ԿարևորՏնտեսական

Նոր վարկանիշ եւ ռեկորդային հարկեր․ կառավարության լավատեսությունը տնտեսագետները չեն կիսում

Standard & Poor’s  միջազգային գործակալությունը վարկանիշ է շնորհել Հայաստանի Հանրապետությանը։ Առաջին տարին է, որ Standard & Poor’s կազմակերպությունը վարկանշել է Հայաստանին և շնորհել է արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման B+ սուվերեն վարկանիշ՝ դրական հեռանկարով։ Ըստ  ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի՝ սա նշանակում է, որ Հայաստանում տնտեսական վիճակի բարելավվման ուղղված գործոնները գերակշռող են, և առաջիկա 12 ամսվա ընթացքում կարող են բերել Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացմանը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նկատել է, որ Standard & Poor’s –ի կողմից առաջին անգամ ՀՀ կառավարությանը վարկանիշ շնորհելու իրադարձությունն ունի ռազմավարական նշանակություն: Կառավարությունում տնտեսական որոշ այլ կարեւոր ցուցանիշեր էլ  են հնչել։

Ռեկորդային 1 տրիլիոն 137 միլիարդ դրամ․ թիվը հնչեցնում է ՊԵԿ նախագահ ՝ խոսելով այս տարվա առաջին 9 ամսում պետբյուջեի եկամուտների մասին։ Որպես համեմատություն՝ 2019-ի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը 1 ,79 տրլն էր, 2020-ին՝ 1, 16 տրլն։ Ռուստամ Բադասյանը մատնանշում է փոփոխությունները.

«2021 թվականին 2019 թվականի համեմատ ավելի է հավաքագրվել 58,1 միլիարդ դրամ, աճը կազմում է 5,4 տոկոս։ Այս ցուցանիշը՝ 1 տրիլիոն 137 միլիարդ դրամը, ռեկորդ է՝ 9 ամիսների հաշվարկմամբ։ Այսինքն, պետբյուջեի եկամուտները 9 ամսվա հաշվարկով երբեք այսքան ավելին չեն եղել»։

Պետբյուջեի եկամուտների նման բարձր ցուցանիշը ՊԵԿ նախագահը տարբեր գործոններով  է պայմանավորում։ Մի կողմից  աշխատատեղերը և աշխատավարձերն են ավելացել, մյուս կողմից էլ գնաճ է գրանցվել։ Հայաստանում աշխատատեղերի թիվը եղել է 642 հազար, հարկային բազան՝ 139 մլրդ դրամ, իսկ միջին աշխատավարձը՝ 216 հազար  դրամ: «Այս թվերը նույնպես զգալիորեն ավելի բարձր են, քան 2019 և 2020 թվականներին: 2019 թվականի 9 ամիսների համեմատ ՀԴՄ կտրոնների և հաշվապահական փաստաթղթերի գործարքների աճը կազմել է 24%:

«Ակնհայտ է, որ բոլոր ցուցանիշերով կա աճ։ Այսինքն՝ մեկ աճ չի, որ նպաստել է ընդհանուր թվի ձևավորմանը։ Ես ևս  երկու կարևոր ցուցանիշ հրապարակեցի։ Մեկը՝ հաշվարկային փաստաթղթերի քանակն է, որն աճել էր թե գումարային, թե ընդհանրապես գործարքների քանակով։ Այսինքն՝ ես սա ավելի շատ կապում եմ տնտեսական որոշակի ակտիվության հետ, որը վերականգնվում է, և 2019 թվականի ցուցանիշերից ավելի վերև է բարձրանում։ Ինչ վերաբերում է գնաճին, միանշանակ  որոշակի ազդեցություն ունիև դա ամենևին չի կարելի գերագնահատել և պետք է նկատի ունենալ, որ բոլոր մյուս ցուցանիշերն աճում են, և դա ավելի խորը մասնագիտական գնահատականի է արժանի»։

