ԿարևորՄշակույթ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ինձ համար հարազատ կոլեկտիվ է․ Նարեկ Հախնազարյան

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի հյուրերը երեկ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ու դիրիժոր Մարիուս Ստրավինսկին էին, որոնք հանդես եկան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Երեկոյի ընթացքում հնչեցին Ղազարոս Սարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պաննոն, Պյոտր Չայկովսկու Պեցցո կապրիչոզոն թավջութակի և նվագախմբի համար եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի Թավջութակի կոնցերտը։

Նարեկ Հախնազարյանը նշում է, որ ինքը կատարել է Ալեքսեյ Շորի մի շարք ստեղծագործություններ, ի դեպ նաեւ ձայնասկավառակ է ձայնագրել, որը շուտով կթողարկվի։ Շորի Թավջութակի կոնցերտը, որ մենակատարը ներկայացրեց հայ հանդիսատեսին, կատարում էր առաջին անգամ (այն համեմատաբար նոր գրված գործ է), թավջութակահարը բարձր գնահատեց այս կոնցերտը՝ հույս հայտնելով, որ այն կսիրվի ունկնդրի կողմից։ Խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին՝ թավջութակահարն ընդգծեց, որ այն իր համար շատ հարազատ կոլեկտիվ է, որտեղ նվագում են իր ընկերները։ «Միշտ շատ հաճելի է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալ, քանի որ դրական, երիտասարդ էներգետիկա ունի այս նվագախումբը»,- ասաց Նարեկ Հախնազարյանը։

Դիրիժոր Մարիուս Ստրավինսկին նշում է, որ փառատոները մեծ տոնախմբություն են ոչ միայն երաժիշտների, այլեւ ունկնդիրների համար. ստեղծավում է հրաշալի մթնոլորտ, որտեղ մտքեր են փոխանակվում, երաժշտական կյանքը եռում է։ Մաեստրո Ստրավինսկին երրորդ անգամ է ղեկավարում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ըստ նրա՝ երաժիշտները ջերմ ու երիտասարդ են, ինչը հեշտացնում է դիրիժորի աշխատանքը։ Ստրավինսկին շեշտում է նաեւ փառատոնի կազմակերպիչների մեծ ներդրումը։ «Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC) աջակցում է երաժշտությանը ոչ թե խոսքերով, այլ իրական գործով։ Եվ այդ ամենը՝ ամբողջ աշխարհում ու հանուն դասական արվեստի տարածման ու զարգացման»,- ասաց Ստրավինսկին։

Փառատոնային համերգները կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 29-ը։

Ցուցադրել ավելի
Back to top button