ԿարևորՔաղաքական

Ադրբեջանական կրակոցների քաղաքական գինը

2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո հրադադարը խախտվել է պարբերաբար, բայց առաջին անգամ լարումը տևում է մի քանի օր։ 3 օրվա ընթացքում հայկական կողմն ունի սպանված մեկ քաղաքացիական անձ և 6 վիրավոր զինծառայող։

Խնդիրն ունի մի քանի հարթություն: Հայ վերլուծաբանները դրանք մոտավոր նախանշում են։ Ուշագրավ է, որ կրակոցները համընկնում են ակտիվացած քաղաքական հանդիպումների և տարածաշրջանի ապաշրջափակման շուրջ քննարկումների հետ:

Արցախում հրադադարի ռեժիմը խախտելու ադրբեջանական փորձերը Հայաստանում դիտարկում են տարբեր հարթություններում։ Ամենապարզը և ակնհայտը Արցախի մնացյալ տարածքերի անեքսիայի պետական քաղաքականությունն է։ Քաղաքագետ Տարոն Հովհաննիսյանն է այսպես կարծում՝ հաշվի առնելով Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևոր առաջնորդի վերջին հայտարարությունները: Դրանք բացառում են անգամ ինքնավարության ինչ-որ աստիճան տրամադրելու հարցը, ինչն ակնարկվում էր նախկինում:

Ըստ քաղաքագետի՝ ադրբեջանական անեքսիոն քաղաքականությունը հանդիպում է խոչընդոտների, ու դրանց ուղղությամբ ադրբեջանական կողմը նպատակային աշխատում է.

«Եթե մենք ուշադիր լինենք իրենց հաղորդագորթյուններին, իրենք անընդհատ Արցախի ՊԲ-ն հայտարարում են ահաբեկչական կառույց, որը չպետք է գոյություն ունենա։ Այսինքն, Արցախը չպետք է ունենա ինքնապաշտպանվելու հնարավորություն։ Այս ուղղությամբ իրենք շարունակելու են անընդհատ աշխատել։ Մյուսը ռուս խաղաղապահներն են։ Բնականաբար, կա տրամաբանական դժգոհություն ռուս խաղաղապահների նկատմամբ, որովհետև լինում են գործողություններ թե՛ Հայաստանի սահմանին, թե՛ Արցախում, և սադրանքները կանխվում են ուշ փուլում, վաղ փուլում չեն կանխվում։ Կարծում եմ՝ սա էլ է Ադրբեջանի քաղաքականության մի մասը։ Իրենց, բնականաբար, պետք չեն այդտեղ ո՛չ ռուսներ, ո՛չ հայեր։ Հետևաբար, աշխատելու են նաև դրա դեմ։ Հիմա ի՞նչ պետք է լինի, որ սա կանխվի. գնդակը այս մի հարցում մնում է Ռուսաստանի դաշտում։ Հակառակ դեպքում Ադրբեջանն Արցախում անընդհատ շարունակելու է հարվածել Ռուսաստանի և ռուս խաղաղապահների հեղինակությանը»։

Ադրբեջանական կրակոցների տրամաբանությունը դիտարկվում է նաև «բարձր» և «բարձրագույն» հանդիպումների համատեքստում։ Վերջին շրջանում, հիմնականում Մոսկվայում, տարբեր մակարդակներով հանդիպումներ կազմակերպվեցին՝ հոգևոր, տնտեսական, քաղաքական։ Քաղաքագիտական վերլուծության համար շատ տեղեկատվություն այս ամենից չի հաղորդվում։ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյան․

«Պետք են ինտենսիվ կոնսուլտացիաներ առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ «դեմքերի» մակարդակով։ Հուսով եմ, որ այդպես էր, այլ ոչ թե՝ բոլորին կանչեցին ցուցում տալու համար»։

Հայաստանի պաշտպանության նախարարի այց Ռուսաստան, ԱԺ–ի պատվիրակության գործուղում, Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպում, Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիպում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հետ՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ, Մինսկում արտգործնախարարների եռակողմ հանդիպում. սրանք  վերջին մի քանի օրերում կազմակերպված հանդիպումներն են:

Տարիների ընթացքում ավանդույթ է դարձել՝Ղարաբաղին առնչվող օրակարգային հարցերով միջազգային հանդիպումներն ուղեկցվում են սահմանային միջադեպերով և սադրանքներով։ Կրակոցները հանդիպումից առաջ և հետո՝ ըստ քաղաքագետ էմիլ Օրդուխանյանի, պետք է դիտարկել առանձին.  

