ԿարևորՀասարակություն

Քննարկվել է ՀՀ բարձրագուն կրթության 3-րդ աստիճանի բարեփոխումների հայեցակարգը

Ծաղկաձորում մեկնարկել է «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի,  արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+ Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում եռօրյա աշխատաժողովը։

«Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման հայեցակարգի և իրավական փաստաթղթերի մշակում» խորագրով աշխատաժողովի բացման հանդիսավոր նիստը համակարգում է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը։

Ելույթով հանդես է եկելԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ով ընդգծել է, որ առաջիկա տարիներին անելիքները շատ են և հայեցակարգը կնպաստի բարելավվել ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի շնորհման կարգը։

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան կարևորել է դոկտորական կրթության բարեփոխմանն ուղղված ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացված բոլոր ծրագրերի դերը և համագործակիցների սերտ համագործակցությունը՝ ապահովելու առավել մեծ ազգային ազդեցություն և հավելել, որ այս ընթացքում աշխատախումբը հսկայական աշխատանք է արել։

ARMDOCT ծրագրի համակարգող Արևիկ Օհանյանը մասնակիցներին ներկայացրել է մինչ օրս հայեցակարգի աշխատանքների ընթացքը, ակնկալվող արդյունքներն ու ընթացիկ աշխատանքները։

Ծրագրի անդամները՝ ՀՀ 8 բարձրագույն ուսումնական հաստատությունների և 2 գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ՝ ինստիտուցիոնալ ղեկավարներ և հետազոտողներ, առաջին օրվա ընթացքում ներկայացրել են ծրագրի ընթացքում իրականացված հետազոտությունները, որոնց արդյունքում ձևավորվել են դոկտորական կրթության բարեփոխման առաջարկները և հայեցակարգային լուծումները։ Ներկայացված առաջարկները քննարկվել են առանձին աշխատանքային խմբերում՝ հստակեցնելով բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման և որակի ապահովման հայեցակարգի առանցքային դրույթները՝ Զալցբուրգի սկզբունքներին համահունչ։

Ավելի ուշ աշխատաժողովի մասնակիցները բաժանվել են խմբերի և քննարկել ասպիրանտական կրթության ընդունելության չափանիշների փոփոխությունները։ Յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր դիտարկումները այս հարցի շուրջ, որին հաջորդել է հարց ու պատասխանը։

«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» ARMDOCT ծրագրի տևողությունը 36 ամիս է. այն կգործի մինչև 2023 թվականը: ARMDOCT ծրագրի նպատակն է Զալցբուրգի սկզբունքներին համահունչ Հայաստանում բարեփոխել դոկտորական կրթությունը՝ ազգային քաղաքականության և իրավական փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։

Ծրագրի շրջանակում նախատեսվում են բուհերի և ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների, ԿԳՄՍ ռազմավարական, ենթա­կառուց­ված­քա­յին և մար­դկային ռեսուրսների կարողությունների զարգացում, իրավական փաստաթղթերի մշակում, դոկտորական կրթության կազմա­կերպ­ման ձեռ­նարկի մշակում, ինչպես նաև դոկտորական 5 դպրոցների հիմնում և գործարկում՝ բուհերի, գիտահետազոտական ինստիտուտների ու արդյունաբերության միջև սերտ համագործակցության ապահովմամբ։

Ծրագիրը ներառում է 15 անդամ, այդ թվում՝ 4 ԵՄ բարձրագույն ուսումնական հաստա­տութ­յուններ, ՀՀ 8 բուհ և 2 գիտահետազոտական ինստիտուտ, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպոր­տի նախարարությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button