Եթե հետագա 2-3 տարում Հայաստանում տնտեսական աճի սպասումներն արդարացվեն, արտաքին խոցելիությունը նվազի, և բյուջեի կատարողականը լինի սպասվածից դրական, դա կբերի երկրի սուվերեն վարկանիշի հետագա բարելավման՝ կարծում են Standard&Poors միջազգային վարկանշային գործակալության փորձագետները։ Standard&Poors-ն առաջին անգամ վարկանշել է Հայաստանի կառավարությանը և շնորհել արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ։ Ըստ այդմ՝ չնայած արտաքին էական ճնշումներին, Հայաստանը հաղթահարել է համավարակի և ռազմական կոնֆլիկտի հետևանքները՝ առանց վտանգելու երկրի տնտեսական կայունությունը՝  միջազգային մասնագետների գնահատումներն է փոխանցում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Standard&Poors-ն ակնկալում է, որ կառավարության 5-ամյա ծրագրով տնտեսական աճն ավելի կարագանա: Ինչ կտա այդ վարկանիշը Հայաստանին․ Խաչատրյանը խարզաբանում է՝ նախ էժան վարկեր ստանալու նոր հնարավորություն։

«Այս վարկանիշի հիմնական առանձնահատկությունը այն է, որ մեր մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունները, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպություններն ավելի մատչելի միջազգային վարկանիշ ստանալու հնարավորություն են ստացել, ու դրանով թե հայաստանյան, թե արտաքին շուկաներում ավելի հարմար և հասանելի պայմաններով ֆինանսական միջոցներ են կարողանալու ներգրավել»։ 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համոզմամբ՝ Standard&Poors-ի տված վարկանիշն ունի ռազմավարական նշանակություն, այն կարող է նպաստել թե ներքին, թե արտաքին կապիտալի շուկայի ներքին ձևավորմանը։ Սա առաջին հրթին ներդրողներին վստահություն կներշնչի, որ արժե իրենց բիզնես-գաղափարներն ուղղել այս շուկային՝ ասում է։

«Սա, իրոք, շատ կարևոր իրադարձություն է։ Համեմատելով կամ ի լրումն «Մուդիսի» և «Ֆիթչի» գնահատականների՝ սա հետևյալ արտոնությունն ունի. կա պրակտիկա, որ դիվերսիֆիկացված գնահատականները շատ ավելի մեծ հուսալիություն են տալիս ներդրողներին, և, ընդհանրապես, շուկայի մասնակիցներին։ Որքան շատ լինեն հեղինակավոր գործակալությունների կողմից վարկանշավորումները, այնքան շուկան համարվում է ավելի ճշգրիտ և դիվերսիֆիկացված։ Մի բան է, որ մեկ վարկանիշ շնորհող կազմակերպություն է խոսում դրա մասին, մեկ այլ բան է, երբ տվյալ դեպքում երեք առաջատար վարկանիշ շնորհող կազմակերպություններ տվել են գնահատականներ, որոնք բավական սիմետրիկ են»։

Փորձագիտական դաշտում, սակայն, նույնքան լավատես չեն, որքան կառավարությունում։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն այստեղ ավելի շատ մտագոհիչ, քան դրական  միտում է տեսնում։ Կառավարության մատնանշած նոր հնարավորությունները կարող են նոր վարկերի ներգրավման հնարավորություններ ստեղծել։ Թեեւ այդ վարկերը կարող են շուկայականից ավելի ցածր տոկոսադրույքներ ունենալ, ամեն դեպքում դրանք ավելացնելու են երկրի արտաքին պարտքի բեռը։

«Ըստ էության՝ Հայաստանը դիտվում է բավականին հարմար երկիր՝ պարտք տալու տեսանկյունից։ Դրա վառ ապացույցն այս տարվա 750 մլն դոլարի պարտքն էր։ Մեր կառավարությունը, ըստ էության,  ֆինանսական տեսանկյունից  վերահսկողությունից դուրս է»։

Փորձագետը կարծում է , որ այս հանգամանքից փորձում են օգտվել նաև միջազգային ֆինանսական ինստիտուտները, խոշոր ներդրողները՝ դրանով  Հայաստանին նստեցնելով «պարտքային ասեղի» վրա։ Մասնագետները նկատում են՝ դրանից զգուշանալ է պետք՝ շեշտը դնելով երկրի ներդրումային գրավչության վրա։

Ցուցադրել ավելի
Back to top button