«Նախորդող կրակային ակտիվացումը ճնշման լծակ է հանդիպումների համար: Հաջորդող կրակային ակտիվացումը, կարծում եմ՝ դժգոհություն է հանդիպումների եզրահանգման իմաստով: Սա մենք կարող ենք ընդունել որպես ցուցիչ՝ հետևություններ անելու իմաստով»։

Տարածաշրջանում վերջին զարգացումները և Հայաստանի համար բացվող հեռանկարը շատերին ձեռնտու չեն, կարծում է քաղաքագետը: Նա իրադարձությունները վերլուծում է Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան և Հայաստան-Վրաստան-Իրան-Հնդկաստան ուղղությունների համատեքստում։

«Երբ մենք ուշադիր նայում ենք այս «աղեղներին», տեսնում ենք, որ դրանք ունեն մեկ հատման կետ՝ դա Հայաստանն է, և մասնավորապես՝ Սյունիքն ու Մեղրին։ Հետևապես, այստեղ էլ կարևորվում է Հայաստանի դերը և նշանակությունը աշխարհաքաղաքական իմաստով։ Պատահական չէ, որ այս «աղեղներում» չնշեցի Ռուսաստանը, որովհետև այն որևէ «աղեղի» մասնակից կամ շարունակողը չէ։ Ռուսաստանն, ըստ էության, այդ «աղեղների» հատման կետը վերահսկելու հավակնություն ունի։ Բնականաբար, խոսքը վերաբերում է Սյունիքին, այսինքն, հատման կետը այնտեղ է, և նա իր շահերն է իրացնում: Դրանք շատ լավ հավասարակշռվում և հակակշռվում են երկու «աղեղների» պարագայում էլ»։

Հայաստանյան քաղաքագիտական շրջանակում համոզված են՝ Ադրբեջանի նպատակը զիջումների դիմաց իր պատկերացրած խաղաղությունը մեզ պարտադրելն է։ Այդ երկրում ենթադրում են և հայտարարում, որ հակամարտությունը լուծել են, անգամ վերապահումով են վերաբերվում ԵԱՀԿ ՄԽ–ի ձևաչափի վերագործարկմանը։ Վերապահումը կապված է բովանդակության հետ, ասել է թե՝ կարգավիճակ չեն ցանկանում քննարկել, մինչդեռ միջազգային հանրությունը հակված է այն տեսակետին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծումը պետք է գտնվի հենց ՄԽ-ի ձևաչափով։

Մինչ քննարկվում է այդ ձևաչափի վերագործման հավանականությունը, Հայաստանի վարչապետն ուԱդրբեջանի նախագահը հանդիպում են՝ հեռավար: ԱՊՀ գագաթաժողովը հարաբերություններ պարզելու հերթական հարթակն էր, որտեղ Ալիևը դժգոհել է, թե Հայաստանը չի ցանկանում Ադրբեջանին տրամադրել Լեռնային Ղարաբաղի ականապատված տարածքների բոլոր քարտեզները։ Ասենք այսպես՝ «ձեռքի հետ» էլ մեղադրել է Իրանին և Հայաստանին՝ համատեղ թմրաշջանառություն կազմակերպելու մեջ։

Հայաստանի վարչապետը հակադարձել է՝ հիշեցնելով, որ նոյեմբերի 9–ի հայտարարության 8-րդ կետը մնում է չկատարված.

Տարածաշրջանում խաղաղության հաստատման համար Փաշինյանը կարևորել է  պայմանավորվածությունների երկուստեք կատարումը և փաստել է, որ Ադրբեջանը մինչև օրս չի վերադարձնել բոլոր գերիներին և Ադրբեջանում պահվող քաղաքացիական անձանց։

Հայ քաղաքագետները պնդում են՝ միջազգային հարթակներում պետք է հասնել նրան, որ Ադրբեջանի ցանկացած կրակոց ունենա հստակ քաղաքական գին։ Միայն դա կստիպի Ադրբեջանին հրաժարվել իր նախընտրելի ոճից։


Ցուցադրել ավելի
Back to top button