Մտքի ուժը

Ժամանակակից կամրջաշինության մեջ հին մեթոդները չեն գործում․ «Մտքի ուժը»

Ոչ այնքան վաղ անցյալում մի ավանդույթ կար. կամուրջ կառուցողն ընտանիքի հետ իր կառույցի տակ նստում էր խնջույքի, իսկ կամրջի վրայով անցկացնում էին ծանր բեռներ` փորձելով կառույցի ամրությունը։ Այսպիսով` ճարտարապետը տոնում էր իր շինության շահագործումը` դրա որակը անմիջապես իր ընտանիքի անդամների վրա փորձելով:

Ինչպե՞ս են մեր օրերում կառուցվում կամուրջները, որտե՞ղ է ստուգվում նրանց ամրությունը։ Մասնագետներն ասում են, որ Հայաստանի կամուրջների որակը գնահատելու համար հատուկ սարք-սարքավորումներ են անհրաժեշտ։ Զրուցակիցս Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Ճանապարհներ և կամուրջներ» ամբիոնի վարիչ Հակոբ Գյուլզադյանն է։

Խոստովանում է՝ կամրջաշինության համար լավ ժամանակներ չեն։ «Կամուրջների որակը ստուգելը հեշտ բան չէ։ Կոնստրուկցիաները բերում են, մոնտաժ է արվում, մոնտաժն աչքով հասկանալ չես կարող»,- ասում է մասնագետը։ Նրա խոսքով, հատուկ գործիքներ են կիրառում, կան նաև հսկող մարմիններ։

Հայաստանի կամուրջների ընդհանուր վիճակը բարվոք է, մի քանի հետազոտություն են արել Կիևյան, Հաղթանակի կամուրջներում, Նոր Հաճընի կամուրջն են ուսումնասիրել, լուրջ թերություններ չեն հայտնաբերել։

Հակոբ Գյուլզադյանի համար տհաճ ու ցավալի է, որ Հայաստանում վրացական կազմակերպություններն են պատվերներ շահում, և ոչ թե տեղականը։ Որպեսզի երկրում կոնկրետ ոլորտը չմեռնի, պետք է այդ ոլորտի ներկայացուցիչներին առավելություն տալ մյուսների նկատմամբ` ասում է։

Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճանապարհաշինարարական նյութերի փորձարկումների լաբորատորիայում նոր սարք-սարքավորումներ են դրված։ Դրանցով այսուհետ հնարավոր կլինի փորձագիտական եզրակացություն անել։ Լաբորատորիան ստեղծվել է ՀԲ ֆինանսավորմամբ, ընդհանուր արժեքը շուրջ 165 մլն դրամ է, համակարգողը՝ ԿԳՄՍ-ն է։

Լաբորատորիան բացվել է ՀԲ-ի «ՇԻՆԼԱԲ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Համալսարանի «Ճանապարհներ ու կամուրջներ» ամբիոնի վարիչ Հակոբ Գյուլզադյանն ասում է՝ նախ կարող են փորձարկել ճանապարհաշինության ժամանակ օգտագործվող նյութերը։ Նորաբաց լաբորատորիայում տարբեր փորձարկումներ են կատարում ՝ ծանոթ ու անծանոթ սարք-սարքավորումներ են՝ մաղեր, Լոս Անջելեսի թմբուկ ու ոչ միայն։

Թե ինչի՞ համար են կիրառում դրանք, պատմում է «Ճանապարհներ ու կամուրջներ» ամբիոնի վարիչ Հակոբ Գյուլզադյանը։ Ասում է, որ մաղերով հնարավոր է գրունտ, խիճ մաղել, եթե մասեր են մնում, հնարավոր է հատիկաչափական վերլուծություններ անել։

Գիտական առաջարկներն արվում են, կարևորը դրանք տնտեսության մեջ ներդնելն է։ Թե ո՞ր մասն է կիրառական նշանակության, բուհի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մանուկ Բարսեղյանը թվարկում է, ասում է, որ կարող են կիրառվել շինարարության մեջ, ջրային պաշարների ցուցանիշերի ստուգաչափման, նոր տեսակի շինարարական նյութերի ստացման մեջ, որոնք կոնկերտ կիրառական նշանակություն ունեն։

Հայաստանում դժվար է գիտությամբ զբաղվել` խոստովանում է զրուցակիցս։ Միաժամանակ նկատում է՝ կան գիտնականներ, որոնք կարող են միայն գիտությամբ զբաղվելով ապրել, եթե, իհարկե, միջազգային դրամաշնորհ ստանան։

Մանուկ Բարսեղյանը նաև ընդգծում է՝ կան մասնագիտություններ, որոնց միջոցով հնարավոր է կարճ ժամանակում բարձր աշխատավարձով աշխատանք ունենալ։ Որպես օրինակ ծրագրավորողներին է ներկայացնում։ Մինչդեռ ինժեներ դառնալու համար ավելի երկար ժամանակ է պետք՝ նկատում է Մանուկ Բարսեղյանն ու եզրափակում՝ դրա համար էլ Հայաստանում ոչ ինժեներ են ուզում դառնալ, ոչ էլ բնագետ։

Ցուցադրել ավելի
Back to top button