ԿարևորՏնտեսական

ԵԱՏՄ-ում ընդհանուր տարադրամի ստեղծումը տնտեսական զարգացման նախապայմաններից է․ վերլուծաբան

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որը հեռավար է անցկացվել, մի շարք համակարգային խնդիրներ են քննարկվել։  Խոսվել է   տարածաշրջանում էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման, ԵԱՏՄ ներքին շուկան արտաքին տնտեսական ճնշումից պաշտպանելու, փոխադարձ առևտրի մեջ դոլարային վճարումների կշիռը  նվազեցնելու և միասնական արժույթով գործարքներ իրականացնելու անհրաժեշտության մասին։ Որքանո՞վ են այս առաջարկները բխում Հայաստանի տնտեսական շահերից, ի՞նչ կտան մեր գործարարներին և պատրաստ են արդյո՞ք  նրանք եվրասիական համագործակցությանը։

ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի առանցքային հարցերից մեկը էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորումն էր։ Հայաստանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկում  է այս հարցը  դասել համակարգային խնդիրների շարքում՝ շեշտելով, որ  Էներգետիկ բնագավառում ընդհանուր ոլորտային շուկաների ձևավորումը տնտեսական ինտեգրման ներուժի լիարժեք իրացման նախապայման է։

«Էներգետիկ բնագավառում ընդհանուր ոլորտային շուկաների ձևավորումը ոչ միայն ԵԱՏՄ ձևավորման մասին պայմանագրի դրույթների իրականացման խնդիր է, այլ նաև տնտեսական ինտեգրման ներուժի լիարժեք իրացման նախապայման: Թերևս դա էլ կանխորոշում է այս շուկայի գործունեության սկզբունքների և մեխանիզմների ներդաշնակեցման գործընթացի բարդությունը, ինչը ենթադրում է երկրների՝ էներգետիկ ոլորտում տարբեր հնարավորությունների և շահերի հաշվի առնելը»:

Եվրասիական փորձագիտական  ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը հիշեցնում է, որ վերջին 4-5 տարիներին կառույցում այս ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվում։ Նպատակը 2024-2025 թթ-ին Եվրասիական տարածքում գազի նավթի, նավթամթերքի ընդհանուր շուկա ձևավորելն է։ Զրուցակցիս կարծիքով՝ այս նպատակի իրագործման դեպքում Եվրասիական  տարածքի երկրները մրցակցային  առավելություններ  կունենան։

«Եթե կարողանանք հասնել ինչպես գազի, այնպես էլ նավթամթերքի շուկայում կանխատեսելի գների,  իսկ դա  հնարավոր է ընդհանուր  նավթի, գազի շուկա ստեղծելու պայմաններում, ապա կկարողանանք էական ներդրում ունենալ մեր արդյունաբերության, տնտեսության զարգացման մեջ, նաև ժողովրդի կենսամակարդակը կբարձրանա։ Դա կարող է մեկ-երկու տարում իրականություն դառնալ, բայց հոռետեսական սցենարներով դա իրականություն կդառնա 2024-2025 թվականներին»։  

Նիստին քննարկված հարցերից մեկն էլ ԵԱՏՄ  ներքին շուկան տնտեսական արտաքին ճնշումներից պաշտպանելու անհրաժեշտությունն է։ Հայաստանի վարչապետն այս  հարցը կարևորել է երրորդ երկրների տնտեսական ճնշման հետևանքով հնարավոր բացասական ազդեցությունները չեզոքացնելու առումով։

Արամ Սաֆարյանը նկատում է՝  ԵԱՏՄ-ին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ–ի  շուրջ 4 տոկոսը։ Աշխարհի տնտեսական հսկաները՝ ԱՄՆ, Չինաստան, ԵՄ ՝ եվրասիական տարածքից մի քանի անգամ ավելի մեծ տնտեսություններ ունեն։ Այս պայմաններում, ըստ վերլուծաբանի, մեծ է գայթակղությունը  ուժեղների կողմից թույլերի վրա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ճնշումներ բանեցնելու։ ԵԱՏՄ –ն պետք է ունակ լինի պաշտպանելու իր շուկան՝ ասում է Սաֆարյանը։

