ԿարևորՀասարակություն

Տասը տարին մեկ՝ նոր քաղաքապետ. ո՞վ կղեկավարի Գյումրին

Երկու օր անց՝ հոկտեմբերի 17-ին, Գյումրիում քաղաքային նոր իշխանություն են ընտրելու։ Ընտրություններին մասնակցում է տասը քաղաքական ուժ, բայց վաղն ավարտվող նախընտրական քարոզարշավը, գոնե առերևույթ, թեժ չէ։

Քարոզարշավի օրերին «Բալասանյան դաշինք»-ի նախընտրական ցուցակի առաջին համար, քաղաքապետի թեկնածու Վարդգես Սամսոնյանը վարակավեց թագավարակով։ Նրան տեղափոխեցին մայրաքաղաք։ Գյումրիում մնացած նրա թիմակիցները հարկ չհամարեցին շփվել լրագրողների հետ ու ներկայացնել նախընտրական ծրագրերը։

«Բալասանյան դաշինքը» քարոզչություն է անում հիմնականում արտաքին գովազդային վահանակներով  և առցանց հարթակում՝ ցուցադրելով նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման տարիներին Գյումրիում կատարված փոփոխությունները։

Վարդգես Սամսոնյանի առողջական վիճակն արդեն համեմատաբար լավ է, սակայն թիմակիցների խոսքով՝ նա դեռ պատրաստ չէ հարցազրույցների։ Սամսոնյանի բացակայությամբ թիմի անդամներից որևէ մեկը չուզեց խոսել «Բալասանյան դաշինք»-ի նախընտրական ծրագրերից։

«Քաղաքացիական պայմանագիր»ը քարոզարշավ է իրականացնում՝ ջանք չխնայելով։ Իշխող ուժի պաշտոնյաներըբակային հանդիպումներ են անցկացնում, մասնակցում տարբեր ձևաչափերով հանրային հանդիպումների։ՔՊ կուսակցության՝ Գյումրիի քաղաքապետի թկնածու Հովհաննես Հարությունյան․

«Այն լավ բաները, որ մենք ուզում ենք տեսնել քաղաքում, կապ չունի, թե որ թաղամասում եք ապրում, ձեր տների, բնակարանների առաջ պետք է տեսնեք։ Լուծումները, իրոք, կան, շատ անգամ ոչ թե ֆինանսներ են պետք, այլ՝ կամք»։

«Քաղաքացիական պայմանագիր»-ն ու «Բալասանյան դաշինք»-ը նախընտրական քարոզարշավում վարչական ռեսուրս են օգտագործում,-ասում է «Զարթոնք» կուսակցության ցուցակի առաջին համար ու քաղաքապետի թեկնածու Վարդևան Հակոբյանը։ Մանրամասնում է՝ մշտադիտարկում են արել և արձանագրել, որ երկիրը կառավարող «Քաղաքացիական պայմանագիր»-ն ու Գյումրիում կառավարող ուժ հանդիսացող «Բալասանյան դաշինք»-ը չարաշահում են վարչական ռեսուրսը՝ օրենքով արգելված վայրերում մեծաթիվ գովազդային պաստառներ փակցնելով։

«Երբ մեր գովազդային պաստառները փակցնում էինք, ասացին՝ չի կարելի, և մենք հանեցինք։ Երկար ժամանակ սպասում էի, որ բոլորն էլ հանելու են, սակայն գնալով բոլոր տեղերում ավելացան իշխող «Քաղաքացիական պայմանագրի» գովազդները ինչպես նաև՝ «Բալասանյան դաշինքինը»։

Վարդևան Հակոբյանը նկատում է, որ 2018-ի հեղափոխությամբ էլ հնարավոր չեղավ ընտրական գործընթացը մաքրել արատավոր երևույթներից։ Խոսքը, մասնավորապես, կրթական ոլորտները քաղաքականացնելու մասին է․

«Հիմա ավագանու ցուցակներում կան անձիք, որոնք դպրոցների տնօրեններ են, կան պաշտոնատարներ, որոնք արձակուրդ չեն վերցրել։ Շատ հարցեր էլ կան, որոնց մասին առայժմ չեմ բարձրաձայնում»։

Վարդևան Հակոբյանն վստահեցնում է, որ ունի Գյումրին կառավարելու մրցունակ ծրագիր ու կարող է վարել կադրային ճիշտ քաղաքականություն։ Իսկ մինչ դա, ասում է,- պետք է բացառել թաղային հեղինակությունների միջամտությունը սպասվող ընտրություններին։

Մինչդեռ այն մասին, որ թաղային հեղինակություններն արդեն գործի են անցել, բարձրաձայնում նաև «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համար Կարեն Մալխասյանը․

«Թվում էր, թե այս երևույթը մնացել է անցյալում է, բայց պարզվեց, որ թաղային հեղինակություններին նորից փորձում են օգտագործել։ Խոսակցության մակարդակով է հասնում մեզ, բայց քանի որ ինքս իրավաբան եմ, պետք է ապացուցողական ուժ ներկայացնեմ։ Հիմա բոլոր գործերը թողնել և ծրագրեր ներկայացնելու փոխարեն չեմ պատրաստվում դա ապացուցել։ Գյումրեցին հաստատ ճիշտ կկողմնորոշվի՝ անկախ թաղային հեղինակություններից և չթույլատրվածբազմաթիվ պաստառներից»։

«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու ցուցակում գրանցված է 22 թեկնածու, քաղաքական ուժի ծրագրային դրույթները նույնպես 22-ն են։ Դրանց թվում շատ են սոցիալական ծրագրերը։ 

«Երկրաշարժի պատճառով մարդիկ բնակվել են տնակներում և ոչ հիմնական շինություններում, այսպես ասած՝ մանկապարտեզների շենքերում, հանրակացարաններում։ Շատերն ընդգրկված չեն նաև բնակարանների հերթացուցակներում, որովհետևխնդիրներ կան, ընտանիքը մեծ է եղել, երկրաշարժի տետևանքով կորցրած տան փոխհատուցումը եղել է ընտանիքի մի մասի համար, մյուս մասը մնացել է տնակում»։

Այս մարդկանց բնակարանային խնդիրը, ըստ Կարեն Մալխասյանի, կարելի է լուծել սոցիալական բնակարաններ կառուցելով։

Վերջին երկու տասնամյակում Գյումրին ունեցել է երկու քաղաքապետ՝ Վարդան Ղուկասյանը պաշտոնավարել է 12, Սամվել Բալասանյանը՝ 9 տարի։ Հիշենք՝ նախկին քաղաքապետերից Վարդան Ղուկասյանը եղել է նախկին իշխանության՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչ, Սամվել Բալասանյանն էլ քաղաքապետ է դարձել՝ ունենալով օրվա բարձրագույն իշխանության աջակցությունը։

Ով կլինի հանրապետության երկրորդ քաղաքի նոր քաղաքապետը և որ կուսակցությունից՝ հայտնի կդառնա հոկտեմբերի 17-ին։

Back to top button