ԿարևորՔաղաքական

Քարոզարշավի վերջին օրը՝ քարոզարշավի ընթացքի մասին․ Սյունիքը պատրաստվում է ՏԻՄ ընտրությունների

Առաջիկա կիրակի  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Դրանք կկայանան նաև Սյունիքի 4 համայնքներում՝ Գորիսում, Մեղրիում, Տեղում և Տաթևում։  Սյունեցիներն առաջին անգամ են ընտրելու ավագանիների կազմ համամասնական ընտրակարգով։ Քարոզարշավի վերջին օրն է այսօր, վաղը՝ հոկտեմբերի 16-ին լռության օր է։

Գորիս համայնքի ավագանու ընտրություններին ի սկզբանե առաջադրվել էր 4 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», Հայ ազգային կոնգրես, «Առուշանյան» դաշինք ու Հայաստանի կոմունիստական կուսակցություն։ Կոմունիստների ընտրական ցուցակը 8 թեկնածու ուներ, սակայն թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը մերժեց նրանց ցուցակը, քանի որ բոլոր թեկնածուները հաշվառված էին Գորիս քաղաքում, իսկ գործող օրենսդրությամբ՝ բազմաբնակավայր համայնքի ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում պետք է ընդգրկվեն տվյալ համայնքը կազմող բնակավայրերի առնվազն կեսը ներկայացնող թեկնածուներ, բացառությամբ՝ երեքից պակաս բնակավայրերից կազմված համայնքների։

Տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկվեց դատական կարգով, բայց դատարանը հանձնաժողովի որոշումն անփոփոխ թողեց։ Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սլավիկ Դադաշյանը «Ռադիոլուրին» տեղեկացրեց, որ անձնաժողովը քարոզարշավի խախտման երկու բողոք դիմում է ստացել. «Առուշանյան» դաշինքի ներկայացուցիչները բողոքել էին, որ իրենց պաստառները պատռել են։ Հանձնաժողովը դիմել էր ոստիկանություն։

Սլավիկ Դադաշյան․ «Մարդու իրավունքների պաշտպան ԻՀԿ–ն դիմել է հանձնաժողով՝  նշելով, որ «Առուշանյան» դաշինքի պաստառները փակցված են ոչ թույլատրելի տեղերում։ Պարզեցինք, որ հիմնականում փակցվել են հասարակական սննդի, առևտրի կետերի, պետական առանձին կառույցների շենքերին։ Դիմել ենք իրավասու մարմիններին, տեղեկացրել ենք դաշինքի լիազոր ներկայուցչին, և այդ պաստառները հանվել են»։

Հայ ազգային կոնգրեսի ընտրացուցակի 3-րդ հորիզոնականում գտնվող թեկնածու Նարե Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ ընտրողների մեջ վախ կար։ Մարդիկ չէին գալիս ծանոթանալու նախընտրական ծրագրերին, նաև Շուռնուխում իրենց պաստառներն են պատռել։

«Ենթադրում ենք, որ դա եղել է ուղղորդված գործողություն, որովհետև մեր պաստառներից որևէ մեկը չտեսանք Շուռնուխում։ Շենքերին, մեքենաներին, ցուցանակներին Առուշ Առուշանյան դաշինքի պաստառներն էին միայն։ Եվ նաև միտում կար, որ մարդիկ դուրս չէին գալիս հանդիպման։ Հետաքրքվեցի, ասացին, որ մարդիկ համայնքապետարանի ազդեցության ներքո են, գյուղապետից են հարցնում՝ գնա՞ն, թե՞ չգնան, ու անգամ եթե ուզենան էլ, չեն գա»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Վլադիմիր Աբունցը, ընդհանուր առմամբ, քարոզարշավը նորմալ է որակում։ Ասում է՝ վերջին մի քանի ժամը ավելի կթեժանա։

«Նորմալ է, բողոք չկա, խախտումներ չենք արձանագրել, բնականոն հունով ընթանում է։ Քարահունջում կուսակցության պաստառները պատռելուն ուշադրություն չենք դարձնում»։

«Առուշ Առուշանյան» դաշինքի ցուցակը գլխավորող Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորված է։ Երեկ էլ դատարանը որոշում կայացրեց երկրորդ հորիզոնականում գտնվող Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանի խափանման միջոց կալանքը փոխարինել 30 մլն դրամ գրավով։

Ցուցակի 3-րդ համար Իրինա Յոլյան․ «Իշխող կուսակացության կողմից վարչական ռեսուրս գործադրվեց։ Առողջ մրցակցությունը չպահպանվեց։ Մեր պարագայում եթե եղել է խախտում, ապա տեխնիկական էր, և մեր դաշինքի կողմից շտկվել է»։  

Ինչ վերաբերում է Մեղրի համայնքի ավագանու թեկնածուների քարոզարշավին, ապա թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովը բողոք–դիմումներ չի ստացել։ Թեկնածուների  խոսքով էլ՝ չհաշված սոցցանցային «պայքարին», ընդհանուր առմամբ խաղաղ քարոզարշավ է ընթացել։

Back to top button