Ստարտափ Հայաստան

«UDIVILA»-ն զարմացրել է շատերին․ «Ստարտափ Հայաստան»

Մարիամ Լորեցյանն ու Ելենա Գևորգյանը ստեղծեցին հայկական արտադրության UDIVILA-ն, որի անվանումն առաջին հայացքից հիշեցնում է ռուսերեն բառ, ու տպավորություն կա, թե բրենդը ստեղծվել է Ռուսատանում, բայց հեղինակներն ասում են, որ չեն էլ մտածել հենց ռուսերեն անվանում ընտրելու մասին, այդպես ստացվել է։

Իրենք նորաձևությամբ սկսել են վաղուց հետաքրքրվել, ասում են, ինչ-որ նոր բան տեսնելիս անպայման ուզում էին առաջինն ունենալ։ Տարիներն անցնում են ու ընկերուհիները զգում են, որ այն, ինչն իրենք հավանում են, հավանում են նաև իրենց նման շատերը։

Քաղաքում քայլելիս նմանատիպ հագուստներով կանայք ու աղջիկները շատանում էին, ասում են, ու հենց դրանից էլ առաջացավ այն միտքը, որ կարելի է ստեղծել մի այնպիսի բրենդ, որի արտադրանքը հատուկ կդարձնի այն կրողին և կտարբերի մյուսներից։

Բիզնեսը գրանցելուց հետո Մարիամն ու Ելենան անցնում են գործի։ Քանի որ Հայաստանում նորաձևության ոլորտում նորարարությունները քիչ են, ուստի և ամեն նոր բան ստեղծելիս պատասխանատվությունը քառակի անգամ մեծանում է, հիմա արդեն հիշում են իրենց առաջին քայլերը։

Նոր բան ստեղծելիս նույն մտքերն են՝ ինչպե՞ս կընդունվի, կսիրե՞ն արդյոք, հաջողություն կունենա՞, թե՞ ոչ ստեղծածդ ու հորինածդ։ Այս մտքերն են, որ ընկերուհիներին ստիպում են մի լավ ուսումնասիրել շուրջն ու ստեղծել այնպիսի բան, որը և՛ հարազատ կլինի, և՛ մայրաքաղաքի հետ կապված, և՛ նորություն։

Հայկական արտադրանք, տվյալ պարագայում հագուստ ստեղծելու կարևոր բաղադրիչներից մեկը կտորն է, բայց հեղինակները ցավով են նշում, որ հայկական արտադրության հումք գտնել չեն կարողանում։ Սա դժվարություն է հայ արտադրողի համար, ասում է Ելենան, բայց ավելացնում, որ ինչքան էլ դժվար է, նույնիսկ փոքր հարցերում փորձում են հենց հայկականն օգտագործել։

Իրենք անձամբ դեռ հագուստներ չեն կարում, բայց ապագայում այդպիսի պլաններ կան։ Ստեղծված յուրաքանչյուր հագուստի, աքսեսուարի, պայուսակի առաջին կրողները հենց իրենք ենք։ Դրանից հետո է միայն, որ արտադրանքն առաջարկվում է մարդկանց ու սա որպես արտադրող իրենց պատասխանատվության մի մասն է, ասում է Մարիամը։

Ամեն նոր բան ստեղծելիս կանգնում են կարողի կողքին, բծախնդրորեն ստուգում, որ կարերը հավասար ու ճիշտ լինեն։ Դեպքեր են եղել, որ մի փոքր շեղ կարի համար քանդել են մի ամբողջ աշխատանք, ասում է Ելենան ու անմիջապես ավելացնում, որ այդպես աշխատելը ճիշտ է։ Վերջում հաճախորդը միշտ պետք է գոհ մնա։

«UDIVILA»-ի շեշտը դրված է էքսկլյուզիվության վրա։ Նույն հագուստից շատ չեն ստեղծում, այդպես նաև հաճախորդներին են գրավում։ Դե՜, ասում են՝ կանայք սիրում են ունենալ այնպիսի իրեր և հագուստներ, որոնք միայն իրենցն են։

Բրենդն այսօր հայաստանյան նորաձևության մեջ իր ուրույն տեղն ունի։ Մարդկանց հաճախ թվում է, թե գործ դնելը մեծ գումարների հետ է կապված, ներդրումները շատ են, բայց Ելենան հաճախ է սիրում կրկնել, որ իրենք մեր երկրում լավ օրինակ են։ Մարդկանց ամենօրյա իրենց աշխատանքով ցույց են տալիս, որ առանց լուրջ ֆինանասական ներդրումների կարելի է ստեղծել հայակական որակյալ բրենդ։ Պարզապես պետք է ճիշտ մարդկանց հետ աշխատել, վստահ են։

Մարիամն ու Ելենան իրենց արտադրանքը ստեղծել են Հայաստանում ու այն սպառում են Հայաստանում։ Ցուցանիշները լավն են։ Շահույթ կա, մարդիկ հասցրել են սիրել։ Այլ երկրում աշխատելու և ավելի շատ հաջողություններ ունենալու գայթակղությունն էլ միշտ կա, բայց դեռ է Հայաստանին պետք շնորհակալություն հայտնել։

Ցուցադրել ավելի
Back to top button