ԿարևորՀասարակություն

Մինասի գույներով ու Գյումրվա կոլորիտով․ Բարեկամության այգին ձեռնոց կնետի զարգացած երկրներին

Երկրաշարժը հիշեցնող ամայի տարածքից՝ սոցիալ-տնտեսական զարգացման նոր մոդել. Գյումրիում սկսել են Բարեկամության այգու շինարարությունը:  

Այգում ժամանցի, սպորտի, ուսուցողական կենտրոններ են գործելու, բացվելու է այգեգործության դպրոց, որը Հայաստանի համար դառնալու է  նախատիպային:

Ավելի քան 7 հեկտար տարածքի 70%-ը կլինի կանաչ գոտի, իսկ արվեստագետներն ու արհեստավորներն իրենց գործերը ներկայացնելու նոր հասցե կունենան։

Գյումրիի Բարեկամության այգին աշխարհի զարգացած երկրներին ձեռնոց է նետելու՝ վստահ է «Քաղաքաշինության և զբոսաշրջության» (TUF) բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը.

«Ես վստահ եմ, որ մի բան անելուց կամ պիտի շատ լավ անես, կամ չանես։ Ավելի լավ է անենք այնպես, որ դառնա օրինակելի աշխարհի համար, ոչ թե միայն Հայաստանի կամ Գյումրիի համար։ Ամբիցիոզ պրոյեկտ է սա, որովհետև ունի մի քանի փուլ։ Մենք հույս ունենք, որ առաջին փուլի աշխատանքները հաջորդ տարի կավարտվեն, և երեխաները կկարողանան վայելել այգին»։

Ռուբեն Վարդանյանը զինվորական ծառայության 6 ամիսը Գյումրիում է անցկացրել: Ծանոթ է կլիմայական պայմաններին ու մտածում է դրանց համապատասխան նոր ծրագրերի մասին.

«Զարգացման մի քանի ծրագրեր էլ կան: Դրանց շնորհիվ ամառայինից բացի, կարելի է կառուցել նաև ձմեռային այգի»։

Բարեկամության այգու ճարտարապետական լուծումներում համատեղվել է անհամատեղելին։ Ճարտարապետական յուրաքանչյուր դետալ մանրակրկիտ մտածել են տաղանդաշատ արվեստագետները։ Բարեկամության այգու մարզական հրապարակի դիզայնը գյումրեցի երիտասարդ դիզայներ, քանդակագործ Արտուշ Կոշտոյանինն է, Մինասի գույներով է ձևավորել.

«Հատակը պետք է լինի գունավոր: Ընդհանուր այգուն որ նայենք, հենց այդ հատվածը կարծես լինի պորտալ՝ դեպի գունավոր նկար»։

Այգու ճարտարապետական լուծումները տրվել են հայկական ավանդական քարերի, նյութերի և զարդանախշերի միջոցով ժամանակակիցն ու դասականը միավորելով:  

Այգու շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսված էր 2020-ին, համավարակն ու պատերազմը խաղաքարտերը խառնեցին, սակայն նպատակը մնաց անսասան:

Բարեկամության այգու հիմնարկեքին ներկա էին նաև Էկոնոմիկայի ու  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները։  Գնել Սանոսյանը կարևորեց երեք կառույցների համագործակցության արդյունավետությունը.

«Մեկը Տարածքային զարգացման հիմնադրամն է, կամ անունը դնենք կառավարություն, մյուսը համայնքն է և երրորդը՝ հիմնադրամի մեր գործընկերները։ Հիմնադրամով մոտ 900 մլն դրամի աշխատանքներ կարվեն և, առիթից օգտվելով, ուզում եմ ասել, որ 900 մլն դրամը մաս է կազմում 4 մլրդ 300 մլն դրամի աշխատանքների, որոնք տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով նախաատեսում ենք իրականացնել Գյումրիում»։

Նախագծի հեղինակները վստահեցնում են, որ 2 տարուց այս տարածքը կդառնա, և ամենակարևորը՝ Բարեկամության այգին կլինի աշխարհի առաջավոր փորձի և Գյումրու ավանդական ոգու սինթեզը:  

Back to top button