ԿարևորՀասարակություն

Խոզաբուծարանը խոզանո՞ց․ Արցախի պողոտայի բնակիչները դժգոհում են հարևան խոզերի գարշահոտից

Արցախի փողոցի բնակիչները դժգոհում են՝ իրենց տների հարևանությամբ՝ կենտրոնական պողոտային շատ մոտիկ գործող խոզաբուծարանում մոտ 700 խոզ է պահվում։

Տարիներ շարունակ գործող «Վի Ար Ագրո» խոզաբուծական ընկերությունից։ Հոտից ու ստեղծված համաճարակային իրավիճակից չեն կարողանում այլևս այդտեղ ապրել։ «Ռադիոլուրի» հետ զրույցում բողոքող բնակիչներն ասում են, որ արդեն 20 տարի կլինի, որ այս տարածքում խոզաբուծարան կա, բայց իրենց սկսել է խանգարել  վերջին 5 տարիներին։

«Չեմ կարողանում այս հոտի մեջ խաղամ։ Ոչ ընկերներիս հետ կարողանում եմ բակ դուրս գալ, ոչ էլ։ Հոտը հատկապես զգում եմ գիշերվա ժամերին»։

Երևանի Արցախի 143/1 հասցեի փոքր բնակիչն է։ Դժգոհում է՝ սեփական մեծ տան բակում խաղալ չի կարողանում։ Հարևանությամբ գործող խոզաբուծարանի հոտը չի թողնում։ Հատկապես ամռանը հոտն առավել սուր է՝ անտանելի։

«Ռուսաստանից մեր տանը հյուրեր կային, ուզում էին բակում նստել մի քիչ, հոտից չդիմացան, ես էլ ամաչեցի։ Մեր առողջության հաշվին թող չհարստանան»։  

Բնակիչներից Սամվել Ավետիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ ո՛չ հյուր են կարողանում ընդունել, ո՛չ էլ տուն են կարողանում վաճառել։ Խոզաբուծարանի հոտը բոլորին է վանում։ Տանից դուրս գալը կամ պատուհան բացելն անհնար է հատկապես լուսադեմին և երեկոյան, երբ գոմն են մաքրում․ դժգոհում է բնակիչներից Ջուլիետա Օսիպովան։  

«Ով գալիս է՝ հոտը առնում է, հետ է գնում, չեմ կարողանում ես իմ տունը վաճառել։ Չենք էլ կարողանում ապրենք։ Ամռանը պատուհան ենք փակում՝ շոգից ենք խեղդվում, բացում ենք՝ հոտից հաց չենք կարողանում ուտել։ Ճիշտ պահն է, Դուք էլ կանգնած եք, զգում եք։ Հնարավո՞ր է այստեղ ապրել»։

Տարածվող հոտը խիստ զգալի է։ Խոզաբուծարանի տարածք ինքս էլ առանց դիմակի մտնել  չկարողացա։ Ֆերմայի մի դուռը փակ էր, մյուս, ինչպես հետո տնօրենն ասաց, պատահաբար է բաց մնացել։ Երկար ճամփա անցնելուց հետո մեզ նախ դիմավորեց տարածքը հսկող շունը,  հետո՝ տարածքի սեփականատերը՝ զարմանալով, թե ինչպե՞ս եմ հայտնվել օտարների համար արգելված տարածքում։ Հետո անմիջապես դժգոհեց՝ այս անգա՞մ ով է լրագրող ուղարկել։

«Կլյաուզնիկ են բնակիչները։ Հա, հոտա գալիս։ Խոզ ա՝ կեղտոտում է, պետք է հոտ գա, բայց ամեն օր չի գալիս էդ հոտը»։ 

Այնուհետև տարածքի սեփականատերը զանգահարեց ընկերության  տնօրենին՝ լրագրող է եկել, խոճկորներին թող, արի, տես ինչ են ասում։ Զրույցը մեզ հետ ավարտին է հասցնում արդեն տարածքի սեփականատեր տիկինը։ Ներկայանալ չի ցանկանում, դժգոհությամբ է արձագանքում հարցերին։ Պատմում է՝ խոզաբուծարանը գործում է դեռ 2000 թվականից, երբ այստեղ տներ չեն եղել։ Իր համար անհասկանալիորեն բնակիչները սկսել են վերջին երկու տարում շարունակ բողոքել։ Իսկ խոզաբուծարանի հարևանությամբ ապրողներն էլ իրենց հերթին են հակադարձում՝ իրենց տներն այս տարածքում են արդեն 70-80 տարի։ Վերջին 5 տարում իրենց կողքին պահվող խոզերի թիվը գնալով ավելացել է, մարդկանց ապրելու համար կոմֆորտն է պակասել։

