ԿարևորՄշակույթ

Մեկի համար՝ աղբ, մյուսի համար՝ արվեստ. Երևանում կտեղադրվեն կենցաղային թափոնից պատրաստված քանդակներ

«Մեկի աղբը մյուսի արվեստն է». այսպիսի խորագիր ունի թափոնն արվեստ դարձնող նախագիծը, որը «Արէ» մշակութային հիմնադրամը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանին ու արժանացել հավանության։ Հիմնադրամի տնօրեն Մարինե Կարոյանի խոսքով՝  նախագծի նպատակն է վերաիմաստավորել մեզ շրջապատող աշխարհը՝ ցույց տալով, որ միշտ չէ, որ գետնին նետածն աղբ է.

«Չեմ կարծում, որ նախկինում նման նախագիծ եղել է։ Երևանում կան մի քանի քանդակներ, որոնք երկաթի կտորներից են պատրաստված, օրինակ՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի քանդակները։ Իսկ մեր նախագծով քանդակները պիտի բացառապես պատրաստվեն կենցաղային թափոններից։ Դրանք պետք է պատրաստված լինեն ամուր հիմքի վրա այնպես, որ հնարավոր լինի հիմնավոր ամրացնել ցուցադրության վայրում և ապահովել դրանց երկարաժամկետ գոյությունը»,-ասում է Մարինե Կարոյանը։

Երևանում կտեղադրվեն 4 թափոնային քանդակներ, տեղերը կորոշվեն ըստ քանդակների չափերի և ձևերի: Երևանի քաղաքապետարանի և «Արէ» մշակութային հիմնադրամի ներկայացուցիչներից կազմված խորհուրդը կորոշի, թե որ քանդակներն են հաղթելու և տեղադրվելու մայրաքաղաքում. 

«Նախապես պետք է ներկայացվեն էսքիզները: Կարող են ներկայացնել նաև 3D պատկերաշարով, մանրաքանդակի տեսքով կամ էսքիզի տեսքով: Ներկայացնելու ձևին ևս ուշադրություն կդարձվի: Հաշվի կառնեն, թե ինչպես է քանդակի հեղինակը ներկայացնում իր գործը»,-նշում է Մարինե Կարոյանը։

 Մարինե Կարոյանի խոսքով՝ նմանատիպ քանդակները նոր շունչ կհաղորդեն Երևանին և կընդգծեն քաղաքի «բնավորությունը»։ Աշխարհում թափոնային արվեստը տարածված երևույթ է: Դրա միջոցով ցույց է տրվում, որ քաղաքն ուզում է ունենալ անվնաս շրջակա միջավայր: Սա նաև շրջապատը չկեղտոտելու  յուրահատուկ մեսիջ է,- ասում է հիմնադրամի տնօրենը.

«Նման քանդակներ կան աշխարհի շատ քաղաքներում: Սա համարվում է ժամանակակից արվեստ ու քաղաքին հաղորդում է ժամանակակից շունչ: Այլ կերպ ասած՝ քանդակները դառնում են քաղաքի նոր բնորոշիչները»,-ասում է հիմնադրամի տնօրենը։

Մրցույթին հնարավոր է դիմել անհատապես կամ ստեղծագործական խմբով: Քանդակները պետք է ունենան 3-4 մետր բարձրություն, մրցույթի հաղթողները կստանանա դրամական մրցանակ, որը ներառում է  հեղինակի հոնորարը, և քանդակ տեղադրելու համար անհրաժեշտ ծախսերը։ Ընտրված քանդակների հեղինակները պետք է նշված ժամկետում իրականացնեն քանդակների վերջնական պատրաստման և տեղադրման աշխատանքները: Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 30-ը։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button