ԿարևորՀասարակություն

Երկրի փոխարեն անձնագրում նշել միայն ծննդյան քաղաքը․ նոր որոշումը բազմաթիվ հարցեր է առաջացնում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում։ Դրանց նախագիծն արդեն արժանացել է կառավարության հավանությանը։ Այդպիսով մի շարք լուծումներ են առաջարկվում օրինակ՝ ուսման ավարտից հետ արտասահմանում կրթություն ստանալ պատրաստվող երիտասարդների համար, բուժհաստատություններում գտնվող անգիտակից կամ հիշողությունը կամ շարժելու ունակությունը ժամականավորապես կորցրած անձանց անձնագիր տալու և մի շարք այլ հարցերի մասով։ Բայց անձնագրերի մասով ուշագրավ մեկ այլ առաջարկ էլ կա։

ՀՀ ոստիկանությունն առաջարկում է, իսկ կառավարությունը հավանություն է տալիս առաջարկին, ըստ որի՝ ՀՀ օրենսդրության փոփոխությամբ քաղաքացուն հնարավորություն կընձեռվի իր ցանկությամբ իր անձնագրում որպես ծննդավայր նշել այն տարածքը, որտեղ ծնվել է։ Այս մոտեցումը պետք է լուծի խնդիրներն այն դեպքերում, երբ քաղաքացու ծննդյան վայրը Հայաստանի Հանրապետության կողմից չճանաչված պետություն է կամ միջազգայնորեն վիճարկելի տարածք: Որոշումը գործադիրում հիմնավորում են այսպես․ մեջբերում․

«Գործնականում բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքացին դիմում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ ծննդյան վայրը փոխելու նպատակով, քանի որ ՀՀ քաղաքացու անձնագրում (նույնականացման քարտում) որպես ծննդավայր որևէ պետության նշումը նրա համար խնդիրներ է առաջացնում օտարերկրյա այլ պետություններում իր իրավունքներն իրացնելիս:

Այս դիրքորոշման ձևավորման հիմքում է հանգամանքը, որ հաշվի առնելով միջազգային չափանիշերը, ցանկացած այնպիսի դեպքում, երբ «ծննդյան վայրը» դաշտում կոնկրետ պետություն նշելը խնդրահարույց է կամ որևէ այլ հիմնավոր կամ ակնհայտ պատճառով նպատակահարմար չէ, պետությունները քաղաքացիների անձնագրում նշում են միայն անձի ծննդյան քաղաքը, ավանը, գյուղը կամ շրջանը` հիմք ընդունելով այդ փաստը հավաստող փաստաթուղթը (ծննդյան վկայական, օտարերկրյա անձնագիր, այլ փաստաթուղթ)»:

Հարցը քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ, որտեղից ստացվել է միջազգային փորձի վերաբերյալ ուսումնասիրություն՝ փոխանցում են կառավարությունից։ Բայց այս որոշումը մի շարք նոր հարցեր է առաջացնում։ Այն կառավարությունում չի զեկուցվում, մանրամասներ չեն ներկայացվում։ Ոստիկանությունը ևս դեռ չի մեկնաբանում և չի պարզաբանում՝ արդյո՞ք այս որոշումն ինչ-որ կերպ առնչվում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերի քաղաքացիների գրանցման և բնակության վայրի խնդիրներին, թե ոչ։ Եթե անձնագրում նշվի միայն քաղաքացու ծննդյան քաղաքը, ավանը, գյուղը կամ շրջանը, արդյո՞ք դա օտարերկրյա պետություններ մեկնելիս վիզայի ստացման կամ անձի նույնականացման խնդիրներ չի ստեղծի։  Ոստիկանությունից նշում են՝ թեմայի շուրջ կխոսեն, երբ որոշումն արդեն օրենք դառնա։

ԱՀ ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանն ասում է՝ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագծի մասին Արցախում քննարկումներ դեռ չեն եղել, նա եւս հորդորում է սպասել, մինչ փոփոխություններն ամրագրվեն օրենքով։ Թադևոսյանը միաժամանակ նաև տեղեկացնում է՝ ամիսներ իր վեր իր լուծմանը սպասող կարևոր մի հարց լուծվել է արդեն․

«Անցած ամիսներին կար որոշակի խնդիր արցախցիների անձնագրերի հետ կապված, բայց ասեմ, որ հաջորդ շաբաթ արդեն խնդիրները լուծված կլինեն․ Արցախի քաղաքացիները կկարողանան անարգել անձնագրեր ստանալ, քանի որ անձնագրերի պատվիրված բլանկերին սպասում ենք արդեն շաբաթվա վերջում»,– ասում է ԱՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Հունան Թադևոսյանը։

Մինչ կառավարության որոշումը խորհրդարան կհասնի, գործադիրից այս մասով նաև տեղեկացնում են՝ աշխարհի զարգացած երկրների ճնշող մեծամասնությունն է այս տարբերակը կիրառում․ իր քաղաքացիներին տրամադրվող անձնագրերում որպես ծննդյան վայր նշում է ոչ թե պետությունը, որտեղ ծնվել է տվյալ անձը, այլ ծնվելու քաղաքը, ավանը կամ շրջանը, որոշ երկրներ՝ նաև պետությունը:

Back to top button