ԿարևորՀասարակություն

Անգլերենն ու իսպաներենը դիրքերը չեն զիջում, մրցակցային են դարձել նաև չինարենն ու կորեերենը

Հատուկ ուշադրություն դարձնելով բժիշկների մասնագիտական կրթության կատարելագործմանը՝ Հայ-ֆրանսիական գիտաբժշկական համաժողովի ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է ֆրանսերենի ուսուցումը Երևանի պետական բժշկական համալսարանում, նշել, որ ուսանողները հետաքրքրված են ֆրանսերենով, ինչը կնպաստի համատեղ ծրագրերի իրականացմանը, փորձի փոխանակմանը։ «Ռադիոլուր»-ը փորձել է պարզել՝ փոխվե՞լ է արդյոք ուսանողների լեզվական նախասիրությունները։

Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական  համալսարանի «Սոցիալական գիտությունների և սերվիսի» ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը նշում է՝ վերջին տարիներին պատկերը փոխվել է: Դիրքերը չի զիջել անգլերենը, դարձյալ առաջին հորիզոնականում է: Սակայն եթե տարիներ առաջ, որպես առաջին մասնագիտություն, ուսանողներն ընտրում էին արևմտյան լեզուներ, ապա այսօր երկրորդ հորիզոնականում չինարենն է, իսկ երրորդում՝ կորեերենը: «Չինարենը և կորեերենը համեմատաբար նոր են Լեզվաբանական համալսարանի կրթական պլանում, բայց հասցրել են որպես առաջին մասնագիտություն՝ դառնալ առաջատարներից»,- ասում է Ցոլակ Ակոպյանը.

«Ցավոք սրտի ունենք լեզուներ, որոնց նկատմամբ հետաքրքրության անկում է նկատվել ուսանողների շրջանում: Օրինակ, ռուսերենի հանդեպ հետաքրքրությունը շատ է նվազել: Իտալերենով ու իսպաներենով հետաքրքրվողներն են նվազել: Իհարկե, խմբեր ձևավորվում են, բայց առաջվա նման հետաքրքրություն չկա»,-ասում է Ցոլակ Ակոպյանը։

Բուհն ուսանողին հնարավորություն է տալիս 15 լեզուներից ընտրել երկրորդ օտար լեզու։ Այս դեպքում էլ է պատկերը փոխվել, վերջին երկու տարում երկրորդ օտար լեզուների շարքը համալրել են թուրքերենն ու ադրբեջաներենը: Այս լեզուների նկատմամբ հետաքրքրություն կա նաև ոչ լեզվաբանական ֆակուլտետներում: Լրագրության ֆակուլտետում, օրինակ, այս լեզուները հաճա են ընտրում.

«Ուսանողները, որպես երկրորդ լեզու, ընտրության հնարավորություն ունեն, և այստեղ էլ որոշակի տենդենցներ կան: Որպես երկրորդ օտար լեզու՝ շատ են ընտրում իսպաներեն ու ֆրանսերեն, բայց ուշագրավ է, որ ոչ վաղ անցյալում ուսանողներն այս լեզուներն ընտրում էին որպես առաջին լեզու»,-նշում է Ցոլակ Ակոպյանը։

 «Ռադիոլուր»-ը զրուցել է նաև ԵՊՀ «Եվրոպական լեզուների և հաղորդակցության» ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանի հետ: Նրա խոսքով՝ ռոմանագերմանական լեզուներ ուսումանասիրող ֆակուլտետում պատկերն այլ է.

«Անգլերենը շարունակում է մնալ ամենաարդիականաը։ Անգլերենին, շատ չնչին տարբերություններով, հաջորդում են իսպաներենը, ֆրանսերենը, իտալերենը, վերջում՝ գերմաներենը։ Ընդհանուր առմամբ, առաջին տեղը կիսում են հենց անգլերենն ու իսպաներենը, այս լեզուներով են ավելի շատ հետաքրքրված»,-ասում է Գևորգ Բարսեղյանը։

Ֆակուլտետի դեկանն ասում է՝ վերջին շրջանում աճել է նաև հետաքրքրությունը պորտուգալերենի նկատմամբ: Արդեն մի քանի տարի՝ գործում է համապատասխան մագիստրոսական ծրագիր, որը պատրաստում է պորտուգալերենի թարգմանիչներ։

Ցուցադրել ավելի
Back to top button