Մոռացված ֆիլմերի ստվերները

87 րոպեանոց հրդեհ՝ հայկական կինոժապավենների վրա․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Ճակատագրի հեգնանքով հրդեհի զոհ դարձած տան շուրջ ծավալվող իրադարձությունների մասին պատմող ֆիլմը, այսպես ասենք, հրդեհեց Ներսես Հովհաննիսյանի առողջությունը։ Ու նույն ճակատագրի հեգնանքով «Հրդեհ» ֆիլմի նկարահանումը վստահվեց Դմիտրի Կեսայանցին։ Մհեր Մկրտչյանի հրդեհոտ բնավորությունն էլ քիչ էր մնում հրդեհեր ամբողջ նախագիծը։ Բարեբախտաբար, տարբեր կրակները հաջողվեց մարել՝ հայկական էկրան բերելով տրագիկոմեդիկ այս պատմությունը։

Ի սկզբանե «Հրդեհ» ֆիլմի նկարահանումը վստահվել էր կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանին։ Նա ընտրեց նկարահանող խումբն ու դերասանական կազմը, ավարտեց նախապատրաստական աշխատանքները, մնում էր գործի անցնել… Սակայն Ներսես Հովհաննիսյանի առողջական վիճակը կտրուկ վատացավ ու նա հրաժարվեց ֆիլմից։ Իրավիճակը փրկելու համար «Հայֆիլմ» կինոստուդիայի ղեկավարությունը կինոռեժիսոր Դմիտրի Կեսայանցին առաջարկեց նկարահանել «Հրդեհ» ֆիլմը։

Կեսայանցի թեկնածությունը միանշանակ չընդունվեց Ներսես Հովհաննիսյանի կազմած ստեղծագործական խմբում։ Այսօր արդեն «Հրդեհ» կինոնկարի  երկրորդ ռեժիսոր Հրանտ Հակոբյանը հիշում է, որ ռեժիսորի փոփոխության լուրն առնելուն պես  նկարահանող խմբի անդամները որոշեցին հեռանալ։

«Պետք չէ շտապ որոշումներ ընդունել: Եկե’ք շփվենք ու փորձենք միմյանց հասկանալ,- իրավիճակին այսպես է արձագանքում Դմիտրի Կեսայանցը»։

«Որոշակի ժամանակ անց  հասկացանք, որ մեր ու նրա մտածողություններն այնքան էլ տարբեր չեն և սկսեցինք նկարահանման համատեղ աշխատանքները»,- պատմում է Հրանտ Հակոբյանը։

Խորեն Աբրահամյան, Մհեր Մկրտչյան, Վերջալույս Միրիջանյան, Լյուսյա Հովհաննիսյան և էլի ուրիշ հայտնի ու սիրված դերասանների կողքին ֆիլմում նկարահանվում է Վանաձորի թատրոնի երիտասարդ դերասան Վասիլ Նազլուխանյանը։ Նա խոստովանում է, որ այդ դերն իր համար անակնկալ էր։

«Դերասանական լսումների անցկացման օրը ես հատուկ չէի պատրաստվել: Ու թերևս դա էլ  նպաստեց իմ՝ այդ դերում հաստատմանը»,-ասում է Վասիլ Նազլուխանյանը:

Կինոնկարի անվանումը հուշում է, որ ֆիլմն առանց հրդեհի տեսարանի չէր կարող նկարահանվել։ «Լոռվա խոնավ եղանակային պայմաններում գրեթե անհնար էր hրդեհի տեսարան նկարահանելը»,- պատմում է Հրանտ  Հակոբյանը: Նկարահանող խումբը լուրջ խոչընդոտի առջև էր կանգնել։ Սակայն օգնության հասավ ֆիլմի տնօրեն Լերմոն Մուրադյանը, որը հատուկ զինվորական հրդեհավտանգ նյութի օգնությամբ ապահովեց այդ տեսարանի նկարահանումը։

Նախատեսված օրը՝ գիշերվա ժամը երեքին, ողջ նկարահանող խումբն ու դերասանական կազմը Կեսայանցի հետ նկարահանման հրապարակում էին։ Բացակայում էր միայն գլխավոր դերակատարը՝ Մհեր Մկրտչյանը, որի ինքնահաճության պատճառով քիչ էր մնում ամեն ինչ ի չիք դառնար, եթե չլիներ Հրանտ Հակոբյանի հնարամիտ քայլը։

«Ես անմիջապես նկարահանման հրապարակից մեկնում եմ Վանաձոր, հասնում հյուրանոց որտեղ մնում էր Մհեր Մկրտչյանն ու սկսում  ուժգին թակել նրա հյուրանոցային համարի դուռը. ոչ մի ձայն: Այդ պահին մի միտք ծագեց ինձ մոտ՝ ասացի, որ եթե դու հիմա չգաս նկարահանման հրապարակ, քո ամբողջ հոնորարը կհատկացվի այսօրվա չկայացած նկարահանման ծախսերին։

-Էդ ո՞վ ա, է,- ներսից արձագանքում է Մուշեղիչն ու հորանջելով դուռը բաց անում,- քնած էի, Հրանտ ջան»։ Այստեղ Հրանտ Հակոբյանը մի կերպ է ծիծաղը զսպում։ 1984 թվականի մարտի 16-ին Կինոյի տան դահլիճը լեփ-լեցուն էր։ «Հրդեհ» ֆիլմի պրեմիերան էր։ Հուզիչ և ոգևորող մթնոլորտում տեղի ունեցած երևանյան պրեմիերային հաջորդեց մոսկովյանը։ Վասիլ Նազլուխանը հիշում է, որ ֆիլմը Վանաձորի հինգ կինոթատրոններում ցուցադրվեց 32 օր անընդմեջ`գրանցելով յուրօրինակ ռեկորդ։

«Ընդհանրապես խորհդային տարիների օրերի առումով ամենաերկար ֆիլմը, որ ցուցադրվել է Վանաձոր քաղաքի կինոթատրոններում, տևել է հինգ օր: «Հրդեհի» ցուցադրությունը գերազանցեց բոլոր այդ ֆիլմերի ցուցադրությանը: Մի երկու անգամ էլ հեռուստատեսությամբ ցուցադրվեց ու մի կողմ դրվեց: Այն ժամանակ ես երիտասարդ էի ու ցանկանում էի, որ հաճախակի ֆիլմը ցուցադրվեր  հեռուստատեսությամբ, բայց, ցավոք, էդպես դասավորվեց ֆիլմի ճակատագիրը»,- ափսոսանքով նշում է Վասիլ Նազլուխանյանը:

Դմիտրի Կեսայանց կինոռեժիսորի ձեռագրին հատուկ էքսցենտրիկ հումորով նկարահանված 87 րոպե տևողությամբ «Հրդեհ» ֆիլմն այսօր էլ հանդիսատես կհավաքի։ Դժվար իրավիճակներում հայտնվածին օգնելու, ձեռք մեկնելու սովորական մարդկանց բարի ցանկության ու կոռուպցիայի, պաշտոնյաների փողամոլության միջև կոնֆլիկտի մասին պատմող կինոնկարը երեք տասնամյակ մոռացության մատնվելուց հետո  վերադարձավ հեռուստաէկրան։ Ֆիլմում նկարահանված դերասաններից շատերն այսօր, ցավոք, ողջ չեն, բայց Կեսայանցի կինոժապավենը նրանցից յուրաքանչյուրին անմահացրեց` գալիք սերունդներին հնարավորություն տալով հիանալու այդ դերասանների վարպետությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button