ԿարևորՏնտեսական

Կայացել է հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը

Հոկտեմբերի 15-ին Երևանում տեղի է ունեցել հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը։

Նիստին մասնակցելու համար Երևան է ժամանել Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի չեխական կողմի համանախագահ Մարտինա Տաուբերովայի գլխավորած պատվիրակությունը։

Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանում մեծ թվով բարեփոխումներ են իրականացվել։

Նա շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը համագործակցել Եվրամիության հետ, ինչն արտացոլված է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, նաև ընդգծել Հայաստանի համար «Արևելյան գործընկերության» կարևորությունը։

Էկոնոմիկայի փոխնախարարը նշել է, որ Հայաստանի և Չեխիայի միջև համագործակցությունը պետք է բարձրացնել նոր մակարդակի, և դրա համար կա չօգտագործված մեծ պոտենցիալ։ Նա հույս է հայտնել, որ այդ ուղղությամբ երկուստեք ջանքեր կգործադրվեն և կարվեն պրագմատիկ քայլեր, ինչից կշահեն երկու երկրների քաղաքացիները․

«Չեխիան մեզ համար լուրջ գործընկեր է։ Կփորձենք հզորացնել մեր հարաբերությունները, լինել  ավելի ակտիվ։ Մենք պետք է կարողանանք աշխարհին ցույց տալ, որ կարող ենք սպառողական տնտեսությունից անցնել տեխնոլոգիական տնտեսության»,-ասել է Վարոս Սիմոնյանը։

Նշելով, որ գալիք տարի Չեխիան ստանձնելու է ԵՄ նախագահությունը՝ Վարոս Սիմոնյանն անհրաժեշտ է համարել առավելագույնս արդյունավետ օգտագործել այդ առիթը։

Մարտինա Տաուբերովան իր խոսքում ընդգծել է, որ  Չեխիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է այս տարածաշրջանում, և կա շահագրգռվածություն ընդլայնելու համագործակցությունը՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները։ Նա  գոհունակությամբ նշել է, որ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ստեղծվել է հետագա անելիքների լավ ժամանակացույց, և անհրաժեշտ է դրանք կյանքի կոչել։

Չեխիայի արդյունաբերության և առևտրի փոխնախարարը հորդորել է հանձնաժողովի անդամներին, դեսպաններին նվիրվածությամբ հետամուտ լինել, որպեսզի իրագործվեն հինգերորդ նիստի արձանագրության բոլոր կետերը։ Խոսելով համագործակցության ուղղությունների մասին՝ նա նշել է, որ բացի ավանդական ոլորտներից, որոնց ուղղությամբ համագործակցությունը կշարունակվի, պետք է զարգացնել նաև գործակցությունը բարձր հավելյալ արժեք ստեղծող ոլորտներում՝ օգտագործելով երկու երկրների ինտելեկտուալ ներուժը և կիրառելով նորագույն տեխնոլոգիաները։ Որպես համագործակցության մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներ՝ նա առանձնացրել է առողջապահությունը, էներգետիկան,  էլեկտրոնային կառավարումը, «կանաչ գյուղատնտեսությունը»։  

Նիստի ընթացքում քննարկվել է առևտրատնտեսական հարցերի լայն շրջանակ էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության, գիտության, թվայնացման, շրջակա միջավայրի և բնության պահպանության, զբոսաշրջության, սոցիալական ապահովության և առողջապահության, տարածքային կառավարման, ՓՄՁ, ստանդարտացման, սերտիֆիկացման և համապատասխանության գնահատման ոլորտներում համագործակցության ընթացքի և ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։

Կարևորվել է մասնավոր հատվածի համագործակցության խթանումը, բիզնեսի համար արտոնյալ պայմանների ապահովումը, արդյունաբերական պարկերի, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը։

Միջոցառման ավարտին հանձնաժողովի հայկական և չեխական կողմի նախագահներ Վարոս Վիմոնյանը և Մարտինա Տաուբերովան ստորագրել են հինգերորդ նիստի արձանագրությունը։

Հոկտեմբերի 14-ին Մարտինա Տաուբերովան հանդիպում է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ։

Back to top button