ԿարևորՍպորտ

Մեկնարկել է «Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարը, որը կազմակերպել է Երևանի շախմատի ֆեդերացիան՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ: Մրցաշարն անկախությունից ի վեր Հայաստանում անցկացվող ամենամեծ բաց առաջնությունն է:

Հանդիսավոր մեկնարկին ներկա են եղել Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը և քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, որոնք ողջունել և հաջողություն են մաղթել մասնակիցներին:

Մրցաշարին մասնակցում է ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող 311 շախմատիստ՝ 14 երկրից, այդ թվում՝ գրոսմայստերներ և միջազգային վարպետներ: Հայաստանի ներկայացուցիչներից մրցաշարին մասնակցում են Տիգրան Պետրոսյանը, Արման Միքայելյանը, Կարեն Մովսիսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Դավիթ Շահինյանը, Արթուր Դավթյանը և այլոք:

Երևանի բաց առաջնությունն անցկացվում է արդեն 3-րդ անգամ: Այս տարի մրցաշարը բաղկացած է երկու ենթախմբից` A և B: A ենթախմբի մրցաշարին մասնակցում է 129 շախմատիստ՝ աշխարհի 10 երկրից: Երևանի բաց մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով. այն բաղկացած է 9 տուրից: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 11 միլիոն դրամ:
Առաջնությունը կշարունակվի մինչև հոկտեմբերի 22-ը:

Back to top button