ԿարևորՀասարակություն

Գյումրիում քաղաքը կառավարող ուժը հաղթեց երկիրը կառավարող ուժին

Գյումրիում, հոկտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքներով ձևավորվող նոր ավագանու կազմում, ըստ նախնական տվյալների, կլինեն 5 քաղաքական ուժեր, դրանցից  3-ը՝ ընդդիմադիր.  «Զարթոնք», «Հանրապետական» և «Ապրելու երկիր» կուսակցությունները ևս ներկայացված կլինեն Գյումրու քաղաքային իշխանությունում: Առաջին տեղն զբաղեցրած  «Բալասանյան դաշինք»-ը կունենա 14, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 11 մանդատ. կձևավորվի՞ Գյումրիի նորակազմ ավագանիում կոալիցիա թե՞ ոչ. պարզ կդառնա մինչև նոյեմբեր:   

Գյումրին կառավարելու համար ընտրապայքարի մեջ մտած 10 քաղաքական ուժերն ակնկալում էին, որ հոկտեմբերի 17-ի ընտրություններին մասնակցողները շատ կլինեն. ստացվեց հակառակը:

Գրանցված 109 453 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 26 417 գյումրեցի, կամ ընտրողների ընդհանուր թվի 24,14 %-ը:

Գյումրիում տեղակայված 31 ընտրատարածքի 82 ընտրատեղամասերից ամենաակտիվը քվեարկել են 75-րդում՝ 35.15 %, իսկ ամենացածր ցուցանիշը  գրանցվել է Անտառավան թաղամասում  տեղակայված 35-րդ ընտրատեղամասում 13,25%:

Ընտրություններում մասնակցության նման ցածր ցուցանիշ Գյուրմրիում երբևէ չի գրանցվել: Ինչո՞ւ շատ գյումրեցիներ չգնացին ընտրատեղամասեր. որպես պատասխան հնչող ենթադրությունները տարբեր են: Գյումրու տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյան։

«Բացատրելու էլ չէ, թե ինչու է ժողովուրդն այսքան պասիվ։ Բացատրությունը թող քաղաքական ուժերը տան, մենք միայն ֆիքսում ենք եղածը»։

Ընդհանուր առմամբ, Գյումրիում ավագանու ընտրությունների ընթացքում աղմկահարույց միջադեպեր չեն գրանցվել:  

Լրագրողների առցանց խմբում պարբերաբար ահազանգեր էին հնչեցնում «Թասիբով» դաշինքի անդամները: Տեղեկացնում էին, որ որոշ տեղամասերում կուտակումներ կան,  մարդկանց ավտոբուսներով են բերում, մի ահազանգից հայտնի դարձավ, որ  31/06  ընտրատեղամասում Վրաստանի քաղաքացի է քվեարկել՝ Մադոյան Ռոզա անուն-ազգանունով։ 

Թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանն ասաց՝ լսել են ահազանգերն ու գնացել հետքերով: Կուտակումների դեպքում պարզվել է, որ 31/53 տեղամասի մոտակա տարածքում հավատացյալների հավաք է եղել։ Օտարերկրյա քաղաքացու քվեարկության առումով էլ պարզաբանում է.

«Գյումրիի ավագանու ընտրություններին կարող նաև Բուրկինա Ֆասոյի քաղաքացի քվեարկել, կամ՝ Արգենտինայի, եթե այդ քաղաքացին Գյումրիում 1 տարվա հաշվառում ունի»։

ՀՀ դատախազության հաղորդագրության համաձայն՝ Շիրակի մարզի ՏԻՄ ընտրություններում առերևույթ հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ 20 հաղորդումներից 4-ով նյութեր են նախապատրաստվում։

Հայտնի է, որ հոկտեմբերի 17-ից առաջ Շիրակի մարզպետարանից 50 000 ական դրամ սոցիալական օգնություն է տրամադրվել քաղաքացիներին։ Լրագրողները երեկ այս մասին հարց տվեցին Շիրակի մարզպետ և ՔՊ ցուցակը գլխավորող Հովհաննես Հարությունյանին. արդյո՞ք սա ընտրակաշառք չէ.

«Դա ընդհանրապես սոցիալական աջակցություններն են, որ կապ չունեն ընտրությունների հետ։ 30 տարի մարդիկ ապրելու խնդիր են ունեցել, միշտ դիմել են և աջակցություններ են ստացել։ Թող մարդիկ մտածեն 30 տարի այդ մարդկանց սոված չթողնեին, ապրելու միջոց տային և հիմա նման բաներ չասեին»։

Ընդդիմադիր «Թասիբով դաշինք»ի քաղաքապետի թեկնածու իրավաբան Կարապետ Պողոսյանը հիշեցնում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասին. նա, ասում է, կալանավորվել է հենց քաղաքացիներին քաղաքապետարանից սոցօգնություն տրամադրելու համար։ 

Հովհաննես Հարությունյանի պարզաբանումը՝ մարզպետարանից բաժանված սոցօգնության վերաբերյալ, Կարապետ Պողոսյանը չի ընդունում. «Ինքը ոնց կմեկնաբանի՝ իր գործն է, օրինապահ մարմինները կանդրադառնան, թե՞ ոչ՝ հարցի մյուս կողմն է»։

Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանը «Ռադիոլուր»-ին տեղեկացրեց, որ գործն ուսումնասիրման փուլում է։

Նախնական արդյունքներով Գյումրիում ընտրություններին մասնակցած քաղաքական 10 ուժից 5-ը կհամալրեն ավագանու կազմը։ Ընտրական անցողիկ շեմը չեն հաղթահարել «Հայրաքաղաք», «Գյումրին կռնա» և «Թասիբով» դաշինքները, իսկ կուսակցություններից՝ «Արժանապատիվ ուղի»-ն և Կոմկուսը:  

Գյումրու ավագանին ձևավորող 5 կուսակցություններից ամենաշատ քվեն ստացել է «Բալասանյան դաշինք»-ը: Այս ուժն ավագանում կունենա 14 մանդատ՝ 33-ից:  Մնացած 19 մանդատները, ըստ նախնական տվյալների, կբաշխվեն հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 11 մանդատ, «Զարթոնքը»՝ 4 մանդատ, «Ապրելու երկիր» և «Հանրապետական»՝ 2 ական մանդատ: Ընտրությունների վերջնական արդյունքները կհաստատվեն հոկտեմբերի 24-ին, իսկ նոյեմբերի առաջին կեսին նորընտիր ավագանու առաջին նիստում կընտրվի Գյումրու նոր քաղաքապետը։

Ի դեպ, ընտրություններում հաղթած «Բալասանյան դաշինք»-ի քաղաքապետի թեկնածու, ցուցակը գլխավորող Վարդգես Սամսոնյանը այս ընտրարշավին հետևեց մահճակալից. նա հիվանդացել էր քովիդով:  Գյումրիում արդեն սրախոսում են՝  ՔՊ-ն Գյումրիում պարտվեց պառկած, իսկ Գորիսում՝ «նստած» թեկնածուներին:

Ցուցադրել ավելի
Back to top button