ԿարևորՀասարակություն

Ամենաբարդն անհետ կորածների հարազատների հետ աշխատելն է․ ԱԻՆ–ը ամփոփում է աջակցության ծրագիրը

Պետության ֆինանսավորմամբ իրականացվող հոգեբանական աջակցության ծրագրից օգտվել են  զոհված զինծառայողների հարազատները, վիրավորում կամ հաշմանդամություն ստացած զինծառայողները, պատերազմի մասնակիցները, տեղահանված  բնակիչները. ընդհանուր՝ շուրջ 1200 քաղաքացի: Ծրագրից օգտված քաղաքացիների թիվը վիրավորում ստացածների, անհետ կորած և զոհված զինծառայողների թվի միայն մի փոքր մասն է կազմում, այսինքն, քչերն են օգտվել ծրագրից։ ԱԻ նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանն ամփոփելով աշխատանքային 4 ամիսները՝ արձանագրում է, որ խնդիրը հոգեբանին դիմելու բարդույթն է։

«Մենք ազգովի չունեցանք հնարավորություն հակազդելու թշնամուն, և այդ բացասական էներգիան մնացել է մեր ներսում, և շատ հաճախ կարող է պարպվել մեր հարազատ մարդու կամ ընտանիքի անդամների վրա։ Մեր աշխատանքը միտված է նրան, որ կանխենք ալկոհոլի չարաշահումները, ագրեսիվ վարքի դրսևորումը։ Հայտնի փաստ է, եթե մենք տրավմաների հետ համապատասխան քայլեր չձեռնարկենք, այդ տրավմաները վերածվում են անցանկալի վարքի»,– ասում է Պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչիկ Գասպարյանը։

Աջակցության ծրագիրն իրականացնելու համար պետբյուջեից ԱԻՆ-ին հատկացվել է 100 միլիոն դրամ։ Ծրագրում ընդգրկվել և աշխատում են շուրջ 60 բարձրակարգ հոգեբաններ: Խաչիկի Գասպարյանը նկատում է՝ ամենաբարդը անհետ կորածների հարազատների հետ աշխատելն է.

«Հոգեբանության մեջ կա այսպիսի հասկացություն․ երբ մարդ սգի մեջ է, դա ևս թերապիա է, և մարդը կամաց–կամաց դա հաղթահարում է։ Իսկ անհետ կորած անձանց ընտանիքներում այդ տրամաբանությունը չի գործում։ Նմանատիպ դեպքերում շատ նրբանկատ աշխատանք է իրականացվում։ Անհետ կորածների ընտանիքների հետ աշխատելու համար մենք ընտրել ենք ամենափորձառու մասնագետներին»։

Հոգեբանական աջակցության ծրագիրը կարճաժամկետ է. կավարտվի դեկտեմբերին: Հոգեբանական վերականգնման ծառայությունների մատուցման ծրագրի կառավարիչ Արտակ Գրիգորյանը նկատում է՝ ծրագիրը կավարտվի, բայց շատերը հոգեբանական աջակցության կարիքը դեռ կունենան.

«Մինչև տարեվերջ մենք կհասցնենք ևս 300-350 շահառուների սպասարկել։ Հաշվի առնելով որ պատերազմին մասնակցածների մի զգալի մասը գտնվում է զինվորական ծառայության մեջ՝ մենք դեռ անելիքներ ունենք հենց այս թիրախային խմբի հետ։ Շատ կարևոր է ծրագրի շարունակական լինելը»,– ասում է Արտակ Գրիգորյանը։

Հետազոտությունները փաստում են՝ պատերազմի հետևանքով տրավմաներ ստացած մարդկանց ամենամեծ խնդիրը միջանձնային հարաբերություններում ունեցած դժվարություններն են.

«Ինձ հանդիպած դեպքերում կան քնի խանգարումներ, մեղքի զգացումներ, քանի որ, որպես կանոն, այդ մարդիկ բազում կորուստներ են ունեցել: Իրենց մոտ այդ մեղքի զգացումը կա. գուցե իրենք կարող էին ինչ–որ մի բան անել, բայց չեն արել»,– պատմում է Պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչիկ Գասպարյանը։

Պատահել է՝ շահառուն ինքն է ծառայակից ընկերներին ներկայացնում ծրագիրն ու առաջարկում օգտվել դրանից՝ պատմում են ծրագրի համակարգողները և նկատում՝ ցանկալի արդյունք ստանալու համար կարևոր են նաև պատերազմը վերապրածների սոցիալականացման ծրագրերը։ «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» շուրջ 300 վիրավոր նախկին զինծառայողի համար 3 տասնյակից ավելի կրթական ծրագրեր են իրականացվում։ Լեզուներ ու ծրագրավորում, դիզայն ու  հաշվապահություն։ Դասընթացների համար ընտրում են հետագայում աշխատելու, ինքնաիրացվելու, հաջողելու համար առավել հեռանկարային մասնագիտություններ։ 

«Կրթական ծրագրերը ոչ միայն սոցիալիզացիայի հարց են լուծում, այլև թերապևտիկ ազդեցություն ունեն։ Բժիշկներն էլ փաստում են, որ այն տղաները, որոնք ներգրավված են կրթական ծրագրերում, նրանց մոտ ապաքինումն էլ ավելի արագ է ընթանում, իրենց տրամադրությունն է բարձր, իրենք ավելի շփվող են, ավելի խաղաղ են, որովհետև հստակ գիտեն՝ ուր են գնում»,– ասում է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի» կրթական ծրագրերի համակարգող Նունե Բալյանը։

Տրավմաները աճելու հնարավորություն են՝ նկատում է ԵՊԲՀ-ի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը: Նա հորդորում է  պարտության հետևանքով առաջացած էներգիան ուղղել դեպի ազգային բարօրություն։

Ցուցադրել ավելի
Back to top button