ԿարևորՄիջազգային

ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսից մահվան դեպքերի չորրորդ անընդմեջ առավելագույն ցուցանիշը

Ռուսաստանում վերջին յոթ օրվա ընթացքում հայտնաբերված կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասել է  առավելագույնի: ՏԱՍՍ -ի փոխանցմամբ՝ նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալների համաձայն՝ այս շաբաթ գրանցվել է 217,322 նոր դեպք, ինչը 15,1% -ով բարձր է նախորդ շաբաթվա դեպքերի թվից,  և գրեթե 7,7% -ով  գերազանցում է 2020 թվականի դեկտեմբերի վերջին գրանցված առավելագույն ցուցանիշը:

Այսպես կոչված ակտիվ դեպքերի թիվը, այսինքն ՝ այս պահին բուժվող հիվանդների թիվը յոթ օրվա ընթացքում ավելացել է 67,920-ով ՝ հասնելով 768,751-ի:

Միևնույն ժամանակ, կորոնավիրուսային վարակից ապաքինվածների թիվը շարունակում է աճել. եթե անցած շաբաթ բուժվել էր 132,154 մարդ, ապա այս շաբաթ ՝ 142,505:

Ռուսաստանում հիվանդացության աճին զուգահեռ աճում է նաև մահացությունը: Անցած յոթ օրվա ընթացքում երկրում գրանցվել է նոր վարակի հետևանքով մահվան 6,897 դեպք: Նախորդ շաբաթ մահացածների թիվը 6,497 էր: Սա արդեն մեկ շաբաթվա ընթացքում մահերի թվի չորրորդ անընդմեջ առավելագույն ցուցանիշն է:

Back to top button