ԿարևորՀասարակություն

Նախատեսվում է երկարաձգել հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել  «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման և միևնույն ոլորտը կարգավորող իրավական ակտերի միջև առկա անհամապատասխանությունները վերացնելու անհրաժեշտությամբ: Նախագծի նախապատրաստման համար հիմք է հանդիսացել նաև ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականը, ինչպես նաև գործնականում օրենքի կիրառության ընթացքում ի հայտ եկած որոշ խնդիրներ լուծելու նպատակ:

Մասնավորապես, միջին մասնագիտական ծրագրով վարժարաններում և այլ ուսումնական հաստատություններում ուսանող կամ արդեն իսկ  պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիներին ավելի երկար վավերականության ժամկետով անձնագրեր տրամադրելու անհրաժեշտություն կա։

Միաժամանակ, 2017թ-ի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված ներկայումս աշխատանքներ են տարվում հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման արդիականացված ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման նպատակով տեխնիկական առաջադրանք մշակելու, ինչպես նաև պայամանգիր կնքելու իրավունք շնորհելու համար գնման ընթացակարգի մրցույթ հայտարարելու ուղղությամբ։

Օրինագծերով նախատեսվում է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներով սահմանված՝ ՀՀ կառավարության 1998 թ. դեկտեմբերի 25-ի համապատասխան որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել՝ 2022 թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը՝ ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու նպատակով։

Նախագծերով առաջարկվում է նաև բուժհաստատություններում գտնվող անգիտակից կամ հիշողությունը, կամ շարժելու ունակությունը ժամականավորապես կորցրած անձանց համար սահմանել անձնագիր (նույնականացման քարտ) ստանալու հնարավորություն` մերձավոր ազգականների (մասնավորապես հայր, մայր, ամուսին, զավակ, քույր, եղբայր, տատ, պապ)դիմումի կամ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա՝ համապատասխան հիմնավոր փաստաթղթերի առկայության պայմաններում։ Ընդ որում, անձնագիր (նույնականացման քարտ) ստանալու համար ընտրվել է քաղաքացու փոխարեն դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների նեղ շրջանակ (միայն մերձավոր ազգականներ կամ բժշկական հաստատության ղեկավարի գրություն)՝ անձը հաստատող փաստաթուղթն այլ նպատակով օգտագործելու հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով։

Նախագծերով առաջարկվող մյուս փոփոխությունը պայմանավորված է պրակտիկայում առկա այն խնդրով, որ ներկայումս ՀՀ քաղաքացու անձնագրի (նույնականացման քարտի) մեջ ծննդյան վայրը դաշտում նշվում է այն պետությունը, որի տարածքում քաղաքացին ծնվել է: Այս մոտեցումը առաջացնում է խնդիրներ այն դեպքերում, երբ քաղաքացու ծննդյան վայրը Հայաստանի Հանրապետության կողմից չճանաչված պետություն է կամ միջազգայնորեն վիճարկելի տարածք:

Գործնականում բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքացին դիմում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ ծննդյան վայրը փոխելու նպատակով, քանի որ ՀՀ քաղաքացու անձնագրում (նույնականացման քարտում) որպես ծննդավայր որևէ պետության նշումը նրա համար խնդիրներ է առաջացնում օտարերկրյա այլ պետություններում իր իրավունքներն իրացնելիս:

Հարցը քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ, որտեղից ստացվել է միջազգային փորձի վերաբերյալ ուսումնասիրություն առ այն, որ աշխարհի զարգացած երկրների ճնշող մեծամասնությունն իր քաղաքացիներին տրամադրվող անձնագրերում որպես ծննդյան վայր նշվում է ոչ թե պետությունը, որտեղ ծնվել է տվյալ անձը, այլ ծնվելու քաղաքը, ավանը կամ շրջանը, որոշ երկրներ՝ նաև պետությունը: Այս դիրքորոշման ձևավորման հիմքում դրվել է այն  հանգամանքը, որ հաշվի առնելով միջազգային չափանիշները, ցանկացած այնպիսի դեպքում, երբ «ծննդյան վայրը» դաշտում կոնկրետ պետություն նշելը խնդրահարույց է կամ որևէ այլ հիմնավոր կամ ակնհայտ պատճառով նպատակահարմար չէ, պետությունները քաղաքացիների անձնագրում նշում են միայն անձի ծննդյան քաղաքը, ավանը, գյուղը կամ շրջանը` հիմք ընդունելով այդ փաստը հավաստող փաստաթուղթը (ծննդյան վկայական, օտարերկրյա անձնագիր, այլ փաստաթուղթ):

Արդյունքում, առաջարկվել է ՀՀ օրենսդրության մեջ ևս կատարել համապատասխան փոփոխություններ` քաղաքացուն հնարավորություն ընձեռելով իր ցանկությամբ որպես ծննդավայր նշել այն տարածքը, որտեղ ծնվել է, ինչն էլ հիմք է հանդիսացել սույն հոդվածով նախատեսվող օրենսդրական փոփոխության համար։ Նախագծերով առաջարկվող այլ փոփոխություններով լուծումներ են նախատեսվում իրավակիրառ պրակտիկան և գործող օրենսդրությունը համապատասխանեցնելուն:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացու անձնագիրը իրավակիրառ պրակտիկայում վերադարձվում է ոչ թե համեմատելուց անմիջապես հետո, ինչպես նշված է գործող օրենքում, այլ հին անձնագիրը նորով փոխարինելիս` այն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում մուտքագրվելուց հետո ճանաչվում է անվավեր, դակվում է և վերադարձվում է քաղաքացուն վերջինիս ցանկությամբ միայն նոր անձնագիրը տրամադրելու հետ միաժամանակ:

Միաժամանակ, այս փոփոխությամբ քաղաքացուն անվավեր ճանաչված և դակված անձնագիրը չի վերադարձվում, եթե այն կեղծ է եղել կամ ձեռք է բերվել ՀՀ օրենսդրության խախտմամբ: Բացի այդ, նախագծով առաջարկվում է լիազորություն վերապահել ՀՀ ոստիկանությանը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հիմնավորված միջնորդության հիման վրա ավելի երկար վավերականության ժամկետով անձնագրեր տրամադրել նախազորակոչային, զորակոչային տարիքի կամ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող արական սեռի ՀՀ քաղաքացիներին: 

Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ հաճախ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձը օտարերկրյա պետություններում անցկացվող սպորտային, մշակութային, զինվորական կամ այլ միջոցառումների մասնակցելու համար հնարավորություն չի ունենում դուրս գալ ՀՀ տարածքից, քանի որ անձնագիրը տրամադրվում է մինչև 18 տարին լրանալը:

Ցուցադրել ավելի
Back to top button