ԿարևորՀասարակություն

Ապօրինի գույքի բռնագանձման առաջին գործը դատարանում է

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ՝ տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։

Իրավասու մարմինը պահանջ է ներկայացրել դատարանին Սերոբ Հարությունյանից և Անուշ Անտոնյանից բռնագանձել Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանն ու ավտոկայանատեղին՝ շուրջ 200 միլիոն դրամ արժեքով: Նշված անձանց մի քանի հարյուր միլիոն  դրամի այլ պահանջներ էլ են ներկայացվել ՝ օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախսերի կամ գույքի ձեռք բերման վերաբերյալ։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվեց անցյալ տարի և ուժի մեջ մտավ 2020-ի մայիսից: Աղմկահարույց բացահայտումներ, սակայն, նախորդ մեկուկես տարվա ընթացքում չեն եղել: Պատասխանատուներն ասում են՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորմամբ գործընթացն ավելի առարկայական կդառնա․ ուսումնասիրություններից շատերն արդեն ավարտական փուլում են։

Գլխավոր դատախազության տվյալներով՝ մի շարք ուսումնասիրությունների շրջանակում երեք տասնյակ դիմումներ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ բանկային, վարկային կամ  առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ ստանալու նպատակով, որոնք բավարարվել են։

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշում է ընդհանուր ուսումնասիրությունների թիվը.

«Այդ թալանը, որը տարիներով եղել է, տեղի է ունեցել մոտ 1000 բարձրաստիճան պաշտոնյաների շրջանակում: Վերջին 1-2 տարում արդեն 300 ուսումնասիրություն է կատարվել  300 պաշտոնյայի վերաբերյալ: Դրանցից արդեն տասնյակ գործեր ավարտական փուլում  են, և հիմա մենք սկսելու ենք «հունձքը»  բերել ժողովրդին», –ասում է նախարարը:

Այս գործերով անուններ չեն հրապարակվում և չեն շրջանառվում: Բայց գլխավոր դատախազությունից տեղեկանում ենք, որ վերոնշյալ ուսումնասիրությունների նյութերով հայտնի բոլոր շահագրգիռ անձինք պաշտոնական հայտարարությունների «Ազդարար» առցանց հարթակի միջոցով ծանուցվել են հնարավոր ապօրինի ծագում ունեցող իրենց պատկանող գույքի առկայության կապակցությամբ  ուսումնասիրությունների արդյունքում հավաքված նյութերին ծանոթանալու և ստացված տվյալների առնչությամբ իրենց դիրքորոշումը ներկայացնելու միասին: Այդ անձանց մի մասն արդեն իսկ ստացել է ուսումնասիրությունների նյութերը, դիրքորոշում ներկայացրել, ինչը նշանակում է, որ առաջիկայում համապատասխան ուսումնասիրությունների արդյունքներով դատարան կներկայացվեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումներ։

Նշված ժամանակահատվածում ավարտված 10 ուսումնասիրություններով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 90 անշարժ և 19 շարժական գույք, 21 ընկերություններում մասնակցություններ։ Ընդհանուր գումարը գերազանցում է  21 միլիարդ դրամը:

Ապօրինի ծագմամբ գույքի գործերով զբաղվելու է նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեն: Հատուկ քննչական ծառայության նախկին ղեկավար Սասուն Խաչատրյանը սեպտեմբերի 16-ից արդեն նոր կառույցի  նախագահն է: Մրցույթի ժամանակ հայտնի դարձավ հենց նրան վերաբերող  հետաքրքիր փաստ: Պարզվել է՝ Խաչատրյանը մեքենա չի հայտարարագրել, բայց վարում է «Պորշ կայեն» (Porsche Cayenne) մակնիշի մեքենա: Վստահեցրել է, թե իրենը չէ՝  կնոջ եղբոր մեքենան է: Մրցույթային հանձնաժողովի անդամները հավատացին վստահեցումներին:

Օրենքով սահմանված ժամկետները հուշում են. նշանակումից հետո Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը մեկամսյա ժամկետում պետք է հաստատի կոմիտեի կառուցվածքը, պաշտոնների հաստիքացուցակը: Այնուհետև եռօրյա ժամկետում կառաջարկի, որ ՀՔԾ-ում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք ժամանակավորապես համալրել են Հակակոռուպցիոն կոմիտեի թափուր հաստիքները: Նախնական տարբերակով  20 հաստիք էր նախատեսված, հետո ԱԺ-ում ընդունված փոփոխություններով այդ թիվը սահմանվեց 30: Առաջարկը իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանինն էր:

«Փաստն այն է, որ առաջին 20 հաստիքներից 10-ը ղեկավար պաշտոններն են՝ կոմիտեի նախագահ, տեղակալներ, վարչության պետեր: Ինքնավար քննիչների պաշտոնները, ըստ էության, մնում են 10-ը։ Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճի պայմաններում այլևս ակնհայտ է, որ այդ հաստիքներով Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքների բնականոն կազմակերպումը շատ դժվար է լինելու: Այդ իսկ պատճառով առաջարկվել է, 20 հաստիքը 30 դարձնել»:

Հակակոռուպցիոն կոմիտեի թափուր հաստիքների համալրման հաջորդ օրն ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքը: Այդ պահից ուժը կորցրած է ճանաչվելու ՀՔԾ մասին օրենքը, և դադարեցվելու է Հատուկ քննչական ծառայության գործունեությունը: Առաջիկա օրերին արդեն Հակակոռուպցիոն կոմիտեի առաջին թափուր պաշտոններում նշանակումներ կլինեն․ պատգամավոր Հովակիմյանը վկայակոչում է օրենքի պահանջը.

«Ըստ էության՝ հոկտեմբեր ամսվա երրորդ տասնօրյակի մեջ Հակակոռուպցիոն կոմիտեի առաջին հաստիքների համալրումը պետք է տեղի ունենա»:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը մշակվել է վերջին 2 տարվա ընթացքում: Այն կիրառվելու է առաջին անգամ: Իշխանական թիմը բազմիցս ճշտել է՝ օրենքը «նախկինների» համար չի մշակվել, թիրախում կլինեն նաև գործող և ապագա պաշտոնյաները: Կարեն Անդրեասյանը, սակայն, արագ բացահայտումներ չի խոստանում: 

«Ժողովուրդը պետք է հասկանա, որ տարիներ շարունակ տեղի ունեցած կոռուպցիոն, մաֆիոզ գործունեությունը առանձին անհատների, որոնք նաև պրոֆեսիոնալ ձևով թաքցրել են բոլոր հետքերն ու հետևանքները, շատ դժվար է իրավապահների համար հիմա գնալ և այդ բոլոր թելերը արագ բացահայտել»:

Ուսումնասիրության փուլում գտնվող շուրջ մեկ տասնյակ գործերով իրավապահ համակարգը  ուղարկել է միջազգային հարցումներ։

Գլխավոր դատախազությունում դիտարկվում է նաև ուսումնասիրությունը հաշտության համաձայնությամբ ավարտելու հնարավորությունը, որի պարագայում կարող է պետությանը փոխանցվել  ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի նվազագույնը 75 տոկոսը:

Ցուցադրել ավելի
Back to top button