ԿարևորՄշակույթ

Մշակութային հուշարձանները պահպանելու համար պետությունը կհամագործակցի մասնավոր անձանց և ընկերությունների հետ

24 հազար հուշարձան և 7 հազար պահպանական միավոր՝ 29 հազար քկմ տարածքում։ «Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության» վարչության պետ Հարութ Վանյանի խոսքով՝ սա աշխարհում եզակի օրինակ է՝ երկիրն այսքան փոքր, մշակութային հուշարձանները՝ այսքան շատ։ Դրանց պահպանությունը, ամրակայումը և վերականգնումը պետությունը միայնակ իրականացնել չի կարող։  ԿԳՄՍ-ն մշակել է նոր ռազմավարություն, ըստ որի մշակութային ժառանգության պահպանության, հուշարձանների վերականագնման և ամրակայման գործում ներգրավվելու է նաև մասնավոր հատվածը։ Մասնավոր ընկերությունների և անձանց հետ կկնքվեն հուշագրեր:

«Պետությունն ունենալու է իր ներդրումը, որպեսզի սա չդիտվի միակողմանի, ասես՝ պետությունը միայն սպասում է մասնավորի աջակցությանը։ Պետությունը անվճար կարգով պատրաստ է տրամադրել պետական միջոցներով պատվիրված նախագծահաշվարկային փաստաթղթերը բոլոր այն մասնավոր մարմիններին, բարերարներին, որոնք պատրաստ են ներդրումներ անել և բարեգործությամբ վերականգել ու պահպանել հուշարձանները։ Մասնավորը ևս կարող է մեզ դիմել, և տեղում կկազմվեն նախագծահաշվարկային փաստաթղթեր, մենք այսպես ենք տեսնում պետություն-մասնավոր համագործակցությունը»,-ասում է Հարութ Վանյանը։

Մասնավոր հատվածը չի կարող ինքնուրույն որոշել, թե ինչպես պետք է վերականգնել հուշարձանը: Նրանք առաջնորդվելու են  չափորոշիչներով, որոնց հիմքում միջազգային   ճարտարապետական չափանիշներն են: Ձևավորվել է նաև հատուկ գիտամեթոդական խորհուրդ, որտեղ կքննարկվեն ներկայացված նախագծերը.

«Աշխատանքային փուլերում լիազոր մարմինը ներկայացված նախագծի վերաբերյալ պարտադիր պիտի տա համաձայնություն մասնավոր հատվածին։ Նախագիծը քննարկելու է գիտամեթոդական խորհուրդը, որտեղ ընդգրկված են մշակութային ժառանգության պահպանության ոլորտի լավագույն մասնագետներ՝ ճարտարապետներ, կոնստրուկտորներ։ Այսինքն, այս հարցերը մասնավորի ճաշակից դուրս են լինելու: Անկախ նրանից, թե ով է ֆինանասավորում տվյալ հուշարձանի ամրակայումը կամ վերկանագնումը, դա պիտի արվի ըստ միջազգային ճարտարապետական չափորոշիչների»,-ասում է Հարութ Վանյանը։

«Տարիների ընթացքում մշակութային ժառանգության պահպանության մի շարք գոտիներ մասնավորեցվել են», -ասում է զրուցակիցս։ Այս դեպքում նախարարությունը մշակում է հատուկ ռազմավարություն։ Օրինակ՝ հին Արտաշատ մայրաքաղաքն ընդգրկում է 400 հեկտար տարածք, այդ տարածքի որոշ մասեր դուրս են մնացել սահմանված պահպանական գոտուց  և մասնավորեցվել են։ Նման դեպքերը քիչ չեն, բայց լուծումներ առաջարկվում են.

«Պահպանության գոտիներ կան, որտեղ հյուրանոցներ, անգամ շատ բնակելի տներ են կառուցվել։ Ռազմավարության մեջ մի քանի կետեր ունենք՝ առաջնահերթ համագործակցել բնակիչների հետ, նվիրատվություն ստանալ կամ հանրային գերակայության միջոցով տարածքները վերադարձնել պետությանը, բայց այստեղ պիտի չափենք ֆինանասական բեռը, ոչ միշտ է հնարավոր այդքան մեծ փոխհատուցում տալ բնակչին: Այդ պատճառով համագործակցության սկբունքով ենք շարժվելու»,-ասում է Հարութ Վանյանը։

Մի քանի նախագծեր արդեն ընթացքի մեջ են. օրինակ՝ մասնավոր հատվածի ջանքերով այժմ վերականգնվում է Հարթավան գյուղի Աստվածընկալ եկեղեցին: Որոշ նախագծեր էլ հաստատման փուլում են: Դրանցից մեկով, օրինակ, վերականգնվելու է Թալինի Կաթողիկե եկեղեցին, որը գմբեթ չունի:

Կարդացեք նաև
Close
Back to top button