ԿարևորՀասարակություն

Անհավանական ընթրիք «ՏաԹևերում»՝ ճոպանուղու կառուցման 11-ամյակին

«ՏաԹևեր» ճոպանուղու ամենաբարձր կետում՝ 320 մետր բարձրության վրա կազմակերպվել է անհավանական ընթրիք՝ նվիրված «ՏաԹևեր» ճոպանուղու կառուցման 11-ամյակին։

Ոգեշնչվելով Տաթևի վանական համալիրի պատմությամբ և «ՏաԹևեր» ճոպանուղու կառուցման փորձով՝ հայտնի խոհարար Ռաֆայել Կազումյանը հոկտեմբերի 15-ին թռիչքուղու ամենաբարձր կետում՝ ճոպանուղու խցիկում պատրաստեց յուրահատուկ ուտեստ անհավանական փորձառությանը մասնակից դարձած հյուրերի և աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած միջազգային լրագրողական խմբի համար։

Այցելությունը Տաթև կազմակերպվել էր «ՏաԹևեր» ճոպանուղու և «The Armenian Quest» նախագծի կողմից։ Վերջինս իրականացվում է DAR հիմնադրամի և «Bon Vivant Communications»-ի հետ համագործակցությամբ։

Ռաֆայել Կազումյանն աշխատել է Եվրոպայում և Ասիայում միջազգային ճանաչում ունեցող մի շարք ռեստորաններում, որոնցից մի քանիսը Միշլենի 2 աստղ ունեցող ռեստորաններ են։ Նա Ռուսաստանի առաջին «Մաստեր շեֆ» շոուի հաղթողն է և առաջին մասնավոր խոհարարների սպասարկման ընկերության հիմնադիրը Մոսկվայում: Նա նաև «Stage by Dvin» ռեստորանի շեֆ-խոհարարն է և հայկական հայտնի ռեստորանների ճաշացանկերի հեղինակը։  

«Ես ցանկանում էի պատմել «ՏաԹևերի» մասին սիմվոլիզմի միջոցով։ Բոլորիս է հայտնի թևավոր թռչնի և Տաթևի վանքի ճարտարապետի մասին լեգենդը, ով թևեր առնելով նետվեց ժայռից, ձգտելով հասնել հավերժության։ Այդ իսկ պատճառով ինձ համար հավերժության խորհրդանիշը թևավոր թռչնի հավկիթն է և հենց դա էլ ես այսօր ընտրեցի։ Կճեպը պատրաստել եմ չհալչող շաքարից։ Միջուկի ինգլեզե կրեմը ամենահայտնի դեսերտային սոուսն է, որը պատրաստվում է հավկիթի դեղնուցից։ Ես այն պատրաստել եմ՝ օգտագործելով ընկույզի կաթ, այնուհետև դդմի սերմերից պատրաստել եմ քրամբլ, ավելացնելով մեղր։ Իսկ դեղնուցը պատրաստել եմ չիչխանից՝ այն դարձնելով հեղուկ միջուկով շոկոլադե բոնբոն»,-ասաց խոհարար Ռաֆայել Կազումյանը։

Ճախրելով Որոտանի կիրճի վրայով և վայելելով բնության չքնաղ համայնապատկերը՝ հյուրերը նախ շնորհավորեցին «ՏաԹևեր» ճոպանուղու կառուցման 11-ամյակի առթիվ, այնուհետև համտեսեցին խորհրդանշական ուտեստը։ Թռիչքից հետո, նրանք շրջեցին 9-րդ դարում կառուցված Տաթևի վանական համալիրում՝ ծանոթանալով տեղի հարուստ պատմամշակութային և հոգևոր ժառանգությանը։ Շրջայցից հետո, հյուրերին ներկայացվեց «ՏաԹևի վերածնունդ» ծրագրի անցած ուղին և սոցիալ-տնտեսական ազդեցությունը տարածաշրջանի վրա՝ ներառյալ Տաթևի վանական համալիրի վերականգման աշխատանքները, մշակութային, հոգևոր և կրթական կյանքի զարթոնքը համալիրում, զբոսաշրջային, համայնքային զարգացման ծրագրերն ու ապագային միտված նախաձեռնությունները։

«ՏաԹևերը ոչ միայն աշխարհի ամենաերկար (5752 մ) հետադարձելի ճոպանուղին է, այլև Հայաստանի այցեքարտերից մեկը: 11 տարվա ընթացքում մենք սպասարկել ենք ավելի քան 1 միլիոն այցելու, իսկ զբոսաշրջային հոսքը դեպի տարածաշրջան աճել է 17 անգամ։ Ճոպանուղու շնորհիվ ստեղծվել է մոտ 330 մշտական և ժամանակավոր աշխատատեղ, իսկ զբոսաշրջային աճի արդյունքում միայն Տաթև համայնքում բացվել և գործում է շուրջ 100 հյուրանոց և հյուրատուն»,-ասաց «ՏաԹևեր» ճոպանուղու մարքեթինգի գծով ղեկավար Անի Դավթյանը։

Շնորհիվ դրական ազդեցության և փոփոխությունների, ինչպես նաև տեղի յուրահատկության և անկրկնելի փորձառության, «ՏաԹևերը» այս տարի ներառվել է «World Travel Awards» 2021-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» (World’s Leading Cable Car Ride 2021) անվանակարգում, Իսկ Հայաստանը՝ «Աշխարհի առաջատար ժառանգության նպատակակետ» («World’s Leading Heritage Destination 2021») անվանակարգում։ 

Օտարերկրյա հյուրերն ու լրագրողական երկու միջազգային խմբերը հոկտեմբերին ժամանել էին Հայաստան՝ այդ թվում Տաթև, ծանոթանալու ոչ միայն հայկական պատմությանը, մշակույթին և զբոսաշրջային գրավչությանը, այլ նաև բացահայտելու գաստրո տուրիզմի և գինեգործության հնարավորություններն ու ներուժը Հայաստանում։

Ցուցադրել ավելի
Back to top button