ԿարևորՀասարակություն

ՄԱԿ–ի միջազգային դատարանի որոշումը չկատարելու դեպքում կներգրավվի Անվտանգության խորհուրդը

ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանն այսօր  սկսել է Հայաստանի դեմ Ադրբեջանի հայցի քննությունը։ Պաշտոնական Բաքուն պահանջում է Երևանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառել «Հայաստանի սպառնալիքներից Ադրբեջանին պաշտպանելու համար»։

Ադրբեջանի հայցը գրեթե կրկնում է Հայաստանի բողոքը։ Երկու օր առաջ միջազգային դատարանը լսում էր մեր  հայցն ընդդեմ Ադրբեջանի, որում  հայկական կողմը  բազմաթիվ փաստեր է ներկայացրել «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի» դրույթների խախտման վերաբերյալ: Հայկական կողմը մինչեւ բուն գործի քննությունը հրատապ միջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացրել, նույնն կերպ է վարվել նաեւ ադրբեջանական կողմը։ 

Երկու օր առաջ՝  հոկտեմբերի 14-ին և 15-ին, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը լսում էր Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի միջնորդությունը։  Մինչև հայցի բուն քննությանն անցնելը հայկական կողմն առաջարկել էր հրատապ միջոց կիրառել ՝ Ադրբեջանին պարտավորեցնելով առաջին հերթին ազատ արձակել հայ ռազմագերիներին ու փակել Բաքվի «Ռազմավարի պուրակը»։ 

Հայաստանի կողմից հրատապ միջոցի կիրառման լսումներին հաջորդել է Ադրբեջանի նույնաբովանդակ գանգատի քննությունը՝ ընդդեմ Հայաստանի։ Պաշտոնական Բաքուն ՄԱԿ-ի միջազգային դատարանից պահանջում է  Երևանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառել  «Հայաստանի սպառնալիքներից Ադրբեջանին պաշտպանելու համար»։

Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը դատարանում ասել է, թե Հայաստանը շարունակում է ադրբեջանցիների նկատմամբ ատելություն սերմանել և բռնություն հրահրել՝ պատսպարելով զինված խմբավորումներին, ինչպես նաև աջակցելով ու ֆինանսավորելով ապատեղեկատվական գործողություններ։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի՝ խոսքով Բաքվի ներկայացրած փաստերն ուռճացված են։  Ու թեեւ Հաագայի դատարանում  ներքին համոզմունք կա, որ հայկական կողմը պատկերը ճիշտ է ներկայացնում, իսկ Ադրբեջանը չափազանցնում է, սակայն համոզմունքը մի բան է, փաստերով խոսելը՝ մեկ այլ բան ՝ ասում է Ղազարյանը։

«Օրինակ՝ Ադրբեջանի օմբուդսմենը Սաֆարովին օրինակ է բերում երիտասարդներին, որպեսզի նրան նմանվեն։ ՀՀ օմբուդսմենը նման բան երբեւէ չի արել։ Սա փաստ է այլատյացության մասին»։

Հայաստանը պահանջել  է միջազգային դատարանից  ժամանակավոր միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի այդ երկիրը անհապաղ ազատ արձակի 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին զինված ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ հայտնված բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և կալանքի տակ գտնվող այլ անձանց։

Հայաստանը դատարանից պահանջում է նաև կանխել, արգելել և պատժել Ադրբեջանի վանդալիզմը` հայկական ժառանգության նկատմամբ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ հայկական կողմի ներկայացրած փաստարկները ստուգված են նաեւ ՄԻԵԴ–ում՝ ի տարբերություն ադրբեջանական անհիմն մեղադրանքների․

«Փաստական հանգամանքներն ավելի հարուստ ներկայացված են հայկական կողմի փաստարկներում, ավելին՝ դրանք ստուգված են ՄԻԵԴ–ւմ։ Ադրբեջանում կողմը ընդամենը փորձում է հայելանման փաստարկներ ներկայացնել»։  

Հայաստանը նաև պահանջում է, որ մինչ դատարանի կողմից միջոցներ կիրառելը Ադրբեջանը զեկույց ներկայացնի դատարանին` իր ձեռնարկած բոլոր միջանկյալ միջոցների վերաբերյալ ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում։ Այնուհետև վեց ամիսը մեկ զեկուցի դատարանին, թե ինչ է արել այդ ընթացքում․

«ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը իր որոշումների կատարման համար վերահսկողական մեխանիզմներ չունի, դրա համար ՀՀ մոնիտորինգային միջոց կիրառելու հարց է դրել, որպեսզի հասկանանք, թե ինչ առաջընթաց կա որոշումների կատարման մասով։ Դատարանը չունի  վերահսկողական ֆունկցիա, եւ դրա համար երկրները մանեւրում են որոշումները։ Իհարկե, դա կարող է թղթի վրա մնալ, բայց կդառնա պատմական փաստ։ ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանի որոշումները քաղաքական դերակատարների իրագործման հարցն է»։

Սիրանուշ Սահակյանի  խոսքով, սակայն, Հաագայի դատարանը գործում է ՄԱԿ–ի հովանու ներքո եւ վճիռների չկայացման դեպքում կարող է ներգրավել ԱԽ–ին եւս՝ որոշումները կատարելու համար։

Դատարանի նախագահը հայտարարել է, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում: Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը հրատապ միջոցների կիրառման մասով որոշում  ակնկալում է մեկ ամսվա ընթացքում, հակառակ դեպքում որոշումը կարող է ուշացած լինել։

«Կարծում եմ՝ մեկ ամիս կտեւի, հակառակ դեպքում անիմաստ կլինի։  Կարծում եմ ՝դատարանը կբավարարի  երկու կողմին էլ։ Հայկական կողմին գերիների մասով, պուրակի մասով , պատմամշակութային հուշարձանների պահպանության մասով։ Իսկ Ադրբեջանին, կարծում եմ, քարտեզների տրամադրմամբ»։ 

Ադրբեջանական կողմի միջնորդությունների շուրջ լսումները դեռ շարունակվում են։ Թե ինչ արձագանքներ կլինեն Հաագայի դատարանում, պարզ կդառնա ավելի ուշ։

Ցուցադրել ավելի
Back to top button