ադրբեջանցիներն այնտեղ հայտնվել են GPS սարքի, այնտեղ տեղակայվել են առանց հստակ դելիմիտացիայի իրականացման: Ի՞նչ պետական սահմանի մասին է խոսքը Փայլասարի հատվածում, և առհասարակ պետական սահմանի մասին ինչո՞ւ է խոսում ԱԱԾ-ն, երբ պետական սահման դեռևս ձևավորված չէ»:

«Եթե նույնիսկ տեսականորեն ԱԱԾ-ն սխալ բան է արել, այ հիմա դուք լեգիտիմացնում եք, հիմա միտք եք դուք տալիս: Եթե նույնիսկ սխալմունք է տեղի ունեցել, սա կարելի էր աշխատանքային կարգով քննարկել, ԱԱԾ-ից որևէ մեկի հետ եթե ցանկանայիք հաղորդակցության միջոց կգտնեիք, այս խնդիրը այնտեղ կբարձրացնեիք: Տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե հարց տալը նպատակ է հետապնդում մեր մարտունակությունը բարձրացնելուն, այլ՝ մեր վատ վիճակը ի ցույց դնելու միջոցով, ինձ և մյուս պաշտոնյաներին վատ վիճակի մեջ դնել»,- պատասխանեց Արման Սարգսյանը։

Պաշտպանության փոխնախարարն այսօր խորհրդարանում էր ոչ թե ընդդիմադիրների հարցերին պատասխանելու, այլ «Պետական սահմանի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը ներկայացնելու համար: Ընդդիմադիրները պարզապես փորձեցին օգտագործել հնարավորությունը  և բարձրացնել հանրությանը հուզող հարցերը: Համաձայն են անգամ այնպիսի այցելությունների և դռնբաց քննարկումների, որտեղ գաղտնիք պարունակող հարցեր չեն քննարկվի: Հստակ պատասխաններ, սակայն, չհնչեցին․   

«Ինչ-որ մի փուլում բնականաբար, ձեզ հնարավորություն կընձեռեն, որ դուք ուսումնասիրեք նշված տեղամասերը: Ձեզ կատեգորիկ մերժման պատասխան չի տրվել, ներկա փուլում համարվել է ոչ նպատակահարմար»:

Առաջիկայում սպասվում է նաև ավելի մեծ քննարկում: Զինված ուժերի կառուցվածքային բարեփոխումների փաթեթը մանրակրկիտ կքննարկվի ոլորտային մշտական որպես հանձնաժողովում, ինչից հետո՝ ԱԺ լիագումար նիստում: Այն ՊՆ–ն ներկայացնելու է  44-օրյա պատերազմից հետո իրականացրած ուսումնասիրության արդյունք: «ԳՇ-ն ամբողջական վերլուծությունը և ուսումնասիրությունը դեռ չի ավարտել»,- ՊՆ-ից պատասխանել են ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանին: Բայց միաժամանակ դրա  հիման վրա արդեն իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ և ռեֆորմներ:

«Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխությունների ու լրացումների նախագիծը, որը կներկայացվի առաջիկա լիագումար նիստում արմատական փոփոխությունների չի առնչվում․ կանոնակարգում է այն, ինչ մինչ այսօր իրականացվել է, բայց կանոնակարգված չէր՝ նշում է փոխնախարարը: Կանոնակարգումներն առնչվում են հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործմանը․

«Հակաօդային պաշտպանության զորքերն իրավասու են ՀՀ անվտանգությանը սպառնալու դեպքում կամ ՀՀ նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս, ուղեկցել և ստիպել օդանավին կամ թռչող այլ սարքին վայրէջք կատարել օդանավակայաններում կամ համապատասխան այլ տարածքում: Եթե օդանավը կամ թռչող այլ սարքը շարունակում է նշված գործողությունները հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները ոչնչացնում են նշված օդանավը կամ թռչող այլ սարքը»:

2001-ին ընդունված այս օրենքում իրավական բացթողում է եղել: Փոփոխություններով կառավարությունը ստանում է կարգը սահմանելու  լիազորություն՝ ինչ զինատեսակներ են կիրառվելու և ինչպես, նաև սահմանելու է դրանց կիրառման վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:

Ցուցադրել ավելի
Back to top button