ԿարևորՔաղաքական

Ականների մեծ մասը տեղադրել է Ադրբեջանը․ Հայաստանը հիմնավոր հակափաստարկներ է ներկայացրել

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է հիմնավոր հակափաստարկներ՝ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումների ժամանակ: Այս մասին ֆեյսբուքի էջում հայտնում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նա նաև հայտնում է, որ Ադրբեջանը դատարանից պահանջում է հրատապ միջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ:

«Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Ադրբեջանը զոհ է»,-հակադարձելով ադրբեջանական կողմի պնդումներին՝ հայտարարել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ՀՀ-ի շահերը ներկայացնող Եղիշե Կիրակոսյանը:

Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ երբ Հայաստանը հարց բարձրացրեց, թե Ադրբեջանը ատելության խոսք է տարածում, նույնն արեց Ադրբեջանը՝ պնդելով, թե Հայաստանն է դա անում: ԱՎելին, երբ Հայաստանը դիմում է մշակութային ժառանգության ոչնչացման խնդրով, նույնն անում է Ադրբեջանը, Հայաստանը դիմեց դատարանին, ուղիղ մեկ շաբաթ անց նույնն արեց Ադրբեջանը:

Հայաստանի ներկայացուցիչը էթնիկ ատելության հողի վրա տեղի ունեցած ականապատման մասին մեղադրանքներին պատասխան հայտարարել է, թե Ադրբեջանը փորձում է խտրականություն փնտրել մի տեղ, որտեղ այն չկա։ Նա վստահեցրել է, որ Ադրբեջանը կեղծ տեղեկություններ է տարածում այն մասին, թե ովքեր ու ինչ նպատակով են տեղադրել ականները Արցախի սահմաններին։

«Հարյուր հազարավոր ականներ տեղադրել է հենց Ադրբեջանը 90-ականների սկզբում, այդ ականները հակամարտության գոտում ազդել են բոլորի վրա, ցավոք, մենք բոլորս տուժել ենք ականների պատճառով։ Իմ երկիրը ցավում է ամեն կորսված կյանքի համար՝ անկախ մարդու էթնիկ պատկանելիությունից։ Տասնամյակներ շարունակ իմ երկիրը փորձել է ամբողջական ականազերծում իրականացնել, սակայն Ադրբեջանը հետևողականորեն արգելել է հումանիտար առաքելությունները, քանի որ հայկական ծագում ունեցող անձինք էին հիմնականում շահառուները։ Եվ միայն հիմա, երբ այդ մարդիկ տեղահանվել են, Ադրբեջանը հանկարծ բացահայտել է ականազերծման արժեքը»,- նշել է Եղիշե Կիրակոսյանը։

Ըստ Կիրակոսյանի՝ Հայաստանը երկու տարբեր առիթներով ականապատման դաշտերի քարտեզներ է փոխանցել Ադրբեջանին։

«Մենք պատրաստ ենք տրամադրել մեր տրամադրության տակ գտնվող այլ քարտեզներ։ Եվ Հայաստանն այս առաջարկն արել է չնայած այն փաստին, որ որևէ իրավական պարտավորություն չունի նման քարտեզներ տրամադրելու»,- ընդգծել է նա։

Բանավոր լսումները կշարունակվեն հոկտեմբերի 19-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button