ԿարևորՀասարակություն

Մեկ միլիոն դոլար՝ լիբանանահայության հրատապ կարիքներին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի ջանքերով 2021 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում 1.000.000 ԱՄՆ դոլար է հավաքագրվել և փոխանցվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը՝ Լիբանանի հայ համայնքի սոցիալական, ինչպես նաև հայ կրթական հաստատությունների կարիքները հոգալու նպատակով:

Սույն դրամահավաքն արձագանքն էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի՝ համայն հայությանն ուղղված կոչին։ Հիմնադրամը, հավատարիմ մնալով իր համահայկական առաքելությանը, ամուր կանգնած է Լիբանանում գործող հայկական կրթօջախների և լիբանանահայության կողքին:

Այս օժանդակությունը շարունակական բնույթ է կրում և սկիզբ է առել դեռևս 2019 թ. դեկտեմբերին, երբ Լիբանանում խորացավ տնտեսական ճգնաժամը։

Հաջորդ աջակցությունը 2020 թ. օգոստոսին Բեյրութի աղետալի պայթյունից անմիջապես հետո հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքն էր: Այնուհետ սույն թվականի ապրիլ ամսին ևս որոշակի դրամական աջակցություն ցուցաբերվեց տեղի հայ կրթական հաստատություններին՝ ընդհանուր առմամբ շուրջ 600.000 ԱՄՆ դոլար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր երախտիքն է հայտնում բոլոր նվիրատուներին, հիմնադրամի ցանցին, ինչպես նաև ԱՄՆ տեղական մարմնին՝ Armenia Fund Inc. կազմակերպությանը՝ լիբանանահայության գոյապահպանման խնդիրներին արագ արձագանքելու և տեղում դրամահավաք կազմակերպելու համար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր զորակցությունն է բերում Լիբանանի անքակտելի մաս հանդիսացող հայ համայնքին՝ հույս հայտնելով, որ կայունությունն ու բարեկեցութունը մոտ ապագայում կվերահաստատվեն Լիբանանում։

Ցուցադրել ավելի
Back to top button