ԿարևորՀասարակություն

Թմրանյութի շրջանառության կեղծ մեղադրանքին Հայաստանը պետք է կոշտ հակադարձի․ իրանագետ

Ադրբեջանի՝ ապատեղեկատվությամբ Հայաստանին ու Իրանին հեղինակազրկելու հերթական փորձը կարող է հայ-իրանական համագործակցության նոր առիթ դառնալ՝ կարծում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանն ու Իրանը Լեռնային Ղարաբաղի տարածքն օգտագործել են Եվրոպա թմրանյութեր փոխադրելու համար․

«Ըստ էության հենց ինքը՝ Բաքվի բռնապետը և նրա ղեկավարած պետությունն է տարիներ շարունակ ներգրավված եղել այդ գործընթացներում և դրա վերաբերյալ կա նաև Միացյալ նահանգների պետական դեպարտամետի կարծիքը։ Ուստի, այս համատեքստում, այո, նրա քաղաքականությանը, ըստ էության, միտված է թե՛ Հայաստանին, թե՛ Իրանին հարվածելուն, որը, անշուշտ, նոր մարտահրավեր և նոր ռիսկ է, բայց նաև նոր հնարավորություն հայ-իրանական համագործակցություն ձևավորելու նաև այս ոլորտում»։

Ալիևը Ջրականի՝ Ջաբրայիլի և Կովսականի՝ Զանգելանի շրջանները որպես թմրամիջոց տեղափոխելու ճանապարհ էր մատնանշել ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի իր ելույթում։ Դրան հակադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանն ու Իրանը համատեղ պայքարում են թմրանյութերի միջազգային թրաֆիքինգի դեմ։

Ձայն- «Մենք շատ սերտորեն աշխատում ենք Իրանի իրավապահ մարմինների հետ և արդյունավետորեն պայքարում ենք թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ: Մենք կարող ենք նաև թվեր ներկայացնել թմրանյութերի փոխադրման փորձերի կանխման ու առգրավված թմրանյութերի ծավալների մասին, որոնք պատերազմից հետո 3-4 անգամ ավելացել են։ Ցուցանիշները վկայում են, որ Հայաստանի ու Իրանի իրավապահները արդյունավետ պայքարում են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ»։

Իրանագետի կարծիքով՝ հատկապես նման բարձր հարթակում հնչած կեղծ տեղեկատվությունը պետք է ակտիվ հակազդեցության արժանա, և քարոզչական լծակները այս հարցում պետք է աշխատեն ուժերի գերլարումով։

«Կարծում եմ՝ նման լկտի վարվեցողությունը վաղեմության ժամկետ չի կարող ունենալ բնականաբար արագ արձագանքելը շատ ավելի արդյունավետ ու օգտակար կարող է լինել, բայց ընդհանրապես չարձագանքելը կոպտագույն սխալ կլինի, որովհետև այսօր ԱՊՀ գագաթնաժողովում է նման չակերտավոր հայտարարություն հնչեցվում, վաղը այլ միջազգային հարթակներում կարող է հնչեցվել, և, ինչպես ասում են, պարբերաբար կրկնվող սուտը կարող է ընկալվել որպես ճշմարտություն, կամ ճշմարտացիանման մի բան։ Ուստի արձագանքելը չափազանց կարևոր է, ընդ որում՝ ոչ միայն  հերքելը, այլ նաև ի ցույց դնելը Բաքվի բռնապետի վարքագիծը զանազանն ոլորտներում, որտեղ նա հանդգնում է Հայաստանին ու Իրանին մեղադրել ինչ–որ բաներում»։

Իրանը քարոզչական կեղծիքին կոշտ է արձագանքել։ Պաշտոնական Թեհրանը վճռականորեն հերքում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ իրանական կողմը կապ ունի Կովկասի տարածքով թմրանյութերի տեղափոխման կազմակերպմանը՝ նշել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։

«Իրանցիները արդեն սկսել են բավական լայն քարոզչական արշավ՝ հրապարակելով բազմաթիվ փաստեր, նաև փաստաթղթեր, որտեղ, ըստ էության, երևում է թե Բաքվի բռնապետը և նրա ղեկավարած պետությունը ինչպիսի ներգրավվածություն ունեն նարկոթրաֆիքինգի և զենքի անօրինական վաճառքների գործընթացներում»։

Իրանագետի խոսքով՝ հայ-իրանական միասնական օրակարգով հանդես գալն այնհրաժեշտ է ինչպես այս, այնպես էլ երկու երկրների մասին կեղծ տեղեկատվություն տարածելու Ադրբեջանի մյուս փորձերի դեպքում։ Մասնավորապես, Ոսկանյանի խոսքով, ադրբեջանական կողմը չարամտորեն հավակնում է ոչ միայն հայկական, այլ նաև իրանական մշակութային ժառանգության մի հատվածին։ Ուստի կեղծ տեղեկատվության ռիսկը կարող է դառնալ հնարավորություն և ստեղծել համագործակցության ավելի լայն դաշտ։

Ցուցադրել ավելի
Back to top button