«Դա շատ ակտուալ հարց է, և ԵԱՏՄ շուկան պետք է ի վիճակի լինի ինքն իրեն պաշտպանել։ Ցածորորակ ու անհայտ ծագման ապրանքների առկայությունը եվրասիական տարածքում հարվածում է  ԵԱՏՄ տարածքի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու ինչու ոչ Հայաստանի ապրանքային հնարավորություններին»։

ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինը կարևորում է  ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի մեջ դոլարային վճարումների նվազեցումը։ Նա  Արևմուտքի պատժամիջոցները դիտարկում է որպես անբարեխիղճ մրցակցության գործիք և նկատում՝ միության ներսում պետք է խթանել համագործակցությունը, հրաժարվել  եվրոյից ու դոլարից ու անցում կատարել  ազգային արժույթներին։

«Որևէ մեկի  համար գաղտնիք չէ, որ այդ պատժամիջոցները կիրառվում են ոչ միայն որպես անբարեխիղճ մրցակցության գործիքներ, այլ նաև որպես սոցիալական, տնտեսական ու քաղաքական խնդիրներ հարուցելու միջոցներ։  Այդ արտաքին անբարենպաստ պայմանները պետք է լրացուցիչ լիցք հաղորդեն միության ներսում համագործակցությանը։ Մեծանում է սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ անցում կատարելու ազգային միասնական արժույթով  գործակցության և կրճատելու դոլարով ու եվրոյով փոխադարձ գործարքները»։  

Եվրասիական փորձագիտական  ակումբի համակարգողն այս առումով հիշեցնում է, որ հայկական կողմն արդեն մի քանի տարի  բարձրացնում է այդ հարցը՝ խոսելով, օրինակ, գազի համար միասնական արժույթով վճարելու մասին ։

«Հնգյակի մեջ չկա մի երկիր, որ չհասկանա՝ ձեռնտու է ունենալ ընդհանուր տարադրամ։ Սրա օգտակարության մասին խոսում են բոլորը։ Դա կնպաստի տնտեսական զարգացմանը»։  

ԵԱՏՄ նիստից հետո գործարար Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ էր արել  Հայաստանի տնտեսվարողներին մասնակցել  ԵԱՏՄ պետությունների պետական գնումների մրցույթներին։ Պատգամավորը նաև վիճակագրական տվյալներ էր ներկայացրել։

«2019 թվականին Ռուսաստանի Դաշնության պետական գնումներին Հայաստանի Հանրապետության կազմակերպություններից հաղթող է ճանաչվել միայն մեկ կազմակերպություն՝ 230 հազար դոլարի պետական գնման պայմանագրով, իսկ 2020 թվականին՝ տասը կազմակերպություն՝ 110 հազար դոլարի պետական գնման պայմանագրով։ Մեր գործարարները պարտավոր են մասնակցելու գնումների գործընթացին: Իրենց հետ պետք է խորհրդատվական ծառայություններն աշխատեն, կրթեն, իրազեկեն, փաստաթղթերի լրացման ձևերը սովորեցնեն, որպեսզի Հայաստանի կազմակերպությունները, որոնք ունեն մրցունակ ապրանքներ, մասնակցեն ՌԴ-ի պետական գնումների հայտերին»։

Ինչո՞վ է կարևոր ՀՀ տնտեսվարողների համար Ռուսաստանի դաշնության պետական գնումներին մասնակցելը։ Եվրասիական փորձագիտական  ակումբի համակարգող ը կարծում է ՝ այդ ակտիվությունը հայ գործարարների համար կարող է շրջադարձային լինել։

«Մեր փորձագետներն ու գիտնականները վաղուց խոսում են այն մասին, որ հայ գործարարների առաջ ՌԴ պետական գնումների շուկան բացելը կարող է շրջադարձային նշանակություն ունենալ՝ հայկական բիզնեսի ակտիվության համար»։

Ռուսաստանում պետական գնումների շուկա  մուտք գործելու համար պետք է ջանքեր գործադրվեն։ Դա,  ըստ վերլուծաբանի, անհրաժեշտ է եվրասիական տարածքում մշտական ներկայություն ունենալու և Հայաստանի տնտեսությանը զարկ տալու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button