ԿարևորՄշակույթ

Թբիլիսիում Փարաջանովի տուն-թանգարան կբացվի․ առաջին ցուցանմուշները կան

Թբիլիսիի փողոցներից մեկը Փարաջանովի անվամբ անվանակոչվելուց հետո, մի խումբ մտավորականներ հանդես են գալիս Փարաջանովի տուն-թանգարան բացելու առաջարկով։ Վրաստանի մայրաքաղաքում կան բազմաթիվ թանգարաններ, պակասում է միայն թբիլիսահայ ռեժիսորի անվան տուն թանգարանը։

Վերջերս Թբիլիսի սակրեբուոյի (ավագանի) նսիտում, երբ որոշում կայացվեց Մթածմինդա թաղամասի Կոտե Մեսխիի փողոցի նրբանցքը կոչել կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունով, քննարկում ծավալվեց նրա տուն-թանգարանը բացելու հարցով նաև։ Սակրեբուլոյի փոխնախագահը հայտարարեց, որ փողոցի անվանակոչումը գործընթացի սկիզբն է, և որ Փարաջանովի կողմից 45 տարի առաջ իրեն նվիրած գորգը կարող է դառնալ թանգարանի առաջին էքսպոնատը։ Նիստին ներկա Վրաստան թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբութը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է․

«Երբ քաղաքային խորհրդի փոխնախագահն ասում է, որ տրվել է տուն-թանգարանի բացման գործընթացի մեկնարկը, հավաքվում են առաջին էքսպոնատները, ես կարծում եմ, որ Թբիլիսին շուտով կունենա Փարաջանովի տուն թանգարան»։

Տուն թանգարան բացելու առաջարկով ստորագրահավաք է սկսել Փարաջանովի արվեստին սիրահարված վրացի ռեժիսոր Գիա Ալավիձեն՝ Խոսե Մաջիներին։ Նա շուրջ երեք տասնյակ ֆիլմ է նկարահանել Փարաջանովի մասին («Զրույցներ Փարաջանովի մասին»)։ Ասում է՝ ուզում է, որ յուրաքանչյուր մարդ տեսնի Փարաջանովի հանդեպ թբիլիսցիների սերը․

«Իհարկե նրա հիանալի տուն թանգարանը կա Երևանում, բայց նա այստեղ է ծնվել, Թբիլիսին է նրան այդպիսին դարձրել։ Փարաջանովի սիրտը Թբիլիսիում է․․․»։

Փարաջանովագետը թանգարանի առաջին հավաքածուն արդեն ունի՝ Փարաջանովի սնդուկը՝ լի գունեղ կտորներով, ժանյակներով, ուլունքներով, հին բանալիներով ու տիկնիկներով նա պահ է տվել «Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնին՝ «հարմարվելու թանգարանային մթնոլորտին»։ Կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանի խոսքով․  

«Թումանյանի տուն են բերվել Փարաջանովի աշխատանքները՝ կոլաժներ, տիկնիկներ, իր աթոռը, սնդուկը և զարդատուփը։ Սրանք անձնական իրերն են, որ մեզ մոտ թեմի առաջնորդի թույլտվությամբ կգտնվեն այնքան, մինչև Խոսեի ծրագրերը Փարաջանովի հետ կապված իրականություն դառնան»։  

Թբիլիսիում կարծիք կա, թե Փարաջանովից ոչինչ չի մնացել․ նրա մահից հետո իրերն ամբողջությամբ Երևան են տեղափոխվել։ Սակայն Փարաջանովի գլուխգործոցները դեռ կարելի է գտնել թբիլիսյան շատ հին տներում։

Թեև նրա տունն էլ վաճառված է, հյուրանոցի վերածված, սակայն շարունակում է բազմաթիվ զբոսաշրջիկների բերել թաղամաս։ Հարևանները ցույց են տալիս Փարաջանովի հետ արված լուսանկարները, նրանից ստացած յուրօրինակ նվերները, պատմում ամեն երեկո Մթածմինդայի բարձունքում՝ Փարաջանովի տան պատշգամբում կազմակերպվող բեմադրությունների մասին․

«Մի օր նա վաղ առավոտյան ինձ կանչեց՝ Զուրաբ, մոռացել ե՞ս, այսօր քո ծննդյան օրն է, ինձ նվերներ տվեց, այդ թվում նաև Կիևից բերած դաշնամուրը, որի վրա նվագել է Սոֆիկո Ճիաուրելին»։  

Վրացի մտավորականները Փարաջանովի տուն-թանգարանը ցանկանում են, որ բացվի հենց իր տանը՝ որտեղ ապրել ու ստեղծագործել է։ Ճիշտ այն տանը, որի մասին ինքն ասում էր՝ «Ես ապրում եմ Վրաստանում՝ Թիֆլիսում՝ իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես հովանոցով եմ քնում և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին»։

Back to top button