ԿարևորՀասարակություն

Ով ում կմիանա․ ՏԻՄ ընտրություններից հետո Սյունիքում լարված է

Սյունիքի մարզի չորս՝ Գորիս, Մեղրի, Տեղ և Տաթեւ համայնքներում կիրակի առաջին անգամ անցկացվեցին ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով: Գորիս համայնքում առաջինը «Առուշ Առուշանյան» դաշինքն է, երկրորդը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն է, վերջում՝ «Հայ ազգային կոնգրես»-ը: Տեղում «Քաղաքացիական պայմանագիր»-ը հաղթեց «Ապրելու երկիր» կուսակցությանը: Մեղրի եւ Տաթև համայնքներում առաջադրված ուժերը չեն ստացել ընտրողների քվեների կեսից ավելին, ուստի, համայնքի ղեկավար ընտրվելու է նորընտիր ավագանու կազմից։ Մանրամասները՝ Սյունիքից Արմեն Դավթյանն է ներկայացնում:

Հոկտեմբերի 17-ին Մեղրիում անցկացված ավագանու ընտրություններում առաջադրված 4 կուսակցություններից ոչ մեկը չի ստացել ընտրողների քվեների մեծամասնությունը։ Նախնական արդյունքներով, 8595 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 5098 ընտրող։ Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն»-ն ստացել է 2133 քվե, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 1637, Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցությունը՝ 716, Մանե Թանդիլյանի «Ապրելու երկիր»-ը՝ 487 քվե։ Նախնական հաշվարկ, Մեղրիի նոր ավագանու կազմում «Հանրապետություն»-ը կունենա 6 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 5, «Ազատական» ու «Ապրելու երկիրը» կուսակցությունները՝ 2-ական մանդատ։ Ըստ ընտրական օրենսգրքի՝ եթե  կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրացուցակը գլխավորող անձը հրաժարվում է կամ ավագանու ընտրությունների արդյունքով որևէ ուժ չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա համայնքի ղեկավարն ընտրվում է բաց քվեարկության միջոցով՝ ավագանու կազմից։ Փորձեցինք ճշտել՝ որքանո՞վ է հավանական նոր ավագանու կազմում կոալիցիայի ձևավորումը: Արմեն Հայրապետյան. «Ապրելու երկիր».

«Որևէ մեկը որևէ մեկին միանալու շուրջ քննարկում չի արել։

-Այսինքն, առայժմ չկա, իսկ կլինի՞, կամ դուք չե՞ք միանա։

-Էս պահին որևէ քաղաքական որոշում չկա»։

«Հանրապետություն» կուսակցության ցուցակի առաջին համար Բագրատ Զաքարյանը ավագանու բոլոր անդամների հետ կաշխատի, բայց բանակցելու մտադրություն չունի. «Չէ, չենք էլ պատրաստվում։ Ով լինի ավագանու անդամ, իր խղճի չափով թող իր քվեարկությունն անի»։

Բանակցելու հավանականությունը չբացառեց «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորող, Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանը: Ասաց՝ հարգում է յուրաքանչյուր ընտրողի քվե.

«Հանրապետությանը» տրված քվեները, մենք, իհարկե, ընդունում ենք: Մեր ժողովրդի ընտրությունն է: Նաև հաշվի առնելով մյուս քաղաքական ուժերի, մեր ընտրողների քվեն՝  կոալիցիա ստեղծելու համար բանակցում ենք՝ ի բարօրություն Մեղրիի, ինչո՞ւ չէ՝ նաև ողջ տարածաշրջանի»։

«Ազատական» կուսակցության ցուցակը գլխավորող Խաչատուր Անդրեասյանը ամբողջ օրվա ընթացքում անհասանելի էր։

Նույնանման իրավիճակ է ստեղծվել Տաթև համայնքում։ 4197 ընտրողից քվեարկել է  2615-ը: 1280 ձայն ստացել է «Քաղաքացիական պայմանագիրը», 949-ը՝ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, 337-ը՝ «Ապրելու երկիր»-ը:  Տաթև համայնքի ավագանին նույնպես կունենա 15 անդամ: Կառավարող ուժի ներկայացուցիչները  վերահաշվարկի դիմում են ներկայացրել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողով: «Շանթ դաշինքի» համայնքապետի թեկնածու Սամվել Լալայանը սպասում է հաշվարկների արդյունքներին․

«Հիմա սպասում ենք դրանց, տեսնենք՝ ոնց կլինի: Դրանից հետո կսկսենք բանակցելը»։

Հոկտեմբերի 17-ի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն առաջիկա կիրակի, ինչին կհաջորդի մանդատների բաշխումը:

Ցուցադրել ավելի
Back to top button