ԿարևորՀասարակություն

Կապանից՝ Մեղրի, Մեղրիից՝ Ծավ․ նախարարին ապացուցեցին՝ աշխարհը կլոր է

Սահմանամերձ Ծավ գյուղում  խնդիրները  շատ են․ գյուղի բնակիչները Ճանապարհի, ջրի,  ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող  փայտե տնակների խնդիր ունեն։ Գլխավորը, սակայն,  անվտանգային հարցերն  են։ Բոլոր խնդիրների մասին  ծավեցիները պատմել են Սյունիքում գտնվող   տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին։

«Ուռա՜, ուռա՜, բարով քշես․․․»։

Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը  սահմանամերձ Ծավ համայնքին 130 ձիաուժ հզորությամբ «Բելառուս» տրակտոր է հատկացրել։ Գյուղացիները չեն հիշում, որ վերջին 30 տարում նման տեխնիկա մտած լինի գյուղ, ամիսներ առաջ էլ նույն ծրագրով մոտոբլոկներ են ստացել։   Ծավում էր նաև  տարածքային կառավարման և ենթակառաւցվածքների նախարար Գնել Սանոսյանը։  Նրա հետ զրույցում գյուղացիները տրակտորից սահուն գյուղի խնդիրներին անցան՝ փորձելով չմոռանալ ոչինչ․ խմելու ջուր, փայտե տնակների հարց, աշխատատեղեր և այլն։

Գյուղի փայտե տնակների հարցը կեսդարյա պատմություն ունի։ 1968թ.-ի երկրաշարժից տուժած Շիշկերտ գյուղի բնակիչներին  տեղափոխել են Ծավ գյուղում կառուցված փայտե տնակներ և  մինչև օրս շարունակում են ապրել դրանցում։ Նախկին երեք նախագահներին, բոլոր վարչապետերին, գյուղ մտնող  մեծ ու փոքր պաշտոնյաներին ծավեցիները դիմել են այդ հարցով, բայց սայլը տեղից չի շարժվել։ Ծավի բնակչուհի Անահիտ Հովհաննիսյան․

«1967թ-ին մինչև հիմա 100 ձևի կառավարություն եկավ, բայց մնացինք նույն դոմիկներում։ Խնդրում ենք գոնե էդ հարցը լուծեք։ Եթե մի քիչ քամի է անում, վարագույրները ներսում պարում են։ 1970 թվականի դոմիկներ են։ 51 տարի է՝ փայտե դոմիկում ենք ապրում»։

Նախարարը խոստացավ հարցն ուսումնասիրել,  լուծումների փուլային տարբերակներ գտնել ։  Ծավեցիներին հետաքրքրող հաջորդ հարցը խմելու ջուրն էր։ Մարզային իշխանությունները խոստանում են ՝ գյուղը շուտով ջուր կունենա, նախագծային հաշվարկներն արդեն  արվել են։ Ծավի բնակիչ Արթուր Սարգսյանը, սակայն, տարակուսում է և դժգոհում՝ անելիքները ճիշտ չեն պլանավորում ։  Նախարարին ուղեկցող Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը հակադարձում է՝ հնարավոր ամեն ինչ արվում է գյուղերը զարգացնելու համար։

Ծավի բնակիչ Արթուր Սարգսյան․ «Հիմա էլ ճիշտ չեք պլանավորում։ Առաջնահերթը մերը խմելու ջուրն է։ Էլի գետի ջուրն ենք խմելու, մոտակայքում աղբյուրի ջուր չկա։ Թող Շիշկերտից ՝ Սպիտակ աղբյուրից 12 կմ խողովակ քաշեն բերեն մաքուր ջուր»։

Նախարարին տեղի իշխանությունները հավաստիացրին, որ կվերանայեն կազմված նախագիծը և անհրաժեշտ փոփոխություններ կանեն։ Գյուղացիներին մտահոգում են  անվտանգային խնդիրները։  Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օրերս, ամփոփելով  գրասենյակի փաստահավաք աշխատանքները,  Սյունիքի մարզի Ներքին Հանդ և Ծավ բնակավայրերում՝ որոշ հատվածներում սահմանից ուղիղ գծով 150մ, իսկ որոշներում  էլ ՝ 121 մ hեռավորության վրա սահմանային խախտումներ էր արձանագրել։ Ըստ օմբուդսմենի՝ հակառակորդն իր դիրքից առաջ է եկել։ 62-ամյա Անյակ Անդրեասյանը հստակ չի կարող ասել, թե հակառակորդն ինչքան է առաջ եկել, բայց կրակոցներ, ասում է,  գյուղում չեն լսվում ։

«Մեծ տրամաչափի զենքերից որ կրակում են, լսվում է, բայց ավտոմատից չէ։ Գյուղի վրա չեն կրակում։ Բայց եթե հեռահար զենքից կրակեն կգա գյուղի վրա, թե չէ ավտոմատով կրակեն գյուղին չի հասնի»։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղյակ է Մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած  խնդրին, բայց մանրամասներին դեռ չի տիրապետում։  

«Այդ հատվածին մանրամասն ծանոթ չեմ, գիտեմ՝ որոշ խնդիրներ են առաջացել, կարծում եմ խնդիրը կկարգավորվի։ Եվ իհարկե, ոչ միայն այդ հատվածի հետ կապված, այլև մյուս  հատվածների հետ կապված, մեր գործընկերների՝ պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության հետ  մշտապես կապի մեջ ենք։ Այսօր մարզում շատ շինարարական, ճանապարհաշինարարական աշխատանքներ ենք իրականացնում, կարող եմ ասել՝ իրենք են նշել,  որ այդ հատվածներում նման  աշխատանքների կարիք կա»։

Ի դեպ, նախարար Սանոսյանը Կապանից գնացել էր Մեղրի, իսկ Ծավ սահմանամերձ համայնք եկավ Մեղրի քաղաքից՝ այլընտրանքային ավտոճանապարհով։ Նրան ուղեկցողները կես կատակ կես լուրջ նկատեցին՝ նախարարին համոզեցին, որ աշխարհը կլոր է։

Ցուցադրել ավելի
Back to top button