«Սրանք 70-80 տարվա տներ են։ Խոզաբուծարանի տեղում նախկինում եղել է կահույքի ֆաբրիկա, որը լուծարվել է։ Այն ժամանակ 50–60 հատ էին պահում, հոտն այդքան չէր տարածվում, բայց հիմա շատացրել են, ու ահավոր է»։

Բնակիչներին պատկան կառույցների՝ խնդրով զբաղվելու խոստումները չեն հուսադրում։ Նրանք «Ռադիոլուրին» փոխանցում են տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են խոզաբուծարանի աշխատակիցները  թերությունները կոծկելու նպատակով սատկած խոզերը նետում հարևան հողամաս։  Ընկերության տնօրենը ասում է՝ տեղյակ է, միայն թե տեսանյութը հին է՝ 4 տարվա վաղեմության, աշխատակիցների  սխալն է եղել՝ խոստովանում է։

Բնակիչներն ահազանգում են՝ խոզաբուծարանից տարածվող հոտը բավական չէ, մի կողմից էլ գոմի աշխատակիցներն գոմաղբը հարակից տարածքի աղբամանն են լցնում կամ Գետառը՝ աղտոտելով բնությունն ու հարակից տարածքը։ Բնակիչների այս պնդումը հերքում է ընկերության տնօրեն Գրիգոր Ղազարյանը։ Մեր սեփական աղբամանն ունենք՝ վստահեցնում է

«Չէ, նման բան չկա։ Մենք ունենք մեր սեփական աղբամանը, աղբի հեռացման համակարգը։ Գետառը չի, համապատասխան մեքենա ենք կանչում, տանում են»։

Արցախի պողոտայի բնակիչների դժգոհություննների շղթան ավելի վաղ պատկան այլ կառույցների էլ է հասել։ Երևանի քաղաքապետարանից «Ռադիոլուրին» փոխանցում են  Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պատասխանը։ Ըստ այդմ՝  հոկտեմբերի 8-ին  լրացուցիչ ուսումնասիրության նպատակով վարչական շրջանի աշխատակազմի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները համատեղ ստուգայց են կատարել: Արձանագրել են՝ տարածքը մաքուր է եղել, սանիտարահիգիենիկ պայմանները՝ որոշակիորեն պահպանված, տվյալ պահին գարշահոտություն չի եղել։  Չնայած կենդանիների արտաթորանքը մաքրվում է հատուկ տեխնիկայի միջոցով, տեղում պարզվել է, որ լվացվելուց հետո ջուրը թափվում է Գետառ տանող առվի մեջ, ինչի մասին ծանուցվել են  Ջրային կոմիտեն, «Վեոլիա ջուր ընկերությունը և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ մասնագիտական վերլուծության և ըստ այդմ՝ հետագա անելիքը հստակեցնելու համար:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի  հասարակայնության հետ կապերի պատասխանատու  Անուշ Հարությունյանը «Ռադիոլուրին» ասաց՝ կազմակերպությունը գտնվում է բնակելի տարածքից 300 մետր հեռավորության վրա, ինչպես սահմանված է օրենքով։

«Այնտեղ գոյություն ունեն հորեր, որտեղ գոմաղբը տեղափոխվում էու փակվում։ Որպեսզի խնդիրը վերջնական լուծում ստանա, պետք է համակարգ սարքվի, որով գոմաղբը կտեղափոխվի կոյուղիներ, և հոտի խնդիրը մեկընդմիշտ կլուծվի։ Այդ հարցում թաղապետարանը խոստացել է աջակցել, քարտեզներ կտրամադրեն, իսկ տնտեսվարողն ասել է, որ  ծախսերն ինքը կհոգա»։

«Ռադիոլուրին» խոզաբուծական ընկերության տնօրենը հավաստիացրեց, որ արդեն աշխատանքներ են սկսվել խնդիրները շտկելու ուղղությամբ։ Սեղմ ժամկետում կփորձեն հարթել բոլոր խնդիրները՝ ասաց։ Բնակիչները շեշտում են՝  սպասում են, բայց խնդիրն անտեսել չեն պատրաստվում։

Ցուցադրել ավելի
Back to top button