ԿարևորՀասարակություն

Ոստիկանության կարմիր գիծը․ երբ է արդարացված ուժի կիրառումը

Էդուարդ Հովհաննիսյան
«Ռադիոլուր»

Համացանցում երեկ տեսանյութ տարածվեց, որտեղ Ոստիկանությունը երեխաների ներկայությամբ ուժ է կիրառում նրանց հոր նկատմամբ և փորձում բերման ենթարկել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին, Կուրղինյան 3/15 հասցեում։ Ըստ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության՝ ոստիկաններն այցելել էին նշված հասցե քաղաքացու  կառուցած ինքնակամ շինությունը քանդելու համար։ Ոստիկանությունն այլ պարզաբանումներ չի տալիս, հայտնում է, որ դեպքի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ հայտնում են ոստիկանությունից։ Միջադեպը իրավապաշտպանները մտահոգիչ են համարում։

Այո, քաղաքացին պետք է ծանուցումով ներկայանա, բայց չներկայանալն ուժի կիրառում չի ենթադրում՝ ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով  համացանցում երեկ հայտնված տեսանյութին ու  ոստիկանների  գործողություններին ։

«Որքան հիշում եմ, եթե  2 անգամ ծանուցելուց հետո քաղաքացին չի ներկայացել, ոստիկանները նոր կարող են բերման  ենթարկելու որոշում կայացնել և դրանով բերման ենթարկել։ Ոչ թե վայրենի ու բարբարոսական ձևով։ Մենք հեռուստատեսությամբ նույնպես տեսնում ենք, թե ինչպես է ոստիկանությունը ընդդիմադիրներին բերման ենթարկում․ դիմակներով, ինքնահաստատվելու ձգտմամբ, որը ոստիկանության մոտ շարունակվում է։ Նշանակություն չունի՝ ով է դիմացինը, այդպես չի կարելի»։

Համացանցում երեկ հրապարակված տեսանյությում երևում էր, թե ինչպես են ոստիկանները ուժի կիրառմամբ փորձում բերման ենթարկել մի տղամարդու։ Այդ իրավիճակը տեղի է ունենում նրա երեխաների ներկայությամբ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին, Կուրղինյան 3/15 հասցեում։ Ոստիկաններն այցելել էին նշված հասցե՝ քաղաքացու կողմից կառուցված ինքնակամ շինությունը քանդելու համար։

Ոստիկանությունը միջադեպն առայժմ  չի մեկնաբանում, հայտնում է, որ դեպքի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն։

 «Ոստիկանության մասին»  օրենքի հոդվածներից մեկի  համաձայն՝ Ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն  ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա:  Հոդվածներից մյուսով էլ ամրագրվում  է, որ օրենքով սահմանված կարգով և դեպքերում ոստիկանությունը պարտավոր է կանխել և խափանել հանցագործություններն ու այլ իրավախախտումները, բերման ենթարկել հանցանք կամ վարույթ պահանջող այլ իրավախախտում կատարած անձանց, նրանց, ովքեր առանց հարգելի պատճառների խուսափում են ներկայանալուց։

Միջադեպի առիթով ոստիկանապետի հետ այսօր զրուցել էր նաև ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Ես քիչ առաջ խոսեցի ոստիկանապետի հետ։ Վերջինս պարզաբանեց, որ այդ առիթով ոստիկանությունում ծառայողական քննություն է իրականացվում և կպարզվեն հանգամանքները։ Առաջացած վիճաբանությունը եղել է ապօրինի շինարարության թեմայով։ Քաղաքացու հետ իրավապահների և քաղաքային իշխանության բախման պատճառը  դա է եղել»։

Հանձնաժողովի նախագահը դատապարտելի է համարում  ոստիկանության նման գործելաոճը։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը կարծում է, որ միջադեպը պետք է քննության առարկա դառնա։

Իսկ հարցին,  թե ինչպիսինն է այլ երկրների ոստիկանական համակարգերի մոտեցումը նման իրավիճակներում, իրավապաշտպան այսպես է արձագանքում․

«Դուք կարծո՞ւմ եք՝ մեր օրենքները ասում են, որ պետք է ուժ գործադրել։  Ես դրսում հարցրեցի ոստիկանությանը՝ արդյո՞ք քաղաքացիների նկատմամբ ճիշտ է նման վերաբերմունքը , իրենք ապշեցին պարզապես այդ հարցից»։

Միջադեպը ֆիքսել են նաև գլխավոր դատախազությունում: Կառույցից տեղեկացնում են, որ տեսանյութն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ոստիկանների գործողությունների իրավաչափությունը պարզելու և իրավական գնահատականներ տալու նպատակով:

Ցուցադրել ավելի
Back to top button